HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կեցցես, Հարութ

Սեպտեմբերի 24-ին Բրյուսելի «Վորստ նացիոնալ» լեփլեցուն մարզադահլիճում կայացավ թայ-բոքսի մի հետաքրքիր մրցամարտ: Աշխարհի եռակի չեմպիոն, մի քանի գոտիների ասպետ, հոլանդացի Անդի Սավըրի հետ մրցում էր Հարութ Գրիգորյանը: Ըստ մրցամարտի մեկնաբանի, ATV հեռուստամեկնաբանի,  «Գազետ վան Անտվերպեն»-ի թղթակցի, մեծաթիվ մասնագետների հայտնած կարծիքների` Հարութը ջախջախեց Անդիին երեք ռաունդներում էլ: Եւ դատավորների որոշումը` մրցել մի լրացուցիչ ռաունդ էլ` իբր դժվարացել են կողմնորոշվել:

Դահլիճն ալեկոծվեց, սուլոցների տարափ իջավ դատավորների գլխին. կարծես նախապես որոշել էին մարտի ելքը: Միայն Հարութը չընդվզեց, հանգիստ, մեծ մարզիկին վայել պահվածքով գնաց լրացուցիչ մարտի: Ռինգի դատավորը, թվաց, Հարութի ձեռքը պիտի բարձրացնի: Ավա~ղ, ընդունվեց անարդար, անազնիվ, ստոր, բացահայտ անամոթ որոշում: Մարզիչ, թայ-բոքսի աշխարհի չեմպիոն Դանիելան ասաց` մեր հաղթանակը գողացան մեզանից: Մրցամարտի մեկնաբանը, որ աներկբայորեն Հարութին էր վերագրում հաղթանակը եւ գովեստի խոսքեր շռայլում, կարծես սփոփանքի համար ասաց` Հայաստանը պիտի հպարտանա, որ ունի Վիկ Դարչինյան, ունի Հարութ Գրիգորյան:

22 տարեկան է Հարութ Գրիգորյանը:  Ծնունդով երեւանցի է, սովորել է Թելմանի անվան դպրոցում, 1999-ից ապրում է Անտվերպենում:

14 տարեկանից զբաղվում է թայ-բոքսով: Ունի նաեւ ադամանդագործի մասնագիտություն, սիրում է շարժանկարներ դիտել: Հարութը հրապուրվեց թայլանդական այս մարզաձեւով, հրապուրվեց ու կարճ ժամանակում գրավեց մասնագետների ուշադրությունը: 

Քրտնաթոր ու անկոտրում կամքը տվեց հիանալի արդյունք. 2004-ին դարձավ Բենելյուքսի երկրների չեմպիոն, 2006-ին եւ 2007-ին հռչակվեց Բելգիայի չեմպիոն: Ի դեպ`  նույն թվերին, համապատասխան ֆեդերացիայի որոշմամբ ճանաչվել է Բելգիայի լավագույն ատլետ: Իր մարզչուհի Դանիելա Սոմըրսի ղեկավարությամբ  Հարութը  2009-ին նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Առջեւում աշխարհի առաջնությունն է, Իսպանիայում: Վստահաբար կարելի է ասել` 70 կգ քաշային կարգում Հայաստանի դրոշի ներքո կփայլի մի նոր աստղ` Հարութ Գրիգորյան անուն-ազգանունով:

«ԼՐԱԳԻՐ» ամսաթերթ
Անտվերպեն, Բելգիա

Մեկնաբանություններ (1)

Գոհար, զինվորի մայր
Ապրե'ս Հարություն, քեզ նորանոր բարձունքների նվաճում եմ ցանկանում...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter