HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Լրագրող Ադրինե Թորոսյանն ընդդեմ թատերագետ Լևոն Մութաֆյանի. Պահանջը՝ հրապարակային ներողություն և 1 մլն դրամ

Լրագրող Ադրինե Թորոսյանը հայցադիմում է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ թատերագետ, լրագրող Լևոն Մութաֆյանի՝ վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու և պատճառված բարոյական վնասը փոխհատուցելու պահանջների մասինԼրագրողը պարզաբանել է, որ այս տարվա ապրիլի 28-ին հրապարակային գործունեությամբ զբաղվող Լևոն Մութաֆյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մեկնաբանություններ է տարածել, իր հասցեին արել է արտահայտություններ, որոնցով վիրավորել է իր անձը, պատիվն ու արժանապատվությունը:

Ադրինե Թորոսյանի կարծիքով՝ վիրավորական ու արժանապատվությունը խոցող են հատկապես Լևոն Մութաֆյանի հետևյալ գրառումները. «Տարիներ շարունակ մարդկային կերպար կորցրած այս տականքը զրպարտում էր, կեղծիքներ տարածում, ստում... », «Հրապարակը» (նկատի ունի «Հրապարակ» թերթը) գուրգուրում և փայփայում էր մի տականքի, որն էժանագին  քայլերի էր դիմում, կատարում ստոր պատվերներ», «Մի՞թե մեր խոսքերը բավական չէին, որպեսզի խմբագրությունը հասկանար, որ գործ ունի լրագրություն մտած հոգով անբարո մարդու հետ», «...ներկայացվում էին փաստեր այս ապիկարի գործունեությունից»,  «Պարզապես Ադրինեն առավել լկտի ու ցինիկ է», «Ողորմելի զրպարտիչ, շատ ուրախ եմ, որ չես անդրադառնա իմ գրառմանը...»:

«Լևոն Մութաֆյանի կողմից արված՝ ընդգծված արտահայտություններն ակնհայտ վիրավորանք են, որոնք իմ անձը նսեմացնելուց բացի՝ ստվեր են նետում նաև գործարար համբավիս վրա, ինչի հետևանքով գործատուների մոտ հնարավոր է հետագայում առաջանա անվստահություն նաև աշխատանքիս նկատմամբ: Ուստի՝ պատասխանողը պետք է նույն եղանակով՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով, իր՝ Լևոն Մութաֆյան օգտատիրոջ անունով, նաև «Հրապարակ» թերթի ֆեյսբուքյան էջով ներողություն խնդրի արժանապատվությունս նվաստացնող արտահայտությունների համար»,- հայցադիմումում գրել է Ադրինե Թորոսյանը:

Լրագրողը դատարանից խնդրում է պարտավորեցնել Լևոն Մութաֆյանին, որպեսզի հրապարակայնորեն ներողություն խնդրի իրենից և վճարի 1.000.000 ՀՀ դրամ՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:

Լևոն Մութաֆյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ իր դեմ ներկայացված հայցադիմումից, այն չի ստացել: Մամուլի հրապարակումներից ծանոթանալուց հետո ասաց, որ Ադրինե Թորոսյանը տարիներ շարունակ զրպարտել է իրեն:

«Անձս և արժանապատվությունս վիրավորող հրապարակումներ է արել, իր ֆեյսբուքյան էջում անպատիվ խոսքեր է գրել իմ հասցեին, հետևաբար, անցել է ինքնապաշտպանության: Հայցը չեմ ստացել, ստանալուն պես հակընդդեմ հայցով հանդես կգամ: Կարծում եմ, որ նա ավելի շատ պատասխանատվություն կրելու պատճառներ ունի: Եվ ավելին, ինձ կմիանան շատերը, որոնց զրպարտել ու անվանարկել է: Չմանրամասնեմ նրա գրածները: Դրանք կհրապարակեմ դատարանում»,- ասաց Լևոն Մութաֆյանը:

Ըստ նրա՝ Ադրինե Թորոսյանն իր դեմ է դուրս եկել, և իր գրառումը դրա պատասխանն է եղել: «Ու չեմ ափսոսում»,- հավելում է Լևոն Մութաֆյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter