
Ալավերդու ծերացած բարդիները թեթև քամիներից ընկնում են. վարորդները անհանգստանում են դրանց վտանգներից
Ալավերդի քաղաքի Երիտասարդական փողոցի եզրերին գտնվող ծերացած հսկա բարդիներից մեկն այսօր ժամը 15:00-ի սահմաններում ընկել է: Երջանիկ պատահականությամբ բարդու ընկելու հետևանքով տրանսպորտային երթևեկությամբ ծանրաբեռնված փողոցում դժբախտ պատահար չի գրանցվել: Այս փողոցի մեկ տասնյակից ավելի ծերացած բարդիների վտանգների մասին ալավերդցի վարորդները վաղուց են ահազանգում:
«Այս բարդիները տրանսպորտային երթևեկության համար ահավոր վտանգներ են ներկայացնում: Ես ուզում էի նույնիսկ քաղաքապետին ասել, որ մի օր կազմակերպենք, միացյալ ուժերով այս ճանապարհը փակենք, գործարանից մի հատ կռան բերենք ու էս ամբողջը կարգավորենք: Այս ծառերը շատ փխրուն են, վաղը մյուս օրը ուժեղ քամիներին բարդիները խայտառակ վիճակի առաջ են կանգնեցնելու վարորդներին: Եթե բարդիներից մեկն էլ ընկնի մեքենայի վրա, մեքենան կջարդի, կարող է և մահացու դեպք լինի» ,- դեռ ձմռանը մեզ հետ զրույցում զգուշացնում էր Ավետ Թամազյանը:
Շատերը մտածում էին, որ քաղաքի փողոցների ծառերի գարնանային էտման շրջանում «Ալավերդու բարեկարգում» ՍՊԸ-ն կհատեր Երիտասարդական փողոցի ծերացած բարդիները:
Սակայն պարզվում է Ալավերդու քաղաքապետարանի պատասխանատուները , այդ թվում նաև քաղաքապետարանի «Բարեկարգում» ՍՊԸ-ի տնօրեն Համլետ Միրզոյանը ի տարբերություն վարորդների, չեն նկատել վտանգը, կամ ուղղակի զլացել են կատարել իրենց պարտականությունները : Բանուկ փողոցի ծերացած ծառերի տրանսպորտային միջոցներին սպառնացող վտանգների մասին քաղաքապետարանին չի ահազանգել նաև ճանապարհային ոստիկանությունը: Քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը «Հետքին» հայտնեց, որ Երևանում է, սակայն տեղյակ է կատարվածին: Նա խոստացավ վերադառնալուց հետո զբաղվել փողոցի ծերացած բարդիների հարցով:
Մեկնաբանել