
Գուգարաց թեմի առաջնորդ. «Մեզ համար կարևոր նշանակություն ունի պատմական եկեղեցիների և վանքերի վերականգնումը»
Հարցազրույց Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հետ
-Պատմական վանքերի և եկեղեցիների վերականգնման ի՞նչ ծրագրեր կան այս պահին Լոռու մարզում:
-Մեզ համար կարևոր դեր և նշանակություն ունի պատմական եկեղեցիների և վանքերի վերականգնումը: Երբ ապահովում ենք ֆինանս և ունենում ենք բարերարներ, այդ ժամանակ, հաշվի առնելով բարերարների ցանկությունը, մենք շեշտադրում ենք կատարում դրանց վերականգնման գործին:
-Մարզի ո՞ր եկեղեցիներն են այս պահին վերանորոգման ընթացքի մեջ:
Կա՞ն, արդյոք, վանքեր կամ եկեղեցիներ, որոնց վերանորոգումն ավարտվել է:
-Ներկայում մեր բոլոր վանքերն էլ տեղ-տեղ մասնակի, հատվածական բարենորոգության և բարեկարգման կարիք ունեն: Ինչպես գիտեք, վերանորոգման ընթացքի մեջ է Սանահինի վանքը: Տարեցտարի պետբյուջեով նախատեսվում է ինչ-որ գումար, և վանքում սկսվում են այդ գումարին համապատասխան աշխատանքներ կատարվել: Բայց ասել, թե մեծ ծավալով շինարարություն է կատարվում, այդպիսին չկա: Ընդհատումներով Քոբայրավանքում և Սանահինում են կատարվում վերանորոգություններ: Հնեվանքում սառեցված է: Մի քանի տեղեր էլ, ինչպես նաև Քոբայրավանքում, վերանորոգումը սկսվեց, սառեցվեց, հետո նորից սկսվեց: Հիմա կարծեմ ընթացքի մեջ է:
- Իսկ Աքորի գյուղի Բգավոր եկեղեցի՞ն:
-Դա նույնպես սկսվեց և սառեցվեց` բոլորն էլ պայմանավորված ֆինանսական միջոցներով, որոնք կամ պետբյուջեից են լինում կամ անհատ բարերարների կողմից: Դուք` բոլոր լրագրողներդ էլ այդ մասին գիտեք:
- Այո, իհարկե, բայց չեք կարծում, որ մտահոգիչ է եկեղցիների ու վանքերի վերանորոգության վրա պետական բյուջեի կամ բարերարների հատկացրած միջոցների ծախսերի օրինականությունը: Սանահինի վանական համալիրի վերանորոգության համար ՀՀ կառավարության 2012-2016թթ. ծրագրով նախատեսված 180 մլն դրամից անցած 3 փուլերում արդեն ծախսվել է 58 մլն դրամ: Սակայն անձրևների ժամանակ վանական համալիրի Գ. Մագիստրոսի ճեմարանի, Ամենափրկիչ եկեղեցու գավիթի և նախագավիթի պատերից անձևրահոսքերը չեն դադարում: Հիմա Սանահինում սկսվել է վանքի վերանորոգման 4-րդ փուլը` նույն շինարարական կազմակերպության կողմից վերանորոգվում է Ամենափրկիչ եկեղեցու տանիքը:
- Ես մասնագիտական գնահատական չեմ կարող տալ և ինձ իրավունք չեմ վերապահում ճարտարապետական , շինարարական կամ ֆինանսական հարցերում կարծիք հայտնել, երբ ես չեմ տիրապետում այդ ամենին:
-Բայց դուք իրավունք ունեք, չէ՞, կատարված աշխատանքների մասին գոնե հարցնել հանրապետության լավագույն ճարտարապետ մասնագետների կարծիքը:
-Ես հոգևորական եմ, հոգևորականը կարող է միայն տալ իր մասնագիտությունից ելնող վերլուծականներ և գնահատականներ: Հիմա ասել, թե որքան միլիոն դրամ ինչի վրա են ծախսել, ինչպես են ծախսել, այս հարցերի պատասխանները ես չունեմ: Դուք պետք է լավ իմանաք այդ ամենը: Երբ մշակույթի նախարարությունը նախաձեռնում է, երբ պետությունը ֆինանսավորում է այդ ծրագիրը, հետևաբար իմաստը որն է առաջնորդիս հարցնել կամ առաջնորդի առջև դնել այդ խնդիրը: Ես ինչպես իմանամ՝ այդ գումարները վատնվում են, թե չեն վատնվում: Դրա համար չէ՞ որ կան մարմիններ, ովքեր կարող են հետաքրքվել, չափել, տեսնել, ինչ իմանամ՝ քննարկել ու քննադատել: Դուք լսե՞լ եք այսքանի տարի, որ երբևիցե քննադատեմ կամ գնահատեմ այն աշխատանքները, որոնք ինձ չեն վերաբերում:
-Սրբազան, ես Ձեզ այս հարցն ուղղում եմ, որովհետև ՅՈՒՆԵՍԿՈ-ի պատմական հուշարձանների ցուցակում գտնվող Սանահինի վանական համալիրը Մայր Աթոռի սեփականությունն է: Կարծում եմ՝ սեփականատերը պարտավորություններ ունի Սանահինում կատարվող վերանորոգման աշխատանքներին հետևելու:
-Ես ճիշտ եզրակացության դժվար թե կարողանամ հանգել այն հարցում, որն իմ ոլորտից դուրս է:
-Հիմա դառնանք Օձունին: Այստեղ ջրահեռացման աշխատանքներ չեն կատարվել: Իսկ դա նշանակում է, որ հնագույն եկեղեցու հիմքերը կարող են ջրահոսքերից խարխլվել, և բարերար Մովսես Ձավարյանի կատարած մեծ բարերարությունը կարող է իմաստազրկվել:
- Ինչո՞ւ դուք այդ հարցերը չեք ուղղում հենց այն կառույցին, որն իրականացրել է եկեղեցու վերանորոգումը: Ուրեմն տեսեք, ճիշտը դա է: Իսկ ես ինչպես հավատամ, այսինքն՝ ոչ թե Ձեր անձին, եզրակացությանը նկատի ունեմ` ջրահեռացման հարցը լուծված է, թե լուծված չէ: Նախագիծը եղել է, թե չի եղել:
- Վերանորոգողին հարցրել ենք: «Մովսես Ձավարյանն ասել է, որ ինքը պատրաստ է շարունակել եկեղեցու ջրահեռացման աշխատանքների ֆինանսավորումը մի պայմանով, որ ունենանք նախագծային լուծում»,- 2014թ. նոյեմբերի 3-ին «Հետքին» տված իր հարզազրույցում պատասխանել է Օձունի եկեղեցու վերանորոգումն իրականացնող «ԼևԳուգ» ՍՊԸ-ի տնօրեն Լևիկ Ղուկասյանը:
-Այդ մասին դուք գրեք պատասխանատու մարմիններին:
-Սրբազան, ի՞նչ կասեք Դսեղի Սբ. Գրիգոր բարձրաքաշ եկեղեցու մասին, այն կործանման շեմին է:
-Ինչու միայն Սբ. Գրիգոր Լուսավորիչ բարձրաքաշ եկեղեցու մասին խոսել, Քառասնից մանկանց վանք էլ կա, Սեդվի վանքը կա, Բգավանքը կա, ուրիշ բազմաթիվ այլ վանքեր կան հարևան Վրաստանի սահմանների վրա, լիքն են: Երբ ունենանք հնարավորություն, յուրաքանչյուրի հերթը պետք է հասնի: Պարզ ու հասկանալի է, որ դա ֆինանսական միջոցով է պայմանավորված: Կարծեմ ցանկություն արդեն հնչել է, որ Քառասնին մանկանց վանքը ուզում են վերականգնել: Երանի դա իրականություն դառնա:
-Ինչ կասեք Խորակերտի վանքի մասին, որն այսօր հայ ուխտավորներին անհասանելի է հայ-վրացական սահմանային խնդիրների պատճառով:
-Անցյալ տարի եմ եղել Խորակերտում: Խորակերտի հետ կապված ես հատուկ նամակ եմ գրել Հայաստանի և Վրաստանի սահմանագծող հանձնախմբին: Նրանք հաշվի են առել իմ նամակը` Խուճապ և Խորակերտ վանքերին մոտենալու ճանապարհներ կառուցելու համար: Ես ակնկալում եմ, որ այդ ճանապարհը կտան այն ժամանակ, երբ վերստին սկսվեն բանակցությունները սահմանային հարցերի շուրջ: Հիմա այդ հարցը սառեցված է:
Մեկնաբանություններ (12)
Մեկնաբանել