
ՀԷՑ-ի միլիոններն անէանում են Ռոբերտ Նազարյանի «հեզ» հայացքի ներքո
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սակագնային մարժայում «անխնա» կրճատում է ՀԷՑ-ի ծախսերը
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին նիստ է հրավիրելու՝ օրակարգում ներառելով նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները սահմանելու հարցը: Տեղեկատվությունը հանձնաժողովի կայքէջում տեղադրվել է այսօր:
Նշենք, որ էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները և ՀԷՑ-ը դիմել էին հանձնաժողով՝ առաջարկելով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: ՀԷՑ-ն առաջարկում էր սպառողներին մատակարարվող 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը սահմանել 58 դրամ 93 լումա, իսկ գիշերային սակագինը` 48 դրամ 93 լումա:
Հանձնաժողովի աշխատակազմը պատրաստել է նախագիծ, որով առաջարկում է 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը սահմանել գործող 41.85 դրամի փոխարեն 48.78 դրամ, իսկ գիշերային սակագինը` 31.85 դրամի փոխարեն 38.78 դրամ: Եթե որոշումն ընդունվի, ինչը գրեթե կասկածից վեր է, ապա էլեկտրաէներգիան օգոստոսի 1-ից սպառողների համար կթանկանա 6.93 դրամով:
«Հետքը» մի քանի հրապարակումներով անդրադարձել է ՀԷՑ-ի ու հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի «սիրախաղին»: Պատկերը կրկնվում է:
Հանձնաժողովի աշխատակազմն առաջարկում է կրճատել և սակագնային մարժայում չհաշվարկել մի շարք ծախսեր, որոնք ներկայացրել է ՀԷՑ-ը: Օրինակ՝ ՀԷՑ-ի 2013թ. սակագնային մարժայում խորհրդատվական և տեղեկատվական ծախսերը կազմել են 195.33 մլն դրամ, 2014-2015թթ. (2015թ. մինչև հուլիսի 31) մարժայում ՀԷՑ-ն առաջարկել է 217.71 մլն դրամ, սակայն հանձնաժողովը բավարարել է 214.63 մլն դրամի չափով: 2015-2016թթ. մարժայով ՀԷՑ-ը նույն նպատակի ծախսերը ներկայացրել է 309.22 մլն դրամի չափով, սակայն հանձնաժողովի աշխատակազմն առաջարկում է այդ տողի ծախսերից հիմնավոր համարել միայն 39.49 մլն դրամը՝ սակագնում չներառելով 269.73 մլն դրամի ծախսը:
Ուշագրավ է, որ 2013թ, սակագնային մարժայում մարկետինգի և գովազդի ծախսերը կազմել է 75.72 մլն դրամ: 2014-15թթ. սակագնային մարժայում նույն նպատակով ՀԷՑ-ն առաջարկել է 58.50 մլն դրամ, իսկ հանձնաժողովը ոչ թե հաստատել է ՀԷՑ-ի առաջարկը, այլ բարձրացրել է գումարի չափը միանգամից 16.58 մլն դրամով՝ սահմանելով 75.08 մլն դրամ: Այս անգամ իրավիճակը բոլորովին այլ է: ՀԷՑ-ը ներկայացրել է 56.05 մլն դրամի ծախս, սակայն հանձնաժողովի աշխատակազմի համար հիմնավոր է եղել 33.48 մլն դրամը՝ 22.57 մլն դրամով պակաս:
Թե ինչ է փոխվել մեկ տարվա ընթացքում և ինչ հիմնավորմամբ է նախորդ տարի սպառողը ՀԷՑ-ի մարկետինգի ու գովազդի համար վճարել 41.6 մլն դրամ ավելին, քան այս տարի է առաջարկվում հանձնաժողովի աշխատակազմի կողմից, գիտի միայն Ռոբերտ Նազարյանի ղեկավարած կառույցը:
Նույնը վերաբերում է նաև իրավաբանական և նոտարական ծախսերին, որը, ըստ հայտի, կատարում է Տեր-Տաճատյան ընկերությունը: Մասնավորապես՝ այդ տողով 2013թ. սահմանվել է 84 մլն դրամ, որը ներառվել է մարժայում, իսկ 2014-15թթ. ՀԷՑ-ն առաջարկել է 161 մլն, իսկ հանձնաժողովը հիմնավոր է համարել միայն 84 մլն դրամը: Այս անգամ ՀԷՑ-ը ներկայացրել էր 161.02 մլն դրամի ծախս, սակայն հանձնաժողովը ոչ մի դրամ հիմնավոր չի համարել՝ այդ տողով սահմանելով 0 դրամ: Դարձյալ անհասկանալի է, թե ինչու է տարիներ շարունակ հայ սպառողը իրավաբանական ծառայությունների այդ տողի համար իր գրպանից վճարել կլորիկ գումար, եթե այս անգամ հանձնաժողովի աշխատակազմը 0 դրամն է «ընդունելի» համարել: Ի՞նչ փոխվեց: Ի դեպ, այս տողով գումար ամեն տարի ներառվել է սակագնային մարժայում:
Տարիներ շարունակ գումարներ են վատնվել նաև հեռախոսակապի ծառայությունների մասով: 2013թ. մարժայով բջջային հեռախոսակապի համար սահմանվել է 106.1 մլն դրամ, ֆիքսված հեռախոսակապի համար՝ 55 մլն, իսկ միջազգային, ֆիքսվածից դեպի բջջային և միջազգային զանգերի համար՝ 111.6 մլն դրամ: 2015-16թթ. համար հանձնաժողովի աշխատակազմն առաջարկում է բջջային հեռախոսակապի համար սահմանել 50.9 մլն դրամ՝ 55.2 մլն դրամով պակաս, քան 2013թ., ֆիքսված հեռախոսակապի համար՝ 28.6 մլն դրամ՝ 26.4 մլն դրամով պակաս, իսկ ֆիքսվածից դեպի բջջային և միջազգային զանգերի համար՝ 7.4 մլն դրամ՝ 104.2 մլն դրամով պակաս:
Ընդհանուր առմամբ, եթե 2013թ. սակագնային մարժայում հեռահաղորդակցության ծախսերը կազմել են 272.7 մլն դրամ, ապա այս անգամ հանձնաժողովի աշխատակազմն առաջարկում է 185.7 մլն դրամով պակաս՝ 87 մլն դրամ:
Մամուլում և սոցիալական ցանցերում շատ քննարկվեց ՀԷՑ-ի կողմից վարձակալած ավտոմեքենաների մասին: 2015-16թթ. հայտում ՀԷՑ-ն առաջարկումէր սակագնային մարժայում ներառել ընդհանուր առմամբ 103 մլն դրամից ավել ծախս, որպես ավտոմեքենաների վարձակալության գումար: Հանձնաժողովի աշխատակազմը հիմնավոր է համարել գրեթե կեսը՝ մոտ 52 մլն դրամի չափով: Ասենք՝ ՀԷՑ-ը մարժայում ներառելու համար ներկայացրել է «RANGE ROVER HCE» մակնիշի ավտոմեքենայի վարձակալության գումար՝ 2 մլն դրամի չափով, հանձնաժողովի աշխատակազմը հիմնավոր է համարել 1 մլն 176.5 հազար դրամը:
Հանձնաժողովի աշխատակազմն առաջարկել է սակագնում չներառել ՀԷՑ-ի ներկայացրած «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենայի 2մլն 916.7 հազար դրամ վարձակալության գումարը, «Nissa Maxima» մակնիշի ավտոմեքենայի 1 մլն 377.5 հազար դրամը, «Chevrolet Lacetti» ավտոմեքենայի 970.7 հազար դրամը և այլն:
Պարզվում է ՀԷՑ-ը ցանկացել է սակագնային մարժայում ներառել նաև ընկերության գլխավոր տնօրենի ընտանիքի անվտանգությանապահովման ծախսերը՝ 3 մլն 840 հազար դրամի չափով, որը պետք է իրականացնի ՀՀ ոստիկանությունը: Նշենք, որ նման պայմանագրեր ՀԷՑ-ը կնքել է նաև նախորդ տարիներին: Հանձնաժողովի աշխատակազմն առաջարկել է այդ ծախսը չներառել սակագնում:
Կրճատվել են նաև գործուղման գումարները: Եթե նախորդ տարի հանձնաժողովը շռայլորեն բավարարել էր այդ նպատակով ՀԷՑ-ի ներկայացրած ծախսային առաջարկները, ապա այս անգամ վիճակը փոխվել է:
2014-15թթ. գործուղման շախսերը հանձնաժողովը բավարարել է 161.43 մլն դրամի չափով, իսկ այս անգամ աշխատակազմն առաջարկում է բավարարել 94.22 մլն դրամի չափով՝ 66.78 մլն դրամով պակաս: 161.52 մլն դրամ էլ եղել է 2013թ. մարժայում:
Ասենք՝ եթե նախորդ տարվա հայտով Մոսկվա մեկնելու ծախսերը կազմել են մոտ 20.03 մլն դրամ, ապա այս անգամ առաջարկվում է 11.06 մլն դրամ և այլն:
Սակագնում չներառված ծախսերը մնում են ՀԷՑ-ի վրա: Ընկերության ղեկավարության շռայլության արդյունքում է ՀԷՑ-ը հայտնվել ծանր ֆինանսական վիճակում: Սակայն այս ամենի մեջ իր մեղքի բաժինն ունեն նաև պատկան մարմինները, առաջին հերթին՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քանի որ տարիներ շարունակ գոհացրել է ՀԷՑ-ին, վերջինս էլ օգտվել է առիթից և իրեն շռայլություններ թույլ տվել: Վերը նշված փաստերը դրա վկայությունն են:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել