Հայ-չեխական տնտեսական կապեր. թույլ հիմքեր` զարգացման համար
Վերջին օրերին պաշտոնական մակարդակով քննակվում է հայ-չեխական տնտեսական կապերի խորացման հարցը։ Առիթը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցն է Չեխիայի Հանրապետություն։ Վարչապետի գլխավորած պատվիրակությունը հունիսի 1-ին ժամանել է Պրահա։ Նա հանդիպումներ է ունեցել չեխ պաշտոնյաների հետ: Կայացել է նաև հայ-չեխական գործարար համաժողովը, որի ժամանակ Հովիկ Աբրահամյանը, բացի ներկա բարեկամական սերտ կապերի խորացումը, կարևորել է նաև երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնումը։ Նա շեշտել է, որ Հայաստանն այսօր գրավիչ երկիր է գործարար միջավայրի տեսանկյունից և ստեղծել է արտահանման ներուժ ունեցող ոլորտներում ներդրումները խթանելու գործուն համակարգ:
Որքանով նման հանդիպումներն ու համաժողովները կարող են տնտեսական կապերին զարկ տալ, ցույց կտա ժամանակը։ Իսկ թե ինչ հիմքի վրա կարող են խորանալ այդ կապերը (եթե, իհարկե, խորանան), ցույց է տալիս ներկա վիճակագրությունը։ Իրականում, այսօրվա դրությամբ հայ-չեխական տնտեսական կապերը թույլ մակարդակում են։
Որպես առևտրային գործընկեր՝ Հայաստանը Չեխիայի համար ներմուծողի դերում է
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ 2014 թվականին Հայաստանի և Չեխիայի միջև առևտուրը կազմել է մոտ 21,26 մլն դոլար։ Այսինքն՝ այս երկիրը Հայաստանի առևտրային գլխավոր գործընկերների շարքում չէ և զբաղեցնում է արտաքին առևտրի միայն 0,4%-ը։ 2013-ի համեմատ նախորդ տարի Հայաստան-Չեխիա առևտուրը նվազել է 28,2 %-ով՝ հիմնականում ի հաշիվ Հայաստանից այս երկիր կատարված արտահանման ծավալների կտրուկ նվազման։
Նախորդ տարի Հայաստանը Չեխիա է արտահանել ընդամենը 1,44 մլն դոլարի ապրանք՝ 2013-ի 8,437 մլն դոլարի դիմաց։ Նվազումը կազմել է 82,9%: ՀՀ մաքսային ծառայությունից տեղեկանում ենք, որարտահանվել է հիմնականում ըմպելիք (920 հազ. դոլար), բժշկական ապարատ (135 հազ. դոլար) և ալյումինե նրբաթիթեղ (107 հազ. դոլար)։
Շատ ավելի լայն է ներմուծման տեսականին։ 2014-ին Չեխիայից Հայաստան է ներմուծվել 19,8 մլն դոլարի ապրանք։ 2013-ի համեմատ այն նվազել է 6,4 %-ով։ Մաքսային արժեքով համեմատաբար բարձր է համակարգիչների (մոտ 4,45 մլն դոլար), ապակե ամանեղենի և տան հարդարման իրերի (մոտ 1,124 մլն դոլար), բնահող և հանքանյութ լվալու, աղալու ու խառնելու սարքի (մոտ 1,55 մլն դոլար), էլեկտրական շարժիչների և գեներատորների (մոտ 1 մլն դոլար) ներմուծումը։ Ներմուծում ենք նաև լվացող, մաքրող միջոցներ, քարից և այլ հանքանյութից արտադրանք, հիդրոտուրբին, ջրային անիվ ու կարգավորիչներ, էլեկտրամագնիս, ավտոմեքենա և այլն, որոնց մաքսային արժեքը չի հասնում 1 մլն դոլարի։
Ստացվում է, որ որպես առևտրային գործընկեր՝ Հայաստանը Չեխիայի համար առայժմ ներմուծողի դերում է։ 2013-ին ունեցած արտահանողի փոքրդիրքն էլ կորցրել է նախորդ տարի։
Ունենք նաև այս տարվա ցուցանիշները։ Ըստ դրանց՝ այս տարվա հունվար-ապրիլին Հայաստան-Չեխիա առևտրաշրջանառությունը կազմել է 4,446 մլն դոլար։ 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է 27,1%-ով: Այս տարի Հայաստանից Չեխիա արտահանվել է ընդամենը 370 հազ. դոլարի ապրանք (նվազումը՝ 44,2%), ներմուծվել՝ 4 մլնդոլարի (նվազումը՝ 25%):
Չեխիան Հայաստանում ներդրումներ չի անում
«Վստահեցնում եմ ձեզ, որ յուրաքանչյուր ներդրումային ծրագրին պատրաստ ենք ցուցաբերել առանձնահատուկ' «ներդրողների կարիքների վրա հիմնված» մոտեցում: Ես սիրով հրավիրում եմ չեխ գործարարներին և չեխական ընկերություններին գործարարությամբ զբաղվելու Հայաստանում: Մենք հրավիրում ենք չեխական ընկերություններին ներդրումներ կատարելու Հայաստանում, մասնավորապես վերականգնվող էներգետիկայի, սննդի վերամշակման, զբոսաշրջության, ագրոբիզնեսի ոլորտներում»,- հայ-չեխական վերը նշված գործարար համաժողովին նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետը:

Պաշտոնական ներկա վիճակագրությունը փաստում է, որ Չեխիան Հայաստանում ներդրումներ չի անում, կամ դրանց ծավալն այնքան փոքր է, որ այն վիճակագրության մեջ առանձին չի ներկայացվում։ Այսինքն՝ Հայաստանի ներդումային միջավայրը, համենայնդեպս՝ առայժմ, չի հետաքրքրում Չեխիային։
Այսպիսով, հայ-չեխական տնտեսական կապերի խորացման համար այսօր թույլ հիմքեր կան։ Դրանց ընդլայնման ներուժը, ըստ ՀՀ վարչապետի, վերականգնվող էներգետիկայի, սննդի վերամշակման, զբոսաշրջության և ագրոբիզնեսի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում է։ Չեխական ընկերություններին կոչ է արվել Հայաստանում ներդրումներ անել հենց այդ ոլորտներում։
Իսկ հայ-չեխական առևտրաշրջանառությանը կարող է նպաստել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը, որով նախատեսվում է երրորդ երկրներից 750 ապրանքատեսակի համար ներմուծման արտոնյալ և ԵՏՄ երկրներից հումքի անմաքս ներմուծման իրավունքներ։ Բայց, այդ իրավունքները Հայաստանին ոչինչ չեն տա, եթե հայկական ապրանքները չդառնան ավելի մրցունակ Չեխիայում, եթե այդ երկիր ապրանք արտահանելու համար հայ գործարարները չստանան արտոնյալ պայմաններ և այլն։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել