Ի՞նչ կփոխեի իմ կյանքում, եթե նորից սկսեի այն
Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Զբոսախցում եմ: Հետս թուղթ ու գրիչ եմ վերցրել, նստել փոքրիկ երկաթե աթոռակին: Գրում եմ… պատասխանում եմ Լեռ Կամսարի թոռնուհու՝ սիրելի Վանուհու այն հարցին, թե ինչ կփոխեի իմ կյանքում, եթե նորից սկսեի այն…
Եվ այսպես՝ մինչ օրս կյանքս, ասես, 3 փուլի է բաժանվել
1.Կյանք մինչև 20 տարեկան, իսկ հետո…
2.Գնդակահարեցին՝ կարդալով մահապատժի դատավճիռը: Կենսաբանության մեջ տերմին կա՝ անաբիոզ, ինչը նշանակում է, որ օրգանիզմը կիսամահացած-կիսաողջ վիճակում է: Երբ շրջակա միջավայրը սպառնում է կյանքին, անբարենպաստ է գոյատևելու համար, կենդանի էակը հայտնվում է նման «սառեցված» վիճակում: Սակայն չի մահանում: Մի խոսքով՝ յուրահատուկ գոյատեւման միջոց է: Այդ անաբիոտիկ վիճակից երկու անգամ արթնացել եմ: Կարծում եմ՝ կռահեցիք, թե ինչը նկատի ունեմ. երկու փախուստները:
3.Կյանքիս 3-րդ փուլը սկսվեց այն ժամանակ, երբ, ինչպես գրել եմ «Դեպի ցմահ Ազատություն» պատմվածքիս մեջ, նորից լիաթոք շունչ քաշեցի. Ողջերի աշխարհում ապրող Մարդիկ ինձ հնարավորություն տվեցին կյանք վերադառնալու ու զրուցելու:
Շատ անձնական հարց տվեցիր, Վանուհի ջան, բայց կփորձեմ պատասխանել:
Որպեսզի չլիներ կյանքիս 2-րդ փուլը, հասկանալի է, որ պետք է ինչ-որ բան փոխեի առաջին փուլում: Սակայն, ինչպե՞ս հնարավոր կլիներ կանխատեսել այն ողբերգությունը, որ տեղի ունեցավ: Ինչպե՞ս կարող էի իմանալ, որ մի ընկերս, ով հավանաբար հոգեպես այնքան էլ առողջ չէր, կսպանի մյուսին պատանեկան էմոցիոնալ վեճի բռնվելով, որը վերածվեց կռվի ողբերգական ավարտով: Ի՞նչ իմանայի, որ նա սկզբում ընդունելով իր մեղքը, որ ինքն է հենց իր բնակարանում կռվի հետևանքով սպանել Իոսիֆին, հանկարծ ամիս անց կսկսի մեղքն աստիճանաբար բարդել ինձ վրա՝ սեփական կաշին մահապատժից փրկելու համար:
Ի՞նչ կփոխեի, եթե հնարավոր լիներ գուշակել ապագան: Թեկուզ և րոպեներ առաջ կանեի այնպես, որ ընկերս չմահանար: Սա՛ կփոխեի: Բայց ինչպե՞ս: Մտածելով այս հարցի շուրջ՝ գալիս եմ այն եզրահանգման, որ այս հարցն ու այս լուծումը շատ տեսական են՝ գիտական ֆանտաստիկայի բնագավառից:
Մենք հաճախ հայացք ենք գցում դեպի հետ և ասում՝ այ եթե… ապա… սակայն մոռանում ենք, որ այս կամ այլ կերպ ենք մտածում՝ արդեն լինելով ոչ այն մարդը, որ կայինք անցյալում. այն առումով, որ արդեն ունենք կենսափորձ, շրջակա միջավայրն այլ է, և բազմաթիվ ուրիշ պատճառահետևանքային կապեր կան: Իսկ երբ հարցը վերաբերում է ոչ թե մեր անձնական քայլերին, այլ ուրիշների, ապա ինչպե՞ս կանխատեսենք մեզ շրջապատող ծանոթ ու անծանոթ մարդկանց կամ երևույթները: Մի խոսքով, երբ խորանում ես այս բոլոր հարցերի մեջ, գալիս ես մի մտքի, որ ամեն դեպքում եթե ինչ-որ մի բան այն չի եղել կամ ներկայում այն չէ, ուրեմն եթե ոչ ուղղակի կապի մեջ, գոնե անուղղակի ձևով անձամբ դո՛ւ ես ինչ-որ տեղ սխալվել: Նման տրամաբանության միջոցով եկել եմ այն եզրահանգման, որ իմ կյանքում կփոխեի այն, որ 16 տարեկանում կհամառեի և չէի զիջի հորս խիստ պահանջին՝ պարտադիր ընդունվել բժշկական համալսարան:
«Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմի դիտումից հետո, որտեղ անմեղ մարդուն մեղադրում են սպանության մեջ, սակայն պարզվում է, որ նա չէ հանցագործը (նաև իմ բնատուր ձգտումից ելնելով՝ դեպի արդարություն), դեռ 15 տարեկանում գնացի պատմա-լեզվաբանական թեքումով դասարան, որպեսզի դառնամ իրավաբան և փրկեմ անմեղ մարդկանց: Սակայն հայրս իրավացիորեն նշում էր, որ շատ եմ սիրում նաև կենսաբանություն և հոգեբանություն: Նա ինձ տանում էր տարբեր ծանոթ իրավաբանների մոտ. «Եթե քո պատկերացմամբ ազնիվ իրավաբան՝ քննիչ, փաստաբան դառնաս, ապա ընտանիքդ սոված կմնա: Ավելի լավ է՝ հորդ նման ընտրիր բժշկությունը»:
Ասես ճակատագրի հեգնանք լիներ, որ անմեղ դատապարտվեցի մահապատժի, հետո արդեն 37 տարեկանում՝ 17 տարի բանտում գտնվելուց հետո, ընդունվեցի իրավագիտության ֆակուլտետ և կարծում եմ՝ Աստծո կամքով շուտով կվերադառնամ… Իսկապես որ, անհասկանալի են Աստծո ուղիները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել