Ռուսաստանից Հայաստան ուղարկվող փողն ապրիլին ավելացել է
Այս տարվա ապրիլին արտերկրից Հայաստան կատարված մասնավոր տրանսֆերտները կազմել են 69,1 միլիոն դոլար: Դրանք այն փոխանցումներն են, որոնք արվում են ոչ առևտրային նպատակներով: Դրանց մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը, որոնց ուղարկած գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են:
Չնայած որ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ այս ցուցանիշը մոտ 26 մլն դոլարով ցածր է, բայց այս տարվա առաջին երեք ամիսների համեմատ ամենաբարձրն է: Նախորդ ամսվա համեմատ տրանսֆերտների ծավալն ավելացել է 17,3 մլն դոլարով, իսկ հունվարի համեմատ՝ 32,3 մլն դոլարով: 2014-ի ապրիլի համեմատ զգալի ցածր է՝ 33 մլն դոլարով:
Այս տարեսկզբի համեմատ Հայաստան կատարված մասնավոր տրանսֆերտների ծավալի աճը պայմանավորված է Ռուսաստանում դոլարի նկատմամբ ռուբլու կայունացմամբ, քանի որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստան եկող տրանսֆերտների հիմնական աղբյուրն ու ուղարկվող փողը հենց ռուբլով է: Ուստի՝ այդ երկրի տնտեսական վիճակը մեծ ազդեցություն է ունենում ուղարկվող տրանսֆերտների վրա: Եթե փետրվարի դրությամբ 1 դոլարն արժեցել է 68,9 ռուբլի, ապա այսօրվա դրությամբ, ըստ ՌԴ կենտրոնական բանկի, 52,8 ռուբլի է, այսինքն՝ ռուբլին արժևորվել է, ինչը դրական ազդեցություն է թողել Ռուսաստանի տնտեսության վրա, հետևաբար նաև՝ այնտեղ աշխատող հայերի վարձատրության վրա:
Ապրիլին Ռուսաստանից Հայաստան ուղարկված տրանսֆերտները կազմել են 54,4 մլն դոլար, իսկ ԱՄՆ-ից ուղարկվել է 7,1 մլն դոլար: Ռուսաստանից ստացված տրանսֆերտները, մարտի համեմատ, ավելացել են 14,7 մլն դոլարով, իսկ 2014-ի ապրիլի համեմատ՝ նվազել 37,5 մլն դոլարով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել