«Ոչխարների խուզումը»` տուրիզմի խթա՞ն. կազմակերպիչների ակնկալիքը
«ՏաԹեւեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանի հարակից տարածքում այսօր տեղի է ունեցել «Ոչխարների խուզում» փառատոնը: Արդեն երկրորդ անգամ անցկացվող փառատոնի գլխավոր նպատակը, ըստ կազմակերպիչների, Տաթեւը որպես զբոսաշրջային ուղղություն գրավիչ դարձնելն:
Միջոցառման հիմնական նախաձեռնողը «Տաթեւի վերածնունդ» ծրագիրն իրականացնող «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամն է: Վերջինիս գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանի կարծիքով այսպիսի միջոցառումները լավ հնարավորություն են, որպեսզի զբոսաշրջիկներն այցելեն Տաթեւ, ծանոթնանան տեղի ավանդույթներին, հյուրընկալվեն համայնքներում գործող B&B դասի հյուրատներում, օգտվեն տեղի բարիքներից՝ ձևավորելով համապատասխան առաջարկներ:
Կազմակերպիչները, որպես արդյունք, ակնկալում են, որ «Տաթեւի վերածնունդ» ծրագրում ընդգրկված ինը համայնքների սոցիալ-տնտեսական կյանքը նմանատիպ միջոցառումների արդյունքում կաշխուժանա:
«Տաթեւի վերածնունդ» ծրագրի ղեկավար Հայկ Թութունջյանը նշում է, որ աշխատում են տարածաշրջանում գործող մոտ քսան B&B դասի հյուրատների հետ, որպեսզի նրանք ի վիճակի լինեն պատշաճ որակի ծառայություններ մատուցել:
«Փառատոնից ակնկալվող արդյունքը համայնքային տնտեսությունների զարգացումն է: Այսինքն, զբոսաշրջիկը, այսպես ասած, պետք է գա, վայելի փառատոնը ու տարբեր ծառայություններ ստանալով՝ գումար թողնի համայնքում: Մենք ուրախ ենք, որ շատ զբոսաշրջային ընկերություններ ոչխարների խուզման փառատոնն արդեն ներառում են իրենց առաջարկներում եւ ժամանակացույցերում»,- ասել է Հայկ Թութունջյանը:
Համայնքներից ամեն մեկը փառատոնի ժամանակ ներկայացել է առանձին տաղավարով՝ զբոսաշրջիկներին առաջարկելով սեփական արտադրանքը: Ոչխարների խուզման մրցույթին մասնակցել են «Տաթեւի վերածնունդ» ծրագրում ընդգրկված համայնքների բնակիչներ: Ութ համայնքից ընտրված ինը մասնակիցները երեք փուլերով մրցել են հաղթողի կոչմանն արժանանալու համար: Ժյուրին որոշել է հաղթողին՝ հաշվի առնելով խուզման տեւողությունն ու որակը:
Առաջին տեղը զբաղեցրել է Վերիշեն համայնքից Սեյրան Մկրտչյանը: Փառատոնի կազմակերպիչների կողմից մասնակիցներին եւ հաղթողին խրախուսական մրցանակներ են շնորհվել: Այս մասին տեղեկացնում է IDeA հիմնադրամը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել