«Հայացք». Սյունիքի և Կոտայքի մարզպետները «հերթագրվա՞ծ» են
Մեր ունեցած տեղեկություններով` մի քանի օրով սառեցվել է հրաժարականների «շքերթը» վերին էշելոններում: Թվում է` նախագահականում սպասում են արված փոփոխությունների արձագանքին թե երկրի ներսից, թե արտաքին աշխարհից: Այսքանը նորմալ «կմարսեն» ու կշարունակեն սկսածը:
Առաջիկայում ավելի փոքր մասշտաբի «ձկներ» են ուռկանն ընկնելու: Ամենայն հավանականությամբ, մի քանի օր անց իրենց դիմումի համաձայն հրաժարականներ կտան Սյունիքի և Կոտայքի մարզպետներ Սուրիկ Խաչատրյանն ու Կավալենկո Շահգալդյանը, նրանց կմիանան ևս երկու մարզպետներ: Սակայն այս տվյալները 100%-անոց չեն, և հիշյալ մարզպետները կարող են փորձեր անել` «պլստալու» հրաժարական տվողների ցուցակից: Նրանք «մանևրելու» մի քանի օր ունեն:
«Հայացք»-ի նյութը իր կայքում տեղադրելու համար սպառնացել են Տավուշի լրագրողին
Տավուշի մարզի «Տեսանկյուն» թերթի խմբագիր, տարբեր լրատվամիջոցների թղթակից Ոսկան Սարգսյանը էլեկտրոնային փոստով օրերս սպառնալիքներ է ստացել: Իսկ պատճառը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի` «Հայացք» օրաթերթին տված պատասխանն է, որի հիման վրա փոքրիկ լուր- մեկնաբանություն էր հրապարակել «Ժողովուրդ» օրաթերթը: Ոսկան Սարգսյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթի այդ տեղեկատվությունը զետեղել էր իր www.tesankyun.am լրատվական կայքում, որից հետո ստացել սպառնալիքներ. «Էդ հոդվածը հանի, թե չէ վերջդ կլինի, վիզդ զոնդ կանեմ»:
Հիշեցնենք, որ «Հայացք»-ի այն հարցին, թե Տավուշի մարզպետարանը ի՞նչ աջակցություն է ցուցաբերելու Այրումի հատվածում տեղի ունեցած սողանքից տուժած ընտանիքներին, վարչապետի հանձնարարականից մեկ շաբաթ անց մարզպետ Արմեն Ղուլարյանը պատասխանել էր. «Մենք ունենք այդ աղետից տուժած 15 տրանսպորտային միջոց, բայց հարցը դեռևս ուսումնասիրության փուլում է»:
Ոսկան Սարգսյանն արդեն դիմել է իրավապահ մարմիններին: «Եթե քայլեր չձեռնարկվեն, այդ սպառնալիքները կարող են շարունակվել կամ իրականանալ»,- ասաց նա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել