
Սերժը մուկ էր տշում, կաթողիկոսն` աղոթում, ֆեյսբուքցիները` ծիծաղում
ՀՀ Ֆեյսբուքյան տարածքը մինչ այսօր դեռ ուշքի չի եկել քաղաքական վերնախավի խաղաղ աքսորումից: Ֆեյսբուքցիներն ստիպված են զվարճանալ տեղի ունեցող դեպքերի վրա, քանի որ դեռ չեն կարողանում գլխի ընկնել, թե ինչ կա աքսորողի մտքին: Այ օրինակ Տիգրան Քոչարյանը, մեկնաբանելով Հովիկ Աբրահամյանի հրաժարականը, գրառում է. «Երեկ երեկոյան Սերժը մուկ էր տշում»:
Սրան Սյուզան Խալաթյանն ավելացնում է. «Իրենց բակի Տիկոն ու Վովան էլ պարանն էին բերում, որ կապեն մի լաաավ պտտեն ու մարդկանց փողոցում վախացնեն»:
Առաքել Սեմիրջյանն էլ, արժանանալով բազմաթիվ like-երի, մեկնաբանում է. «Հայաստանում կենդանաբանական բալանսն ապահովելու համար անհրաժեշտ է, որ մկից հետո հրաժարական տա նաև Գրանդ Քենդիի փղիկը... Ֆեյբուքյան Փիղը մնացած մկներին լրիվ հերիք է...»:
Ինչպես Վարպետ Օնիկն է նշում իր ստատուսում` «Ով թքե՝ ով էրթա նախագահական...»:
Ի դեպ` մի հետաքրքիր լուսանկար եւ դիտարկում` հենց Վարպետ Օնիկի կողմից հրապարակված. «Փառքդ շատ... օբյեկտներս հարկերից ազատեցի»,- այսպես է մեկնաբանում Վարպետ Օնիկն այս լուսանկարն ու ավելացնում. «Մայր աթոռն ունի դռների եւ պատուհանների արտադրամաս, քարամշակման կոմբինատ, կինոթատրոն` Չարենցավանում, արհեստական լիճ եւ լճի տակ գտնվող մառան, սրճարան` Գյումրիում, ֆուտբոլի մարզադաշտ` իր շրջակա կառույցներով` 11 կտոր: Մայր աթոռն ունի կաթողիկոսական վիլլա Բաղրամյան փակուղի 1 հասցեում, տրակտորային կայան` Տավուշի մարզում, պանսիոնատներ, առողջարաններ, առանձնատներ, հակահամաճարակային կենտրոնի շենք, ատամնաբուժական դիսպանսեր, տասնյակ բնակարաններ, տնամերձ հողամասեր, ջրավազան, ավտոկանգառ, անասնաշենք, հասարակական զուգարաններ...»:
Վարպետ Օնիկի հրապարակած լուսանկարի ներքո Սթիվ Միրիջանը մեկնաբանում է. «Հարգում եմ Լենինին. եկեղեցին առանձնացրեց պետությունից», իսկ Բագրատունի Արան` պատասխանում. «Անջատ է պետությունից, բայց ինչ ուզում, անում են»: Նունե Ղազարյանն այս ամենն ուղղակի հաստատում է մեկ բառով. «Ամեն»:
Վերջին օրերին ֆեյսբուքյան բարեմաղթանքները, նույնիսկ, քաղաքական են. Արթուր Խեմչյանը դիմում է հայ պաշտոնյաներին` ասելով. «Այս գիշեր կարող եք հանգիստ քնել. այսօր ՀՀԿ խորհրդի նիստ չի լինելու...»:
Ռուզաննա Պետրոսյանը հարցնում է. «Բարդուղիմեոսյան գիշերներն ավարտվեցի՞ն»:
«Չէ, Ռուզաննա ջան, պարզապես, ընդմիջում են տվել էսօր.. Բարդուղիմեոսն ասել է` գնացեք, էս եղածը մարսեք, հետո կտեսնենք...»,- պատասխանում է Արթուր Խեմչյանը:
Մեր ընթերցողներին էլ մաղթում ենք բարի գիշեր` անկախ նրանից, թե Բարդուղիմեոսն ինչ կասի:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել