
Հայաստանի հավաքականն այսօր սկսեց մարզական հավաքը
Ինչպես հայտնի է, հունիսի 13-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի է ունենալու «Եվրո-2016»-ի ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը:
Այդ հանդիպմանը նախապատրաստվելու համար այսօր Հայաստանի ազգային հավաքականը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, սկսեց մարզական հավաքը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հայտնի է նաև, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը նախապատրաստական հավաքին հրավիրել է 25 ֆուտբոլիստների: Բոլոր հրավիրված ֆուտբոլիստներն արդեն Հայաստանում են, բացառությամբ Արթուր Միրանյանի, Մարկոս Պիզելլիի և Ռուսլան Կորյանի, որոնք Երևան կժամանեն հունիսի 7-ին:
Հայաստանի ազգային հավաքական հրավիրված Արտյոմ Սիմոնյանը այսօրվանից կմարզվի ազգային հավաքականի կազմում, իսկ հունիսի 8-ին կմիանա Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականին: Հիշեցնենք, որ մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2017 թ. առաջնության ընտրական փուլում հունիսի 16-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը մրցակցի հարկի տակ առաջին խաղն է անցկացնելու Ռումինիայի ընտրանու հետ:
Լուսանկարը՝ ՀՖՖ կայքից
Մեկնաբանել