HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Էլեկտրահարում ռուսական ձևով. կամ Բիբինի լուռ հաղթանակը

ՀՀԿ խմբակցության հետ փակ հանդիպումից հետո «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը հեռացել է՝ առանց ՀԷՑ-ում ստեղծված ճգնաժամային վիճակի և էլ. էներգիայի սակագնի բարձրացման մասին   լրագրողների որևէ հարցի պատասխանելու: Նրա փոխարեն խոսել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով հայտնել է որ չնայած Բիբինին ներկայացրել են իրենց մտահոգությունները, սակայն, նրանից սակագնի բարձրացման հիմնավորումներ չեն ստացել: «Ինքն առայժմ հիմնավորումներ չտվեց: Ինձ թվում է, որ հետևություններ կանեն, կգնան և կմտորեն այդ ուղղությամբ»,-ասել է ԱԺ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչը:

Հետաքրքիր է՝ ինչո ՞ւ է Բաղդասարյանը համոզված, որ Բիբինը գնալու է մտորի և դեռ համապատասխան հետևություններ էլ անի: Եթե ՀԵՑ-ի սեփականատեը հանդիսացող ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը հետևություններ անող լիներ, Բիբինը գոնե հոգ կտաներ քաղաքական իշխանությունը ներկայացնող խմբակցությանը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման քիչ թե շատ համոզիչ հիմնավորումներ ներկայացնելու մասին: Դատելով Բաղդասարյանի տարակուսանքից՝ կարելի է ասել ճիշտ հակառակը. Բիբինը եկել էր հանդիպման ասելու, որ ոչինչ չունի ասելու, որ սակագնի բարձրացման որոշումը անփոփոխելի է՝ անկախ դրա հիմնավորվածությունից, և որ եթե կա մտորելու, հետևություններ անելու խնդիր, ապա այդ խնդիրն ունի ոչ թե ինքը, ՀԷՑ-ը կամ էլ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը, այլ Հայաստանի իշխանությունը և Հայաստանն առհասարակ: Այլ կերպ ասած՝ նա եկել էր ասելու, որ թքած ունի նրա վրա, թե ինչ կարծիք ունի հայաստանյան հասարակությունը էլեկտրաէներգաիայի սակագնի թանկացման իրենց հայտի վերաբերյալ, ինչպես դա կարող է անդրադառնալ քաղաքացիների սոցիալ-կենցաղային վիճակի, երկրի տնտեսության վրա և առավելևս թքած ունի այդ կապակցությամբ խորհրդարանական մեծամասնության ինչ-որ մտահոգությունների վրա: Իրենք ներկայացրել են թանկացման հայտը, ուրեմն այն պետք է բավարարվի՝ առանց  ավելորդ ձևականությունների: Եթե հայկական կողմն ունի մանևրելու տեղ, ապա ընդամենը թանկացման չափի հարցում, այն էլ՝ որպեսզի փակի հասարակության բերանը, կանգնեցնի դժգոհության աճող ալիքը: Եվ կարծես թե Բիբինի այս լռելյայն ուղերձները հայաստանյան իշխանությունն ընկալել է՝ նույնիսկ ՀՀԿ-ի կազմակերպած այս քննարկումից էլ առաջ:

Դեռ Բիբինը չէր հասցրել փակ քննարկումից դուրս գալ, երբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, թե էլեկտրաէներգիան, այնուամենայնիվ, կթանկանա: Այսինքն՝ դեռ նույնիսկ ՀԷՑ-ի հիմնավորումները չստացած, դեռ համապատասխան ուսումնասիրությունների արդյունքները հանրությանը չներկայացրած՝ ՀԾԿՀ-ն արդեն որոշել է, որ էլեկտրաէներգիայի թանկացումն ունի օբյեկտիվ հիմք: Եթե Բիբինն ավելի շուտ տեղյակ լիներ, որ Նազարյանն այսօր նման հայտարարություն կանի, կարող էր նույնիսկ քննարկմանը չգնալ՝ փոխարենն այնտեղ գործուղելով իրենց շահերը այդքան հաջող կրծքով պաշտպանող գրասենյակի՝ ՀԾԿՀ-ի նախագահին: Վերջինս, գոնե ավելի պրոֆեսիոնալ կարող էր ՀԷՑ-ի կողմից ներկայացված սակագնի բարձրացման հայտնի հիմնավորումները բերել:

Երբ վերահսկող պետական մարմինը նման կանխակալ դիրքորոշում է հայտնում՝ փորձելով առաջիկա զարգացումներին նախապատրաստել հանրային կարծիքը, ռուսական ընկերությունից այլ վերաբերմունք, քան հայաստանյան հասարակության, քաղաքական մեծամասնության և առհասարակ պետականության նկատմամբ արհամարհանքը, չի կարող լինել: Բիբինը ՀՀԿ-ի քննարկմանը մասնակցել է ոչ թե իբրև ինչ-որ ընկերության գործադիր տնօրեն, այլ որպես Ռուսաստանից իր գաղութը ժամանած մետրոպոլիայի ներկայացուցիչ: Այս կարգավիճակը գիտակցում է ոչ միայն Բիբինն ինքը, այլ նաև նրան ընդունած քաղաքական ուժը: Դա է պատճառը, որ Բաղդասարյանը ոչ թե վրդովվում է ՀԷՑ-ի գործադիր տնօրենի պահվածքից, այլ ընդամենը հույս հայտնում, որ նա կգնա կմտորի, այսինքն գոնե բանի տեղ կդնի իրենց տեսակետները:

Այլևս կասկած լինել չի կարող, որ իշխանությունն առաջնորդվելու է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման տրամաբանությամբ: ՀՀԿ-ն, խորհդրակցության րավիրելով ՀԷՑ-ի գլխավոր տնօրենին, պարզապես հուսահատորեն փորձում էր մի վերջին անգամ համոզվել՝ ռուսական կողմը թողնո ՞ւմ է դրանից խուսափելու գոնե չնչին, տեսական հնարավորություն, թե ՞ ոչ: Եվ ռուսական կողմը նրան հասկացրեց, որ այդ հնարավորությունը չկա և որ ինչպես միշտ, ողջ պետական համակարգը, պետք է պարի իրենց միացրած երաժշտության տակ: Ռուսական կողմին նույնիսկ չի էլ հետաքրքրում, որ դրանով հարվածի տակ է դնում իշխանությանը, որը ստիպված է ոչ միայն իր, այլ նաև ՀԷՑ-ի փոխարեն բացատրություններ տալ պայթելու պատրաստ հասարակությանը:

Հիմա խնդիրն արդեն շատ պարզ է. թույլ տալո ՞ւ է իշխանությունը հասարակությանը՝ ՀԷՑ-ին պարտադրել իր կարծիքը, դրանով պաշտպանել առաջին հերթին Հայաստանի ինքնիշխանությունն ու արժանապատվությունը, թե ոչ: Ակնհայտ է, որ ինչպես միշտ, իշխանությունը կամ չի ցանկանում կամ չի կարողանում դիմադրել ռուսական էքսպանսիային: Նման իրավիճակում խորամանկ իշխանությունը գոնե փորձում է դիմադրել հասարակության միջոցով՝ բացահայտ կամ թաքուն խրախուսելով հանրային բողոքի ակցիաները, իր համախոհությունը ներքին կարգով նրան հայտնելով: Այսինքն թեկուզ արհեստականորեն, իշխանությունը հասարակությանը դարձնում է քաղաքական գործոն և դնում նման էքսպանսիային դիմակայելու առաջին գծում: Բայց նման համոզմունք ունենալու որևէ հիմք չկա: Եվ սա ունի իր նախադեպը: 2013-ի դեկտեմբերին, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Սերժ Սարգսյանի կողմից ԵՏՄ-ին միանալու հայտարարությունը կորզելուց հետո հաղթական այցն էր կատարում Գյումրի (ոչ թե Հայաստան՝ ի դեմս ՀՀ-ի մայրաքաղաք Երևանի, այլ հենց իր ռազմական հենակետը, ֆորպոստը հանդիսացող Գյումրի), ՀՀ ոստիկանները աճապարանքով ցրում էին այն մի քանի քաղաքացիներին, ովքեր, ի նշան Հայաստանի՝ ԵՏՄ մտնելու ռուսական պարտադրանքի դեմ բողոքի, Երևանում փողոց էին դուրս եկել:

Այնպես որ ամեն ինչ թվում է չափից ավելի կանխատեսելի՝ նաև այս հարցում: Անկանխատեսելին դրան հասարակության հարմարվել-չհարմարվելու հարցն է...

Մեկնաբանություններ (3)

մի նեղացեք բբիններից
Էշին բարձում են այնքան ինչքան ուզում են, մինչեւ ոտքերը չռվի ու բեռի տակ սատկի: Հեց - էրն ու Տեց - էրը բիբիններին ծախած անասուններին պիտի մեջտեղ քաշ տալ ու ..-երը պրեսի տակ դնել - որպես երկրի ուղղակի դավաճանների:
President
Ժամանակինի մի վարչապետ ունեինք, ատոմակայանը ռուսներին տալու կապակցությամբ ասաց. : Երկիրը կառավարել ու կառավարում են տաքսի սերվիզի նման: Հիմա էդ ռուսից ի՞նչ եք սպասում, որ ի՞նչ բացատրի: Իրենց ներկայացրած սակագնի հայտը լրիվ բավարարվելու է:
ՀԷՑ-ի նախկին աշխատող
ինչ տրամացանության ենք հանգո՞ւմ կարդալով ՀԷՑ-ի մասին տեղեկատվություն՝ պարտքեր, չարաշահում, սնանկություն, դատական պրոցես, նաեւ՝ ահազանգ Տաշիրի ՌԻՕ մարկետների ահաբեկչության եւ այլնի մասին... արդյոք ՀԷՑ-ի ղեկավարությունը թալանից հետո այլ քայլերի է գնո՞ւմ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter