HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Հասարակության ջերմաստիճանը գնալով բարձրանում է»

«Հետքի» հարցերին պատասխանում է Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը:

Այս օրերի պաշտոնաթողություններից ու կուսակցական գզվռտոցներից հասարակությունն օգտվու՞մ է, թե՞ տուժում:

Այդ հարցի պատասխանը կարող ենք ստանալ փորձի ճանապարհով: Պետք է տեսնենք՝ այդ գործողությունների արդյունքում հասարակ քաղաքացին օգտվե՞ց, թե՞ տուժեց: Նախօրեին էլ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման շրջանակներում հենց ուղերձս դրան էր վերաբերում, որ հարգելիներս քաղաքական ձեր հավակնությունները ծառայացրեք այն նպատակին, որ քաղաքացին դրանից չտուժի: Ո՞նց են աշխատում բժիշկները` «Մի վնասիր» սկզբունքով: Գոնե չվնասեն: Քաղաքական, հասարակական գործիչների համար քաղաքական մտածելակերպ պետք է լինի, մոդելը սա է, եւ ոչ թե իրենց շահերի համար հասարակությանը տանեն բախման:

Իսկ այսօրվա քաղաքական գործողություններով հասարակությանն արդյոք չե՞ն վնասում:

Ցանկությունը կա, բայց միշտ չի լինում, որ գործողությունները համընկնում են ցանկություններին:

Երեկվա «Ուրվագիծ» հաղորդմանը Ձեր հայտարարությունները բուռն մեկնաբանությունների առիթ են տվել, եւ կայքերից մեկը գրել է, որ Դուք տանիք եք փնտրում ՀՀԿ-ում: Արդյոք այդպե՞ս է:

Կարդալով lragir.am-ում հրապարակված տեղեկությունը՝ իմ պարտքը համարեցի զանգահարել խմբագրին եւ տեղեկացնել, որ իրենց հրապարակած մեկնաբանությունը այնքան էլ չի համապատասխանում իմ ասածներին: Ես մտահոգություն եմ ունեցել հասարակության խնդիրների հետ կապված, ոչ թե գործողությունների ծրագիր եմ իրականացրել՝ ինչ-որ տեղում բան գտնելու համար, դա իմը չէ: Ես ունեմ մի նպատակ: Այն գործողությունները, որ կարող են վնասակար լինել մեր քաղաքացիների, հանրապետության համար, չարվեն: Իմ խոսքերն ուղղել եմ քաղաքական էլիտային, որ իրենց գործողություններով չվտանգեն մեր երկիրը: Գուրգեն Արսենյանը Ձեզ պաշտոնապես տեղեկացնում է, որ ինքը պետական պաշտոն զբաղեցնելու որեւէ ցանկություն չունի: Գուրգեն Արսենյանը զբաղվում է հրապարակային քաղաքական գործունեությամբ, եւ նպատակն է, որ քաղաքացիները լինեն պաշտպանված, հանգիստ զբաղվեն իրենց կենսական խնդիրների վերաբերյալ մտորումներով, թե ոնց անեն, որ ավելի լավ աշխատեն ու ավելի լավ ապրեն:

Բայց Դուք ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեք, իսկ քաղաքական գործիչն էլ պաշտոնի պետք է ձգտի, չէ՞:

Եթե հասարակությունը կգտնի, որ մեր ծրագրերը համապատասխանում են իրենց իղձերին, այդ ժամանակ էլ, իր ձայնը մեզ տալով, կպարտավորեցնի, որ մենք մի կողմ դնենք մեր ցանկությունները: Ես Գուրգեն Արսենյանի անձի ցանկությունների մասին էի ասում: Երբ հասարակությունն իր քվեով ասի, որ պարոն Արսենյան, հերիք է ապրես քեզ դուր եկող կյանքով, մի քիչ էլ զբաղվի այն խնդիրներով, որը մեզ է պետք, դա արդեն ուրիշ հարց է:

Իսկ Դուք ՀՀԿ-ի հետ համագործակցության եզրեր գտնու՞մ եք, կամ ՀՀԿ-ի ցուցակով առաջ գնալու ցանկություն կա՞:

Միավորված աշխատանքային կուսակցության նախագահն եմ, եւ եթե ՀՀԿ-ի ցուցակով Գուրգեն Արսենյանը կուսակցության առաջընթացի խնդիր ունենա, ինքն արդեն կուսակցության նախագահ չի: Չկա ավելի կուսակցական պոստ, ես արդեն այդ պոստը զբաղացնում եմ:

Բայց ԺԱԿ կուսակցության նախագահ Սպարտակ Մելիքյանն այդպես արեց նախորդ ընտրությունների ժամանակ եւ ընդգրկվելով ՀՀԿ-ի ցուցակում՝ դարձավ պատգամավոր:

Այդ ցուցակով Սպարտակ Մելիքյանը դարձավ պատգամավոր, ոչ թե կուսակցական պոստ զբաղեցրեց: Նա էլի մնաց կուսակցության նախագահ: Ազգային ժողովը մի մարմին է, որտեղ հասնում է ժողովրդի ձայնը: Եթե ՀՀԿ-ն եւ ԺԱԿ-ի նախագահ Սպարտակ Մելիքյանը գտան, որ պետք է այդ ներկայացվածությունը, դա իրենց որոշումն էր: Դա երեւի երկուսին էր պետք, որ Սպարտակ Մելիքյանի պես կիրթ մարդը պատգամավոր դառնա:

Իսկ ի՞նչ կանխատեսումներ ունեք՝ նախընտրական տարվա հետ կապված:

Միանշանակ նախընտրական փուլ է սկսվել, եւ որպես կանոն բարձրանում է հասարակության ջերմաստիճանը եւ չի իջնում: Հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ այս նախընտրական շրջանը բաղկացած է երկու փուլից` խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից: Հասարակության քաղաքական ջերմաստիճանի իջեցում կտեսնենք 2013 թ. ամռանը: Հիմա գնալով բարձրանալու է ջերմաստիճանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter