HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արթուր Բաղդասարյան. «Վստահ եմ, որ առաջիկա ընտրությունների արդյունքում ՕԵԿ-ն իր արժանապատիվ տեղն ու ներկայացվածությունը կունենա խորհրդարանում»

«Հետքի» հարցերին պատասխանում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը

Կոալիցիայի մոտալուտ պառակտման մասին մամուլը տեւական ժամանակ անդրադառնում է: Խոսքը գնում է ՀՀԿ-ԲՀԿ տարաձայնությունների մասին, ինչին ՕԵԿ-ը անհաղորդ է մնում: Ինչու՞ է ՕԵԿ-ը լռում:    

Առջևում ընտրություններ են, եւ բնական է, որ շրջանառության մեջ կդրվեն քաղաքական ուժերի հնարավոր վերաբաշխումներին վերաբերող տարաբնույթ վարկածներ: Հաճախ այդպիսի վարկածները եւ հայտարարություններն իրականության հետ բացարձակապես որեւէ աղերս չունեն:

Մենք բազմիցս խոսել ենք ներկոալիցիոն հարաբերությունների մասին, եւ ես կրկին ուզում եմ ընդգծել, որ նրանք այսօր ընթանում են նորմալ, աշխատանքային հունով: Ամեն կուսակցություն ունի իր մարտավարությունը, աշխատանքի ոճը, եւ այսօր կոալիցիայում տեղի են ունենում գործընթացներ, որոնք ուղղված են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առավել արդյունավետ մասնակցելու նպատակին:                    

Ինչո՞վ է պայմանավորված կոալիցիայի լուծարման մասին խոսակցությունների հաճախականացումը: Արդյո՞ք սա չի նշանակում, որ կոալիցիան գոյատեւում է բացառապես ճնշմամբ:

Որքան ընտրությունները մոտենում են, այնքան կրքերը թեժանում են: Ցանկալին մատուցվում է իրականի փոխարեն: Իմ կարծիքով՝ հենց դրանով է պայմանավորված կոալիցիայի լուծարման մասին խոսակցությունների հաճախականացումը: Բոլոր քաղաքական դաշինքների ճակատագիրը դրանց մոտալուտ վախճանի վերաբերյալ չդադարող խոսակցություններն են:

Նախորդ ընտրությունների ժամանակ ՕԵԿ-ի շարքերը լքեցին բազմաթիվ կուսակիցներ, այդ թվում` պատգամավորներ: Խորհրդարանական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, քաղաքական իրադարձություններին ՕԵԿ-ի «հեռվից» դիտելը հնարավո՞ր է պայմանավորված է նման մտավախությամբ, որ այս անգամ էլ կուսակցության շարքերը չնոսրանան:

Չեմ կիսում Ձեր այն տեսակետը, թե նախորդ ընտրությունների ժամանակ ՕԵԿ-ի շարքերը լքեցին բազմաթիվ կուսակցականներ: Այո՛, որոշ մարդիկ, իհարկե, հեռացան, իսկ ուրիշներին էլ ինքս եմ հորդորել հարաբերական պասիվ կեցվածք ընդունել` պայմանավորված ՕԵԿ-ի նկատմամբ բռնաճնշումներով եւ ստեղծված իրավիճակով: Այս մասին ես բազմիցս առիթ ունեցել եմ հրապարակավ խոսելու:

Միեւնույն ժամանակ ՕԵԿ սկզբունքայնությունն ու դիրքորոշումների կայունությունը կուսակցության շարքերում համախմբեցին հազարավոր նորանոր համախոհների եւ կուսակցականների, ովքեր մեզ հետ անցան բավականին դժվարին մի ճանապարհ եւ այսօր էլ իրենց նվիրական գործունեությամբ շարունակում են հենարանը լինել մեր օրեցօր ամրապնդվող կուսակցության:

Դրա առհավատչյան հենց նախորդ ընտրությունների մեր արդյունքներն էին, իմ` որպես նախագահի թեկնածուի հավաքած մոտ 20 % ձայները: ՕԵԿ-ը եղել է եւ կա քաղաքական իրադարձությունների առանցքում` սկսած դեռևս 1999 թվականից: Մեզ ամենեւին բնորոշ չէ պասիվ, կրավորական կեցվածքը, եւ մեր մշտական ակտիվ եւ նախաձեռնողական գործունեության արդյունքում է, որ ՕԵԿ-ը շարունակում է մնալ մեր քաղաքական կյանքի հիմնական դերակատարներից մեկը, ում շարքերն օրեցօր համալրվում են նորանոր անդամներով` շնորհիվ մեր քաղաքական գծի հանրային առավել լայն ընկալման:

Խորհրդարանում ինչու՞ է ՕԵԿ-ն իր դիրքորոշումը հայտնում ՀՀԿ-ի կարծիքին համահունչ եւ այդպես էլ քվեարկում է:

Եթե առավել ուշադիր հետևած լինեիք վերջին երեք գումարումների խորհրդարաններում ՕԵԿ պատգամավորական խմբակցության գործունեությանը, ապա անշուշտ կնկատեիք, որ մեր խմբակցությունը մշտապես հանդես է եկել իր ուրույն դիմագծով, քվեարկվող հարցերի վերաբերյալ ինքնուրույն եւ սկզբունքային դիրքորոշումներով: Անցած տարիների ընթացքում ՕԵԿ խմբակցությունը աչքի է ընկել նաեւ իր բացառիկ ակտիվ օրենսդրական գործունեությամբ, որի արդյունքում ընդունվել են շուրջ երկու հարյուր մայր օրենքներ՝ լուծումներ առաջարկելով մեր հանրությանը հուզող բազմաթիվ խնդիրների:

Խորհրդարանը նաեւ քաղաքական երկխոսության ամբիոն է, եւ քննարկվող հարցերի շուրջ դիրքորոշումների մոտարկումը, կառուցողական փոխզիջումային լուծումների առաջարկումը` խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի հետ, դասական պառլամենտական գործունեության եւ պրոֆեսիոնալիզմի դրսեւորում է, ինչն ամենեւին տեղին չէ նույնականացնել դիրքորոշումների կրկնօրինակման հետ:

Այս պահին որքա՞ն է կազմում ՕԵԿ-ի վարկանիշը, եւ ընտրություններին ի՞նչ հավակնություններ ունեք:

Ինչ վերաբերում է Ձեր այս հարցին, ապա պետք է նկատել, որ ՕԵԿ վարկանիշը ներկայումս կայուն աճ է արձանագրում: Ես արդեն առիթ ունեցա նշելու, որ մեր շարքերն են համալրում հանրային ամենալայն շրջանակների ներկայացուցիչներ, համախոհներ, եւ դա գլխավորապես պայմանավորված է ինչպես մեր անցած ճանապարհով, մեր ճանաչելիությամբ, բարեփոխումներին ուղղված մեր գործունեությամբ, այնպես էլ ՕԵԿ քաղաքական գծի ճշմարտացիության նկատմամբ աճող ընկալմամբ եւ վստահությամբ:

Վստահ եմ նաև, որ առաջիկա ընտրությունների արդյունքում ՕԵԿ-ն իր արժանապատիվ տեղն ու ներկայացվածությունը կունենա խորհրդարանում, ինչը հնարավորություն կընձեռի ապահովելու իրականացվող բարեփոխումներին ուղղված մեր ազգանպաստ գործունեության շարունակականությունը: 

Մեկնաբանություններ (5)

Suren
Grisha Balasanyan ev hetq.am,inchu chek im gracner@ texadrum? Ete aydkan vaxkotek miguce charje dzer kayq aycelel?
Hayk
Nuynisk charje dzer xosakcutyun@ kardal kam lsel, ankexc em asum, iroq mard petq e arjaniq toxni, vor iren lsen, inch veraberum e nran, vor petqa noric ver@ntrveq, et arden d/D/zezanic kaxvac che, ev d/D/uq el ayd arumov lav gitakcum eq, patkeracum uneq, urish ban, ete Sargsyan@ kamena, incpes irn en texapoxum, aydpes miqani hodu dzezanic toxni ancneq...
dddddddddd
Gna ay davachan e
W. Wallace
Հուսով եմ այս անձնավորությունը գիտակցում է, որ ՕԵԿ-ի ինչպես ինքն է նշել «արժանապատիվ տեղը» ոչ թե ԱԺ-ում է, այլ անվտանգության խորհրդում
Ribok
ՕԵԿ ի արժանապատվությունը դու ծախել էս Ա Բաղդասարյան։ Էլ չունի։ Պրծել է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter