HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորավանի ավագանու ընտրություններում առաջադրված միակ կին թեկնածուն չի բացառում հետագայում համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնել

Մարիամ Մաթեւոսյան

Հունիսի 7-ին, Սյունքի մարզի Նորվան համայնքում ավագանու ընտրություններ է անցկացվում: Համայնքի ակումբի շենքում տեղակայված 37/1 ընտրատեղամասում ժամը 16:00-ին 342 ընտրողներից իր ընտրական պարտքն է կատարել  150-ը: Հանձնաժողովի նախագահ Մարինե Գրիգորյանի խոսքով՝ մարդկանց հոսքը ակտիվացել է կեսօրից հետո:

Նորավանի ավագանու 5 տեղի համար առաջադրված բոլոր 9 թեկնածուներն ինքնառաջադրվել են: Պայքարի մեջ մտած թեկնածուներից միայն երեքն են գործող: Այստեղ թեկնածուներից 7-ը անկուսակցական է, երկուսը Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ են:

Համայնքի ղեկավար Սլավիկ Պապյանը գտնում է, որ գյուղը չպետք է քաղաքականացվի ու անգամ, եթե ավագանին ֆաշիստ լինի, միեւնույն է իրենց համագյուղացին կհամարվի:

«Մեր գյուղում ոչ մի լավ բան չկա: Հիմա ո’չ լավ ղեկավար, ո’չ ավագանի, ո’չ դեպուտատ, ո’չ էլ լավ նախագահ կա: Մտածող լինեին գյուղացու մասին, հիմա տներում խմելու ջուր կունենանինք: 100 տնտեսությունից  50-ը ջուր չունի»,-ասում է Սերգեյ Հովհանիսյանը, ով իր անվստահություն է հայտնում ավագանու ինստիտուտի նկատմամբ, փոխարենն ավելացնում, որ  նախկինում գյուղն ուներ լավ ավագանիներ, ովքեր ինչպես ինքն է ասում՝ «ժողովրդավար էին»: «Քարամյան Յուրիկի ու Դավիթյան Յուրիկի արած գործերը կարա՞ս համեմատես հիմիկվա ավագանու կատարած աշխատանքների հետ: Ժողովրդական են եղել, փողոցում էլ են ժողովրդի հետ խոսել»:

Համագյուղացու զրույցն ընդհատում է Հարություն Դավթյանը, ով գտնում է, որ ընտրությունները ձեւական բնույթ են կրում. «Կարելի է բարեկամաբուծական բաները վերացրած: Ընտրության մասնակցում ենք միայն նրա համար, որ հայ ենք ու թասիբով ենք,  եթե բարեկամաբուծական բաները վերանան, գյուղը ոտքի կկանգնի»:

«Ավագանին գյուղի համար շատ պետք է մտածի, բայց էսօրվա ավագանին չի մտածում, մինչեւ հիմա ավագանին պիտի ջուրը հասցրած լիներ գյուղ, ինչի՞ համար են նրանք, եթե չեն մտածելու ժողովրդի մասին»,-ասում է նորավանցիների համար ժողովրդավար համարվող նախկին ավագանու անդամ 80-ամյա Յուրիկ Քարամյանը:

«Իմ պաշտոնավարման տարիներին մեր խոսքն անցնում էր, հիմիկվա ավագանիներինը՝ չէ:  Ասում են բոլոր ընտրությունները ձեւական են,  ձեւականը՝ ավագանունն է»,-ավելացնում է նախկին շրջանային դեպուտատը:

Նորավանի ավագանու ընտրություններն այս անգամ հետաքրքական է նրանով, որ պայքարի մեջ է մտել նաեւ մեկ կին թեկնածու: Ոչ միայն բնակիչները, այլեւ ՏԻՄ մարմինները կարեւորում են ինքնառաջադրված կին թեկնածուի մասնակցությունը ընտրություններում ու իրենց զրույցներում հույս են հայտնում, որ անկուսակցական Նվարդ  Վարդազարյանը եւս կընդգրկվի նոր ձեւովորվող ավագանու կազմի մեջ:

Ն. Վարդազարյանի խոսքով՝ ավագանու թեկնածություն առաջադրելն ինքնանպատակ չէ. «Մեր գյուղում հրատապ լուծում պահանջող շատ խնդիրներ ունենք: Մանկապարտեզ, խաղահրապարակ չունենք, որոշել եմ ավագանի ընտրվելուց հետո առաջարկություններով հանդես գալ»: Նրան աջակցում է իր մեծ ընտանիքը, մասնավորապես, երկու տղաները, ովքեր կողմ են տեսնել իրենց մայրիկին քաղաքականության մեջ: Իսկ թե ընտրվելուց հետո դժվար չի լինի աշախատել տղամարդ ավագանիների հետ, նա նշում է. «Չեմ էլ վախենում անգամ, քանի որ աշխատել եմ տարբեր բնագավառներում, սովխոզի հաշվապահ-գանձապահ եմ եղել, մեղվապահ, գյուղի ակումբում եմ էլ աշխատել: Հիմա մի քիչ ազատ եմ, մտածեցի քաղաքականությամբ զբաղվել,-կեսկատակ ասում է ավագանու միակ կին թեկնածուն, ով չի բացառում հետագայում նաեւ համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնել:  

Կրկին պայքարի մեջ մտած ավագանու թեկնածու Համլետ Գեւորգյանը չի վախենում այս անգամ եւս ընտրապայքարից դուրս մնալ: Նախկին ավագանին նախորդ ընտրություններում դուրս է մնացել ընտրապայքարից՝ իր ձայները զիջելով ընկերոջը:  Այս անգամ ավագանի է ցանկանում ընտրվել կոնկրետ նպատակով:  Նա նշում է, որ համայնքի ղեկավարներն ի պաշտոնե կախված են մարզպետներից, իսկ  ավագանին  ավելի ազատ է հարցեր բարձրացնելու ժամանակ:

Հ. Գեւորգյանը համագյուղացիների ձայնը իշխանություններին լսելի դարձնելու միակ ճանապարհը տեսնում է ավագանի ընտրվելու մեջ:  «Երբ որ մարզային, պետական իշխանություններից պաշտոնյաններ են գալիս գյուղ՝ կառավարության մակարդակի հարցեր քննարկելու համար, համայնքի բնակիչների հետ չեն հանդիպում, այլ՝ համայնքի ղեկավարի ու ավագանու: Որոշեցի կրկին ավագանի լինել, որ կարողանանք, մեր ձայնը լսելի դարձնել», ասում է Հ.Գևորգյանը:

Նրա խոսքով՝ ընտրվելու դեպքում առաջին հարցը, որ կբարձրաձայնի՝ դա հողերի սեփականաշնորհման հարցն է, որը սեփականաշնորհման ժամանակ լիարժեք չի կատարվել ու հիմա նորավանցիների հողերն օտար մարդկանց ձեռքին են: «Գյուղը պահողը հողն է, եթե հողը գյուղացու ձեռքին չլինի՝ գյուղը կքայքայվի»,-ավելացնում է Հ. Գեւորգյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter