HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

«Պիղատոսի» վկաները

Հայաստանի երեք խոշոր քաղաքներում` Աբովյանում, Արտաշատում և Ալավերդիում, անցած կիրակի կայացած քաղաքապետի ընտրություններում, ինչպես միշտ, հաղթանակ են տարել իշխանության թեկնածուները: Եթե Արտաշատում վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը, հաղթել է չունենալով որևէ մրցակից, ապա Ալավերդիում և Աբովյանում մրցակցություն եղել է: Խոսքը, սակայ, ոչ թե քաղաքական մրցակցության մասին է, այլ ընդամենը` միջանձնային, քանի որ այլընտրանքային մնացած թեկնածուները եղել են այսպես կոչված իշխանամերձ տարածքից: Նման պատկեր ունենալու հիմնական պատճառն այն է, որ ի սկզբանե իրենց ընդդիամդիր համարող քաղաքական ուժերից որևէ մեկը ՏԻՄ այդ ընտրություններին մասնակցության հայտ չէր ներկայացրել` իշխանությանը լիակատար հնարավորություն տալով ընտրություններն անցկացնել սեփական սցենարով և ի սկզբանե կանխորոշված արդյունքներով:

Այդ ընտրություններից անմիջապես առաջ խորհրդարանական ուժերից մեկը`«Օրինաց երկիրը», մեծ շուքով մի համաժողով անցկացրեց, որով հռչակում էր իր շուրջը մոտ 60 այսպես կոչված հասարակական-քաղաքական կազմակերպությունների միավորման, դրանով քաղաքական բևեռ ձևավորելու մասին: Չնայած ՕԵԿ-ը ջանք չխնայեց այս միջոցառումը որպես դարակազմիկ մի իրադարձություն ներկայացնելու համար, իրականում այդ բոլոր կազմակերպությունները միասին վերցրած գոնե մեկ միջին կարգի կուսակցություն չարժեին: Դրանց մեծ մասի անունները հնչում էին առաջին անգամ, մյուսներն արհեստականորեն ստեղծվել էին ՕԵԿ-ականների կողմից, այսինքն իրականում հանդիսանում էին ՕԵԿ-ի յուրատեսակ արբանյակները:

 Զրոյական արժեք ունեցող այս խառնամբոխն հավաքելով իր շուրջը` ՕԵԿ-ը և նրա ղեկավար Արթուր Բաղդասարյանը փորձում են ցույց տալ, որ ձեռնարկել են քաղաքական դաշտի մի առանձնահատուկ խոշորացման գործընթաց, որը, իբր, ապացուցում է ՕԵԿ-ի կենտրոնաձիգ ուժ լինելու պոտենցիալը, նախաձեռնողականությունը: Իրականում ՕԵԿ-ի թիրախն առաջիկա ընտրություններին մասնակցելն է, որի արդյունqից է կախված` կլինի՞ այդ ուժը ապագա քաղաքական վերադասավորումների առանցքում, թե՞ նրա  «դարաշրջանն» ավարտված է:

Քանի որ ՕԵԿ-ն իշխանական կոալիցիայից դուրս գալուց հետո հայտնվել է լուսանցքում և նրան հարթակում գտնվող, խորհրդարանական ուժերից որևէ մեկը լուրջ չի վերաբերում, որոշել է քաղաքական արենա վերադառնալու և իշխանական հավակնությունների լեգիտիմությունն ապահովելու խնդիրը լուծել մեռելածին կամ ուրվական կուսակցությունների, կազմակերպություններին վերակենդանացնելու միջոցով: Բայց քանի որ ոչ թե հոլիվուդյան սարսափ ֆիլի հետ գործ ունենք, այլ հայաստանյան տխուր իրականության, նման փորձերն ավելի շատ խեղկատակության են նման, մանավանդ որ ինչպես հայտնի է` ցանկացած քանակի զրոների հանրագումարը, միևնույնն է, հավասար է զրոյի:

 Այս իմաստով Արթուր Բաղդասարյանի ձեռնարկն ավելի շատ խղճահարություն է առաջացնում, քան խոսում ռացիոնալ քաղաքականության մասին` ավելի ընդգծելով այն խորը փոսը, որում հայտնվել է և որից ոչ մի կերպ դուրս գալ չի կարողանում:

Թվում է, թե ինչ կապ կարող են ունենալ ՕԵԿ-ի տվայտանքները կայացած ՏԻՄ ընտրությունների և իշխանական թեկնածուների տարած հաղթանակի հետ, մանավանդ, որ ՕԵԿ-ը դրանց որևէ մասնակցություն չի ունեցել: Կապը, սակայն. թեկուզ անուղղակի է, սակայն` պատճառահետևանքային: Փաստորեն մինչ իշխանությունը, ի դեմս ՀՀԿ-ի, բարոյապես չարդարացված մեթոդներով, տանում է նորանոր և ամենակարևորը` անարգել հաղթանակներ բոլոր մակարդակների ընտրություններում, այսինքն ստանում է շոշափելի արդյունք, քաղաքական մյուս բևեռները կամ այլընտրանքային ուժերը նախընտրում են բարոյական, սնամեջ հաղթանակները, որոնք նման են հողմաղացների դեմ տարած հաղթանակների: Ավելի ճիշտ` ոչ թե նախընտրում են, այլ պարզապես սեփական սնանկ վիճակը, դիմադրելու անկարողությունը, կանխավ սեփական պարտության հետ համակերպվածությունը փորձում են թաքցնել ինքնախաբեության էժանագին հնարքներով: Այս տեսանկյունից սահմանադրական փոփոխությունների իշխանական նախաձեռնության մեջ մեխանիկորեն, առանց դրանց անցկացման անհրաժեշտության հարցում համոզմունքների և գաղափարական հենքի ներգրավվելը, որին արդեն տրվել են շատ քաղաքական ուժեր, նույնպիսի մի ինքնախաբեություն է, ինչպիսին ՕԵԿ-ի այս նախաձեռնությունը:    

Այդ ուժերից յուրաքանչյուրին շատ լավ հայտնի է, թե ինչ դեր են կատարում ՏԻՄ-երը ընտրությունների միջոցով իշխանության շարունակական վերարտադրությունն ապահովելու հարցում: Լինեն նրանք համայնքի ղեկավարներ թե ավագանու անդամներ, ընտրություններին նրանք վերածվում են իշխանության ոչ ֆորմալ գործակալների և դառնում ամեն գնով իշխանության հաղթանակն ամրագրող քվեները «խփող» մեխանիզմի ամենակարևոր դետալներից մեկը: Որովհետև թեկուզ լոկալ նշանակության իշխանական լծակների ձեռբերման համար իրենց պարտավորված են զգում ոչ թե քվեախցիկ մտնող ընտրողին, այլ հաղթելու երաշխիքը նախապես տված իշխանությանը: Սա այն «քարն» է, որի վրա ընդդիմադիր ուժերի ոտքը սոթ է տվել գրեթե յուրաքանչյուր անգամ:

Մինչդեռ կուսակցությունները, որոնք միայն ընտրությունից ընտրություն են դեմքի լուրջ արտահայտությամբ խոսում իշխանության վերարտադրումը կանխելու միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին, միմյանց մեղադրում այդ հարցում անկեղծ չլինելու, իշխանությա հետ գործարքների գնալու մեջ, փաստացի համակերպվել են այդ «գործիքն» իշխանության կողմից իր սեփականելու փաստի հետ: Այդ ուժերը ոչ միայն արդեն տևական ժամանակ է` ընդհանրապես չեն մասնակցում ՏԻՄ ընտրություններին (ԲՀԿ-ի դեպքում էլ նրա ներկայացուցիչները ՏԻՄ ընտրություններին  հաղթում էին իշխանության հետ փաստացի պայմանավորվածությունների, այսինքն հատկացված քվոետաների շրջանակում), այլև անգամ չեն փորձում օգտագործել ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու  իրենց քաղաքական գործառույթը: Իրենց ընդդիմադիր կոչող ուժերի պայքարն ընտրակեղծարարության և իշխանության վերարտադրության մեխանիզմների չեզոքացման դեմ գործնականում այն նույն արժեքն ունի, ինչ ՕԵԿ-ի ձեռնարկած քաղաքական դաշտի համախմբման քաղաքական էֆեկտը, այսինքն` ունի զրոյական արժեք:

Եվ հիմա այդ ուժերից որևէ մեկն իրեն բարոյական իրավունք չի կարող վերապահել քննադատելու իշխանությանը իր թեկնածուներին ընտրություններ կոչվող  «ծիսակատարությամբ» քաղաքապետ դարձնելու, դրանով ՏԻՄ համակարգը իշխանական կոնյուկտուրայի անքակտելի մասը դարձնելու համար: Քննադատելու համար նախ պատասխանատվություն վերցնել է պետք, իսկ պատասխանատվությունը ենթադրում է մասնակցություն, պայքար, դիմադրություն: Քննադատելու իրավունքը ձեռք բերելու համար անհրաժեշտ է գոնե հանդիսատես լինել: Այսօրվա քաղաքական այլընտրանքը նույնիսկ հանդիսատես չէ...

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter