HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու մարզում դոնորական արյան պահանջարկը գնալով նվազում է

Գայանե Սարգսյան

Լոռու մարզի արյան փոխներարկման կայանը գործում է Վանաձորի բժշկական կենտրոնի հարևանությամբ՝ ոչ քարե շինությունում:

«Մինչ երկրաշարժը այժմյան «Նարեկ» հիվանդանոցի տեղում շատ լավ, երկհարկանի շենք ենք ունեցել բոլոր հարմարություններով: Երկրաշարժից հետո այդ շենքը քանդեցին, ասացին՝ վթարային է: 1989թ.-ից տեղափոխվեցինք Բանգլադեշ թաղամաս, որտեղ իտալացիները լավ տնակներ էին սարքել: 1999թ.-ին տեղափոխվեցինք այստեղ»,- ասում է Լոռու մարզի արյան փոխներարկման կայանի տնօրեն Սուսաննա Աղաբեկյանը:

15 սենյակներից կազմված կայանում պայմաններն այնքան էլ բարվոք չեն: Աշխատակազմի ջանքերով այստեղ որոշակի աշխատանքներ կատարվել են, լաբորատոր երեք սենյակներն էլ դեռ 2000թ.-ին նորոգվել է «Գլոբալ ֆոնդի» միջոցներով: Իսկ ահա բարակ պատերից ու հնամաշ պատուհաններից թափանցող սառնության հարցը հնարավոր չի եղել ինչ-որ կերպ լուծել: 

«Մեր ուժերով թեթևակի մաքրել ենք, լինոլիում քաշել որոշ տեղեր: Ամեն ինչը փոխելու է. կահույքը, աթոռները… Ձմռանը մեզ համար շատ դժվար է լինում. սենյակների կեսն ենք ջեռուցում: 15 սենյակից 6-7-ն ենք տաքացնում, հավաքվում ենք մի տեղ, որ տաք լինի: Վիրահատարանը պետք է միշտ տաք լինի, որ արյուն տվողը չվատանա, բայց բարակ պատերը տաքությունը չեն պահում, շատ արագ ցրտում է»,- նշում է տնօրենը:

Նույնիսկ խնայողաբար օգտագործելու դեպքում ձմռան ամիսներին կայանի էլեկտրաէներգիայի ծախսը հատում է 130.000 դրամի սահմանագիծը: Տնօրենի հետ շրջում ենք կայանի սենյակներով: Վերջինս ներկայացնում է լաբորատոր սարքերը, որոնք հատկացվել են «Գլոբալ ֆոնդի» կողմից. սառնարանը, պլազմայի արտածծման, զոդման ու լվացման սարքերը… 15 տարի առաջ նորոգված լաբորատորիայում շատ քիչ բան է հիշեցնում այդ փաստի մասին: Կայանի սառցարաններից մեկը փչացել է, տնօրենը հույս ունի, որ հնարավոր կլինի վերանորոգել: Վիրահատարան կոչվող սենյակում դոնորների բազկաթոռներն այնքան հնամաշ են, որ տնօրենը դժվարանում է հիշել, թե երբվանից են դրանք հայտնվել կայանում:

Լաբորատորիան արյունը էրիթրոցիտար զանգվածից առանձնացնող Ցենտրիֆուգ սարքի կարիք ունի: Ս. Աղաբեկյանն ասում է, որ «Գլոբալ ֆոնդից» խոստացել են տրամադրել և անհրաժեշտ սարքը, և բազկաթոռները: Թե երբ, պարզ չէ: Կայանում նորոգման աշխատանքների մասին չեն մտածում. նախ ֆինանսական միջոցներ չկան, և հետո ինչպես տնօրենն է նշում, խոստացել են, որ նոր բժշկական կենտրոնի շենքի կառուցումից հետո, երբ կենտրոնի անձնակազմը տեղափոխվի նոր շենք, նախկին մասնաշենքներից մեկում փոխներարկման կայանին տարածք կտրամադրեն:

«Որ պետք է տեղափոխվենք, երկու տարվա համար կարիք էլ չկա ինչ-որ բաներ ձեռնարկելու: Հետո էլ ամեն ինչը, ինչ որ արվի, մեր ֆինանսների հաշվին պետք է արվի, իսկ մեր ֆինանսները շատ քիչ են»,- ասում է տնօրենը: Կայանի 2015թ.-ի տարեկան բյուջեն կազմում է 15.020.000 դրամ, 2014թ.-ին այն 13.800.000 դրամ էր: Հատկացման չափն ավելացել է, սակայն ինչպես տնօրենն է նշում, դրան զուգահեռ ավելացել է նաև դոնորների պլանային թիվը. «Ավելացումը կապված է նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ, հետո արյունատվությունն է մի քիչ  ավելացել, պարտադրել են, որ ավելանա, որովհետև եթե մենք այդ գումարին համապատասխան քանակ չվերցնենք, մեզ չեն ֆինանսավորի: Քանի որ հատկացվող գումարն ավելացել է, դրան համապատասխան մենք այս տարի պետք է 540 դոնոր ունենանք, այսինքն՝ ամիսը միջինը 45 դոնոր: Իսկ 2014թ.-ին արյուն տված դոնորների թիվը 450 էր»,- պարզաբանում է տնօրենը:

Տարեկան բյուջեով հատկացված գումարը, սակայն, ոչ միշտ է բավարարում: «Գումարը հատկացվում է հիմնականում աշխատավարձի, ջեռուցման, դեղորայքի ձեռք բերման համար, բայց դա, իհարկե, չի հերիքում մեզ: Դրանով հիմնականում տալիս ենք աշխատավարձը, կենսաթոշակայինը, եկամտահարկը, իսկ մնացած հարցերը հոգում ենք վճարովի ծառայությունների հաշվին»,- ասում է բժշկուհին: Ֆինանսական մասով կայանը «խեղճանում է» հատկապես տարեսկզբին:

«Հունվար-փետրվար ամիսներին հատկապես շատ խեղճ ենք լինում, որովհետև մինչև պայմանագիր չենք կապում, իսկ դա կապվում է փետրվարի վերջին, մեզ չեն ֆինանսավորում: Փետրվարին կապում ենք  հունվարի 1-ի հաշվարկով: Որ ամեն ամիս ֆինանսավորում չստանանք, բա չենք խեղճանա՞»,- ասում է տնօրենն ու փաստում, որ տարիներ շարունակ կայանի 16 աշխատակիցները հունվար-փետրվարի աշխատավարձն ստանում են մարտ ամսին:

Ամեն տարի կայանի կողմից անվճար ՄԻԱՎ վարակի հետազոտության է ենթարկվում մարզի շուրջ 5.000 հղիների արյուն: Այս հետազոտության համար 1 հղիի հաշվով պետության կողմից հատկացվում է ընդամենը 300 դրամ: 2014թ.-ին հետազոտված շուրջ 5.000 հղիից ՄԻԱՎ վարակ է հայտնաբերվել 9-ի մոտ: 2013թ.-ի տվյալներով գրեթե նույնքան հղիերից ՄԻԱՎ վարակակիր էր եղել 11-ը:

2014թ.-ին արյուն հանձնած 450 դոնորներից 1-ը եղել է ՄԻԱՎ վարակակիր, 6-ը՝ հեպատիտ Ց, ևս 6-ը հեպատիտ Բ վարակակիր: Տարբեր բուժհաստատություններից ուղեգրված 80 հիվանդների արյան հետազոտման արդյունքում հեպատիտ Ց կամ Բ է հայտնաբերվել 12-ի մոտ:

2013թ.-ին հետազոտվել է 78 հիվանդի արյուն, որից  հեպատիտ Բ է հայտաբերվել 11-ի և հեպատիտ Ց՝ 20-ի մոտ: Նման բարձր ցուցանիշն ըստ տնօրենի պայմանավորված է Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսանսերում 2012թ.-ից ներդրված մեթադոնային ծրագրի հետ, որում ընդգրկվել ցանկացողները նախ պետք է արյան հետազոտություն կատարեին արյան փոխներարկման կայանում:

Կայանում յուրքանչյուր տարի հեպատիտ Բ-ի պրոֆիլակտիկ ստուգումներ են անցնում (կամ պետք է անցնեն) մարզի բուժաշխատողները: 2014թ.-ին հետազոտվել է 130, 2013-ին՝ 110 բուժաշխատող: Սա այն դեպքում, երբ ըստ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների 2013թ.-ին Լոռու մարզում բուժաշխատողների թիվը եղել է 1.703 (1206 միջին բուժանձնակազմ, 497 բժիշկ):

Հետազոտվածների փոքր թիվը կայանի տնօրենն այսպես է պարզաբանում. «Որոշ հիվանդանոցներ իրենք են անում իրենց բուժաշխատողների հետազոտությունը: Ձեռք են բերել էժան թեստեր ու դրանցով հետազոտում են: Իրենց վրա դա էժան է  նստում»: Ս. Աղաբեկյանի կարծիքով արդյունավետությունը, սակայն, նույնը չէ. «Մեր մոտ լրիվ ուրիշ լաբորատորիա է, մեր մոտ իմունոֆերմենտային եղանակով ենք անում, իսկ դա շատ ճշգրիտ է: Իրենց մոտ արագացված թեստեր են, իսկ արագացված թեստը երբեք չի կարող ճշգրիտ լինել»:

Հարցին՝ արդյո՞ք անհրաժեշտություն չկա, որ վերը նշված խմբերը հետազոտվեն և՜ ՄԻԱՎ վարակի, և՜ հեպատիտ Բ-ի ու Ց-ի մասով, բժշկուհին պատասխանում է. «Ինձ թվում է անհրաժեշտությունը կա: Ի՞նչ տարբերություն, Բ-ն, թե Ց-ն, նույն ճանապարհով է վարակը փոխանցվում: Ց-ն ավելի է տարածված, իսկ ահա թե ինչու չի արվում… Մեզանից կախված չի, չեմ կարող ասել:Ուղղակի այդպես ընդունված չէ, դա արդեն վերևից է գալիս: Եթե ընդունված լինի, դա էլ պարտադիր ստուգում լինի, կգան: ՄԻԱՎ-ն  էլ կարելի է պարտադիր ստուգումների շարքում անել՚:

Արյան փոխներարկման կայանում ժամանակ առ ժամանակ անվճար արյունատվության ակցիաներ են կազմակերպվում: Դա, սակայն, տնօրենի կարծիքով բավարար չէ: Կենտրոնը նաև վճարովի հիմունքներով արյուն հանձնող դոնորների բազա ունի: Վերջիններս տարվա ընթացքում մի քանի անգամ արյուն են հանձնում:

«Եթե հիվանդի հարազատները չեն ցանկանում արյուն տալ, մենք դոնորներ ունենք,   կանչում ենք, իրենց փոխարեն արյուն են տալիս, հարազատն էլ նրան վճարում է 10.000-12.000 դրամ»,-ասում է տնօրենն ու հավելում, որ դոնորների մեջ կան նաև այնպիսիք, ովքեր սոցիալական ծանր պայմաններից ելնելով են դա անում:

Կայաննն այժմ բավարար քանակությամբ պահեստավորած արյուն ունի: «Մեր կանոնադրությամբ պետք է 150 պարկ պահեստավորած պլազմա ունենանք, մենք 211 պարկ ունենք»,- նշում է տնօրենը:

Լոռիում դոնորական արյան պահանջարկը, սակայն, գնալով նվազում է: «Քանի գնում պակասում է պահանջարկը: Մարդիկ են պակասել, հիվանդներն են պակասել, վճարովի ծառայությունները թանկ են, մարդիկ չեն գնում հիվանդանոց, իսկ դա նաև մեզ վրա է անդրադառնում»,- ասում է Ս. Աղաբեկյանը:

Նախկինում կայանը պահեստավորած պլազմայի ու էրիթրոցիտար զանգվածի հավելյալ քանակությունն ուղարկում էր Երևան՝ արյունաբանական կենտրոն: Տնօրենի խոսքով հիմա դա ձեռնտու չէ, որովհետև «շատ քիչ են տալիս գումարը. մեկ պարկի համար 3.500 դրամ»: Դրան գումարվում են նաև տրանսպորտային ու այլ ծախսերը: Արդյունքում կայանում ամեն ամիս ստիպված են լինում պահեստավորված արյան որոշակի պաշար խոտանել: 2015թ.-ի առաջին եռամսյակի տվյալներով ժամկետականց ու վարակակիր լինելու հիմնավորմամբ խոտանվել է շուրջ 45 պարկ պլազմա ու էրիթրոցիտար զանգված: Տարեկան այս թիվը կազմում է շուրջ 180 պարկ:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter