HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժամանակն առաջ է շարժվում

Բան Կի-Մուն

 

Աշխարհի բնակչության թվաքանակի` 7 միլիարդի սահմանագծին հասնելուն զուգահեռ աշխարհում աճում է նաև տագնապը: Հանրային դժգոհությունների համընդհանուր էությունն այն է, որ ամենուր փաստում են հետևյալ ակնառու երևույթը. ահագնացող տնտեսական անորոշությունը, շուկայական անկայունությունը և աճող անհավասարությունը հասել են ճգնաժամային կետի:

Չափազանց շատ մարդիկ են ապրում վախի մթնոլորտում: Նրանց պատել է հուսահատության և զայրույթի զգացումը անորոշության և սահմանափակ հնարավորությունների պատճառով: Խոհանոցում սեղանի շուրջ նստած կամ քաղաքի հրապարակ դուրս գալիս` նրանց տանջում է հետևյալ հարցը. ով է կերակրելու իրենց ընտանիքներին և ապահովելու իրենց համայնքներին: Ներկայիս բարդ ժամանակներում հիմնական խնդիրը, որը կանգնած է կառավարությունների առաջ, ոչ թե ռեսուրսների անբավարարությունն է, այլ վստահության բացակայությունը: Մարդիկ կորցնում են հավատը, որ երկրների ղեկավարները կամ հանրային կառույցները ճիշտ են գործում:

Կաննում կայանալիք 20-յակի խմբի նիստը անցկացվելու է այս դրամատիկ մթնոլորտի ներքո: Խոշոր և տնտեսապես զարգացած երկրների առաջնորդները ունեն պատմական հնարավորություն և կրում են նաև պատմական  պատասխանատվություն` նվազեցնելու անվստահության այս մթնոլորտը: Դա պետք է միավորի նրանց: Ճգնաժամի և անորոշության պայմաններում նրանք պետք է հստակորեն սահմանեն իրենց նպատակները և կայացնեն համարձակ որոշումներ: 2009թ. Լոնդոնում տեղի ունեցած 20-յակի խմբի գագաթաժողովում առաջնորդները համարձակ և ստեղծագործական մոտեցում էին կիրառում` ուղղված համաշխարհային ֆինանսական համակարգի կայունացմանը: Այսօր մենք զգում ենք համանման խիզախ առաջնորդման կարիքը:

Մենք բոլորս էլ ընդունում ենք, որ բյուջեի ծավալները հասել են սահմանագծին: Աշխարհի երկրների մեծ մասի համար ֆինանսական սղությունը ժամանակակից դժվարություն է: Ակնհայտորեն Կաննում անհետաձգելի և գերակա ուղղություն կդառնա աջակցել Բրյուսելում ընդունված որոշումներին, որոնք առնչվում են ճգնաժամին եվրագոտու սահմաններում: Այդ ամենի հետ մեկտեղ, ակնհայտ է դառնում, որ այս բազմաթիվ մարտահրավերներին արդյունավետ արձագանքելուն ուղղված ցանկացած քայլ պետք է համընդհանուր լինի:

Բացի այդ դրանք նաև պետք է համահունչ լինեն երկարաժամկետ սոցիալական հավակնոտ ծրագրի հետ: Չի կարելի արհամարհել առավել խոցելի կարգավիճակում գտնվողներին, որոնք են` աղքատները, երկիր մոլորակը, կանայք և երիտասարդությունը: Նրանք, ովքեր ամենաքիչ պատասխանատվությունն են կրում, վճարում են ամենաթանկ գինը: Խնդրել նրանց սպասել մինչև այլ հարցեր կլուծվեն ոչ միայն անարդյունավետ է այլև անբարոյական: Կաննում երկրների առաջնորդները պետք է համաձայնեցնեն գործողությունների հստակ ծրագիր, որը թույլ կտա բարձրացնել բարեկեցության մակարդակը ոչ թե միայն ամենահարուստների ու ամենահզորների, այլ բոլոր երկրների ու ազգերի համար:

Ինչ վերաբերում է աղքատներին. անցած տարի Սեուլում կայացած 20-յակի խմբի գագաթաժողովում երկրների ղեկավարները ընդունեցին հետևյալ հիմնարար գաղափարը` առաջադիմական աճն անհնար է պատկերացնել առանց զարգացման: Տնտեսական հարաբերությունների ոլորտում զարգացող երկրները ապագայի շարժիչ ուժն են հանդիսանում: Կաննում երկրների ղեկավարները պետք է վճռական աջակցություն ցուցաբերեն աղքատների շահերի և առաջընթացի ապահովմանն ուղղված գործողություններին` համաձայն հազարամյակի հռչակագրի ծրագրի: Մենք գիտենք ինչն է աշխատում. պետք է շարունակենք ներդնել այնպիսի քաղաքականությունների ու ծրագրերի մեջ, որոնք տալիս են մեծ ծավալի արդյունք, ասենք ինչպես երեխաների առողջությունը, պարենն ու գյուղատնտեսությունը, ինչպես նաև գենդերային հավասարությունը:    

Ինչ վերաբերում է երկիր մոլորակին. այնպես, ինչպես առաջադիմական աճն անհնար է առանց զարգացման, այնպես էլ անհնար է պատկերացնել կայուն զարգացումը առանց երկիր մոլորակի պաշտպանության: Մեր համընդհանուր առողջությունը, հարստությունը և բարեկեցությունը կախված է նրանից, թե ինչպես ենք ղեկավարում երկիր մոլորակի «բնական կապիտալը»` օդը, գետերն ու օվկիանոսները, հողն ու անտառները, նաև ամբողջ ֆլորան և ֆաունան:

Հաջորդ տարվա հունիսին, «Երկրագնդի» գագաթաժողովից 20 տարի անց, Միավորված ազգերի կազմակերպությունը կհյուրընկալի կայուն զարգացման հիմնախնդիրներին նվիրված խոշոր համաժողովը: «Ռիո+20» համաժողովը հնարավորություն է ընձեռում սահմանել դեպի բարեկեցիկ ապագա տանող հստակ ուղին. ապագա, որ հիմնված է փոխկապակցված խնդիրների համընդհանուր լուծման վրա: Սա ենթադրում է նոր նախաձեռնություններ պարենի և ջրային ռեսուրսների անվտանգության հարցերի վերաբերյալ: Սա ենթադրում է առաջխաղացում կլիմայի փոփոխության և էներգիայի վերականգնվող ռեսուրսների ոլորտում, այդ թվում` ֆինանսավորման նորարարական մեթոդներ: Նախևառաջ, այս ամենը նշանակում է հեռանկարային և ռազմավարական կերպով հասկանալ, թե որտեղ կլինենք մենք 10 տարի անց: Երեք տարի առաջ Լոնդոնում երկրների ղեկավարները քննարկում էին այն հարցը, թե ինչպես «խթանել» կարճաժամկետ համաշխարհային աճը: Կաննում մենք պետք է էական ուշադրություն դարձնենք երկարաժամկետ արդյունավետ ներդրումների խթանմանը, որպեսզի ճիշտ որոշենք, թե վաղը ինչպիսին կլինի աշխարհը:

Ինչ վերաբերում է կանանց ու երիտասարդներին. ամբողջ աշխարհում երիտասարդներն ու կանայք փողոց են դուրս եկել: Նրանք պահանջում են հարգել իրենց իրավունքները և տրամադրել ավելի մեծ հնարավորություններ տնտեսական և քաղաքական կյանքում մասնակցության համար: Ընդհանուր առմամբ կանայք և երիտասարդները կազմում են աշխարհի բնակչության ավելի քան երկու երրորդը: Ցանկացած տեսանկյունից նրանք աշխարհի ձևավորվող տնտեսության ապագան են: Մենք պետք է ականջալուր լինենք նրանց: Մենք պետք է անենք ամենը, ինչ կարող ենք` նրանց պահանջները բավարարելու և հնարավորություններ ստեղծելու նպատակով` սկսած մայրերի առողջապահությունից վերջացրած աշխատատեղերի հարցերով:

20-յակի խմբի մեջ մտնող բոլոր պետությունները պետք է բացահայտ կերպով լուծեն անհավասարության աճի վճռական խնդիրը: Եթե մենք չանենք դա, ապա ապագան վրեժխնդիր կլինի մեզանից: Սոցիալական օտարացումը և աճող անկայունութունը կխաթարեն խաղաղության, անվտանգության և բարգավաճման հեռանկարները:           

Կաննում կայանալիք այս գագաթաժողովը փորձություն կդառնա երկրների առաջնորդների համար: Աշխարհը աչալուրջ է այս հարցում: Ընդունված ոոշումները կանդրադառնան յուրաքանչյուր երկրի և յուրաքանչյուր մարդու վրա` թե’ ուղղակի և թե’ անուղղակի ճանապարհով: Ձախողման հետևանքները ողբերգական կլինեն: Խելամտություն և հեռատեսություն դրսևորելով` կարող ենք օգտագործել այս պահը` առողջ, էկոլոգիապես կայուն և ընդգրկուն տնտեսական համընդհանուր բարգավաճման հիմքերը հաստատելու համար: Համատեղ գործելով` այժմ կարող ենք տեղաշարժվել անդունդի ծայրից և կյանքը դարձնել ուրիշ գալիք սերունդների համար: Եկեք սխալներ թույլ չտանք. չի կարելի հետաձգել նմանատիպ բարդ որոշումների ընդունումը: Ժամանակն առաջ է շարժվում:

Հեղինակ` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter