HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերանորոգվում է Ագարակ-Օձուն ճանապարհը

Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի տեղեկացմամբ` մարզի Ագարակ-Օձուն Մ-6 ճանապարհի վերանորոգման աշխատանքերը իրականացնելու համար 3,5միլիարդ դրամ է հատկացվել Համաշխարհային բանկի ծրագրով: Ճանապարհի վերանորոգման գումարի 20 տոկոսը վճարվելու է պետբյուջեից: Ագարակ–Օձուն ճանպարհի վերանորոգումը  կարեւոր նշանակություն ունի ճանապարհամերձ Ագարակ, Յաղդան, Կողես, Օձուն, Այգեհատ,  Մղարթ, Ծաթեր, Կարմիր Աղեկ, Արևածագ, Արդվի գյուղերի զարգացման համար:

Ճանապարհի վերանորոգումից հետո գյուղացիների գյուղատնտեսական մթերքները հանրապետության շուկաներ տեղափոխելու լայն հնարավորություն է բացվելու: Վերանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 28,2կմ է, աշխատանքերը իրականացվելու է 2015-2016թ.թ.-ին:

Ըստ Արմեն Ջանազյանի` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ»-ի կողմից  այս տարվա ապրիլի 14-ին հայտարարվել է ճանապարհի հիմնանորոգման աշխատանքերի  մրցույթներ` 5 բաղադրիչով, այդ թվում` Ագարակ-Արևածագի խաչմերուկ` 15,7կմ հատված`1,5միլիարդ դրամ նախահաշվային արժեքով, Արևածագ –Օձուն 6,2կմ հատված` 500մլն. դրամ նախահաշվային արժեքով, Օձուն–Մ-6 ավտոճանապարհի 6,3կմ հատված` 800մլն. դրամ նախահաշվային արժեքով:

Ճանապարհի վերանորոգման 4-րդ և 5-րդ բաղադրիչներով վերանորոգվելու են մայրուղու հարակից  գյուղերի հետ կապող ու գյուղամիջյան ճանապարհները, այդ թվում` Արևածագ–Ծաթեր-Կարմիր Աղեկ համայնքերի 8կմ և Արդվի–Մղարթ համայնքերի 3,5կմ հատվածները:

Չորրորդ և հինգերորդ  բաղադրիչների ընդհանուր արժեքը կազմելու է 750մլն. դրամ: Ագարակ-Օձուն-Մ-6  ավտոճանապարհը նախատեսվում է վերանորոգել խճային հիմքով և միաշերտ ասֆալտբետոնե 5սմ ծածկով: Մայրուղուց մինչև գյուղ տանող ճանապարհները  կվերանորոգվի ավազակոպճային և ցեմենտե միասեռ խառնուրդով, իսկ գյուղամիջյան ճանապարհները ասֆալտբետոնյա ծածկով: Ագարակ-Օձուն ճանապարհահատվածում Ագարակի կողմից մինչ Մղարթ գյուղ իրականացվել  է ճանապարհի հողային և ջրահեռացման կանավների կառուցման աշխատանքեր:

Յաղդան գյուղում հանդիպեցինք ճանապարհի վիրանորոգումն իրականացնող «Խաչար» ՍՊԸ-ի  շինարարներին: «Մենք  վերանորոգելու ենք Ագարակ գյուղից մինչև Արևածագ 16կմ երկարությամբ ճանապարհը: Հիմա կատարում ենք ծածկի քանդում ամբողջ ճանապարհի երկայնքով: Ճանապարհի կեսը արդեն քանդված է: Մեկ ամիս հետո կսկսենք ճանապարհի ծածկի կառուցումը, այսինքն կկատարվի ճանապարհի ավազային և խճային շերտերի տեղադրում, բիտումի տարածում և  ասֆալտբետոնի տեղադրում»,- հայտնեց  աշխեկ Արմեն Հակոբյանը

«Շատ ոգևորված ենք և շատ լավ ենք գնահատում մեր  գյուղի ճանապարհի վերանորոգումը: Կողեսից ավտոբուսը մեկ ժամում էր հասնում Ագարակ գյուղ: Մինչև հասնում էինք Ագարակ արդեն սարսափելի հոգնում էինք: Ճանապարհը վերանորոգելուց հետո մեր գյուղատնտեսական մթերքների գները, իհարկե, կբարձրանան: Մինչև հիմա կաթը գյուղում էին մեզնից գնում, շատերս հիմա կաթը չենք հանձնում, պանիր և այլ մթերքներ ենք պատրաստում ու հարթեցված ճանապարհով տեղափոխում ենք քաղաք վաճառելու»,- բացատրեց կողեսցի Գոհար Մամաջանյանը:

Վերջինիս ընտանիքը ընդամենը մեկ կով ունի և սոցիալական դժվարությունների մեջ  է: Գոհարը ակնկալում էր, որ վերանորոգվող մինչհամայնքային ճանապարհները որոշ չափով կփոխեն ինչպես իր, այնպես էլ մյուս գյուղացիների ընտանիքների կյանքը: Ագարակ-Օձուն վերանորոգվող մյուս ճանապարհահատվածներում երեկվա դրությամբ դեռևս վերանորոգման աշխատանքերը չէին սկսվել: Ճանապարհի վերանորոգումը աշխուժություն է մտցրել Օձունում:

«Շինարարները Ագարակից արդեն մինչև Կողես գյուղի ճանապարհները հարթեցրել են: Երեկ ես թույլտվություն եմ տվել Վանաձորի «Լոռի» ՃՇՇ-ին` մեր վարչական տարածքի ճանապարհների վերանորոգման աշխատանքները սկսելու համար: Գյուղի ճանապարհի վերանորոգումը սկսվելու է Օձուն-Ալավերդի ճանապարհի խաչմերուկից: Երկուշաբթի օրը «Լոռի» ՃՇՇ-ի շինարարները հենց այդտեղից էլ կսկսեն ճանապարհի վերանորոգման աշխատանքերը»,- ոգևորված հայտնեց Օձունի գյուղապետ Արսեն Տիտանյանը:

Օձունցիների դաշտերի մեծ մասը գյուղից գտնվում են շուրջ 10 կմ հեռավորության վրա: Օձուն-Արևածագ մինչհամայնքային անբարեկարգ ճանապարհի պատճառով շատերը այստեղ տարիներ շարունակ չեն մշակել իրենց վարելահողերը. «Ճանապարհի վերանորոգումից հետո արդեն լավ կլինի, մարդիկ անգամ իրենց թանկարժեք ավտոմեքենաներով  կգնան դաշտ: Բացի այդ  մյուս տարի վերանորոգման համար փակվելու է Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհը, Օձուն-Ստեփանավան ճանապարհը դառնալու է միջպետական ճանապարհ: Դա նույնպես մեծ աշխուժություն կմտցնի Օձունի և մյուս գյուղերի կյանքում»,- բացատրեց  գյուղապետը:

Օձունցիները  արդեն վերանորոգվող ճանապարհաեզրերին մեծ թափով կառուցում են  առևտրի և  սպասարկաման այլ օբյեկտներ: 

 

Մեկնաբանություններ (1)

Մարիամ
Հուսանք՝ սա էլ կիսատ չմնա: Վախ կա մեջս: Աստված ջան, էնպես արա, որ մինչև վերջ կատարվի այդ անչափ կարևոր ճանապարհաշինությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter