HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Հեռացվում է ռուսական ազդեցության տակ գտնվող հատվածը

Վերջին հրաժարականների մասին ասում է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը

Ի՞նչ է կատարվում իշխանական համակարգում: Ինչո՞ւ են բարձրաստիճան պաշտոնյաները մեկը մյուսի հետևից հրաժարական տալիս:

Այս հարցը երկու հարթություն ունի: Մի հարթությունն ապարատայինն է, ինտրիգայինը` ում մազերը ում դուրը չեն եկել, ով ինչ ինտրիգի հետևանքով ում քաշքշեց և այլն: Բայց սա բացարձակ երկրորդական է: Բոլորիս պետք է հետաքրքրի միայն մեկ բան` կա՞ն արդյոք այս ամենի մեջ հանգամանքներ, որոնք կբերեն կյանքի խորքային փոփոխության կամ մեր երկրի հանդեպ խորքային փոփոխությունների արտաքին աշխարհում: Այս տեսակետից այն, ինչ կատարվում է, ունի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին դրդապատճառներ: Ներքինի վերաբերյալ կասեմ հետևյալը` մոտ մեկ տարի առաջ սկսեցին խոսակցություններ այն մասին, որ Հայաստանում ընթանում է թափ հավաքող տրանսֆորմացիոն գործընթաց: Այսինքն` արտաքին ուժերը, առաջին հերթին նշվում էին ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, ձգտում են իրականացնել փոփոխություններ, որոնց դեպքում Հայաստանը հարմար կդառնա իրենց կառավարման համար: Դա կատարվում էր հիմնականում իշխանական համակարգի միջոցով, բայց նաև փորձ էր արվում օգտագործել ամբողջ քաղաքական դաշտը: Մի կողմից սա բացասական է այն իմաստով, որ դրսից է կատարվում, մյուս կողմից դրականն այն է, որ հիմա մեզ սարսափելի անհրաժեշտ է դինամիկա: Այսօր այն, ինչ կատարվում է իշխանական համակարգում, անկախ դրդապատճառներից անկասկած դրական է դինամիկ պահը կյանք մտցնելու տեսակետից:

Իսկ դինամիկան չի՞ կարող հակառակ էֆեկտ ունենալ` դեպի ավելի վատը տանել կամ ոչինչ էլ չփոխվի:

Անկասկած, այդ վտանգները գոյություն ունեն: Բայց մեծագույն վտանգը լճացումն է: Եթե անգամ վատթարացում է տեղի ունենում, բայց վիճակը դինամիկ է, էլի մեծ հավանականություն կա, որ դուրս կգաք դրանից:

Արդեն հրաժարական տվածները և նրանք, ում անունները շրջանառվում են, ինչ-որ չափով համարվում են երկրորդ նախագահի մարդիկ: Տեղի է ունենում իշխանական կառույցի զտո՞ւմ:

Ինչ վերաբերում է զուտ ապարատային մասին, որ նրանք երկրորդ նախագահի մարդիկ են և այլն, ես մի երկրորդ բաժանում էլ կանցկացնեի. այս մարդիկ` որպես ընդհանուր համակարգ, առավել կապված էին Ռուսաստանի հետ: Ես այս մարդկանց շրջանակը կանվանեի այսպես` պետական ապարատի կրիմինալի` Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող հատվածը: Կա մի հատված էլ, որը գտնվում է Արևմուտքի ազդեցության տակ: Եթե սկսվի փոխադարձ դեմոնտաժ, ապա Հայաստանը կունենա առաջխաղացում:

Այսինքն` արևմտյան հատվածի դեմոնտաժ էլ է լինելու:

Կարծում եմ:

Ռուսական կողմից հակազդեցություն կլինի:

Գործընթացների տրամաբանությունը հուշում է, որ պարտադիր պետք է լինի: Եվ պատասխանը երկար սպասեցնել չի տա:

Խոսեցիք դեմոնտաժի մասին, բայց այն մարդիկ, ովքեր հեռացվեցին պաշտոններից, նրանց առաջարկվեց այլ աշխատանք: Այսինքն` ըստ էության նրանք համակարգը չեն լքում:

Այսօր աշխարհում ամեն ինչ փորձում են անել փափուկ ձեռնոցներով: Սա ժամանակակից աշխարհի մշակույթի բաղկացուցիչ մասն է: Կարևոր մեկ բան էլ կա` մեր պատմության մեջ եղել են ողբերգական էջեր: Վերջինը մարտի 1-ն էր, երբ ուժային ձևով փորձվեց լուծել իշխանության հարցը: Նախորդ անգամ իշխանության հարց լուծվել էր հոկտեմբերի 27-ին: Տրամաբանությունը, որի շրջանակներում կատարվում են այդ գործընթացները, գոնե հիմնական խաղացողներին հայտնի են: Հիմա, երբ մարդիկ գործում են, այդ տրամաբանությունն էլ նկատի ունեն` ինչ անեն, որ բացառեն նման զարգացումները:

Պատահակա՞ն էր արդյոք, որ այս հրաժարականների շքերթն սկսվեց Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցից հետո:

Կարծում եմ` շատ էական գործընթացներ սկսվել էին մինչև Ս. Սարգսյանի այնտեղ մեկնելը: Բայց, իհարկե, այցը կարևոր էր:

Կոնկրետացնեմ հարցս: Երկու տեսակետ էր հնչում` Ս.Սարգսյանի` Պուտինի հետ հանդիպումը պետք է լուծեր մեկ հարց` նա, կոպիտ ասած, «դաբրո» ստանում է, թե ոչ: Այս փոփոխությունները վկայում են, որ ստացե՞լ է, թե՞ որ չի ստացել ու հիմա ի հեճուկս ամեն ինչի ազատվում է ոչ ցանկալի մարդկանցից:

 Սա գործընթացի ապարատային, ինտրիգային մասն է: Այսօրվա աշխարհում ընդհանրապես անիմաստ է նման խոսակցությունը: Եթե նույնիսկ երկու մարդ նստում են, մեկը մյուսին «դաբրո» է տալիս, շատ դժվար է ասել, թե իրականում ինչ եղավ և ինչ են անելու: Այս ամենը էական է մի տեսակետից` մենք շուտով կտեսնենք Ռուսաստանի արձագանքն այս ամենին, կտեսնենք` Արևմուտքն ինչ քայլեր է անելու, և կտեսնենք, թե մեզանում ինչ է լինելու: Սրանից կարող եք ստանալ ձեր հարցի պատասխանը, ինչն ամենևին էլ էական չէ: Էականն այն է` ի վերջո աշխարհի տարբեր կողմերը գիտակցված, թե չգիտակցված ձևով որքանո՞վ կնպաստեն մեզ մոտ դրական տենդենցներին:

ՀԱԿ-ի շատ կողմնակիցներ պնդում են, որ այս հրաժարականներով Ս.Սարգսյանը կատարում է ՀԱԿ-ի պահանջը. վերջինս ներկայացրել էր այն անձանց ցուցակը, ովքեր պետք է հեռացվեին համակարգից:

Այդ տեսակետն իրավիճակի հետ կապ ունի էսթետիկական առումով: Գեղեցիկ ձևակերպում է: Վերջիվերջո կարևոր է ոչ թե այն, թե ով ում և ինչ ասաց, այլ այն, որ երկիրը եկել է դինամիկ վիճակի, և ՀԱԿ-ի համար էլ դա շատ կարևոր ահազանգ է:

Քաղաքական պրոցեսների առումով այս զարգացումները ո՞ւր կարող են տանել:

Դրանք կբերեն փոփոխությունների: Իսկ թե վերջինները կլինեն զուտ արտաքին, թե կլինեն խորքային` կախված է խորքային պահերը գիտակցող հատվածի գործողություններից: Իսկ այդ հատվածի տեսակարար կշիռը այսօր մեծ չէ: Ընդհանրապես այսօր վիճակը շատ խաղային է: Ոչ մեկը հուսալի կետ իր ձեռքում չունի: Եթե զուտ ապարատային իմաստով նայենք, ապա փորձ է արվում այդ հուսալիությունը ստեղծել, ավելի ուժեղ հենարան ունենալ: Բայց ամբողջն այնքան հեղհեղուկ է, որ ստեղծված որևէ հենարան իրականում հենարան չէ: Ցանկացած կառույց, որ ստեղծված է Հայաստանում, ստեղծված է այնպես, որ եթե մեկ կետի հարված ես հասցնում, փլուզվում է: Ահա թե որքան հեղհեղուկ է ամեն ինչ:

Մեկնաբանություններ (1)

karen
Husanq wor in4 wor popoxutyun aynuamenayniv klini!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter