
Մի ցուցանմուշի պատմություն. Վանի մարտերին մասնակցած թուրը, որ «գտավ» Կապուտիկյանին
Աննա Բաբաջանյան
Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում ցուցադրվող իրերի շարքում այցելուները կարող են գտնել մի նմուշ` հազիվ պատկերացնելով, թե ինչ կապ կարող է այն ունենալ բանաստեղծուհու հետ: Սուրը, որն արդեն մեկ դարի պատմություն ունի, Կապուտիկյանին «գտել» է բոլորովին պատահաբար: Այն պատկանել է մի ռուս գեներալի, որը պարզապես սիրահարված է եղել բանաստեղծուհու պոեզիային: Նա տարիներ շարունակ տարված է եղել գրողի սիրային բանաստեղծություններով: Եվ երբ մի օր ուսումնասիրում է վերջինիս կյանքը, իր համար հայտնաբերում է, որ Կապուտիկյանը ծնվել է Վանից գաղթած ընտանիքում: Գեներալը մտքով վերադառնում է զինվորական տարիներ, երբ ինքը մասնակցում էր Առաջին աշխարհամարտին, եւ որ այս պատմության մեջ ամենաուշագրավն է` Վանի պաշտպանական մարտերին: Նա պատյանից հանում է իր սուրը, որը մասնակցել էր Վանի պաշտպանությանը, եւ ինքն իրեն խոստանում է, ինչ գնով էլ լինի, այն նվիրել Կապուտիկյանին:
Անցնում են տարիներ, գեներալը դեռ փայփայում է նվիրական ցանկությունը, սակայն չի գտնում հարմար եւ վստահելի մեկին` սուրը սիրելի բանաստեղծուհուն փոխանցելու համար: Եվ ահա Սիլվա Կապուտիկյանի որդին` Արա Շիրազը, խորհրդային միության երիտասարդ արվեստագետների հետ գործուղվում է Մոսկվա` մասնակցելու կոնֆերանսի: Այդ հանդիպմանը ներկա է լինում նաեւ ռուս գեներալը, ով, իմանալով, որ հյուրերի մեջ հայեր կան, մոտենում է նրանց եւ հարցնում. «Դուք Սիլվա Կապուտիկյանին ճանաչու՞մ եք»: Վերջիններս ասում են, որ ոչ միայն ճանաչում են, այլեւ կոնֆերանսի են եկել հենց բանաստեղծուհու որդու հետ:
Գեներալին այդ լուրը շատ է զարմացնում եւ, միաժամանակ, ուրախացնում: Նա հանդիպում է Արա Շիրազին, հուզված պատմում է իր պատմությունն ու հայտնում վաղեմի ցանկության մասին: Ապա մի պահ դուրս է գալիս եւ շուտափույթ վերադառնում` թուրը ձեռքին: «Ես կարծում եմ, որ Սիլվա Կապուտիկյանն այն մարդն է, ում մոտ պետք է պահվի Վանի կռիվներին մասնակցած այս սուրը»,-ասում է գեներալը` խնդրելով Արա Շիրազին փոխանցել այն իր մորը` որպես հարգանքի եւ երախտիքի նշան: Իսկ բանաստեղծուհուն ուղղված փոքրիկ նամակում գեներալը գրում է. «Այս թուրը, որն ուղարկում եմ ձեզ, մի քանի անգամ պատվով է դուրս եկել իր պարտականությունները կատարելուց»:
Մեկնաբանել