HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը դարձել է երիտասարդների աշխարհի չեմպիոն

Վրոցլավում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում մրցապայքարն ավարտեցին 77 կգ քաշային կարգի ուժեղագույնների՝ Ա խմբի 12 մասնակիցները: Նրանց շարքում էր ապրիլին Թբիլիսիում կայացած մեծահասակների Եվրոպայի առաջնությունում երկամարտի 350 կգ (164+186) արդյունքով բրոնզե մեդալակիր դարձած 19-ամյա Անդրանիկ Կարապետյանը:

Նա, ի դեպ, նաև 2012 թ պատանինների աշխարհի չեմպիոնն է, ու մինչ օրս նրան են պատկանում պոկում վարժության (151 կգ) և երկամարտի (331 կգ) աշխարհի պատանեկան ռեկորդները, որոնք նա սահմանել է Կոշիցեում կայացած աշխարհի պատանեկան առաջնության ժամանակ:

Ինչպես հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Վրոցլավում երիտասարդ հայ ծանրորդն իրեն կրկին լավագույն կողմերով դրսևորեց ու երկամարտի 335 կգ (155+180) արդյունքով հռչակվեց երիտասարդների աշխարհի չեմպիոն: Սակայն պետք է խոստովանել, որ այս հաղթանակը հայ դյուցազունին ամենևին էլ հեշտությամբ չտրվեց: Նա պոկում վարժությունում 155 կգ արդյունքով փոքր ոսկե մեդալը նվաճեց, սակայն բավական հուզվելու տեղիք տվեց իր երկրպագուններին, քանի որ 2 անհաջող մոտեցումներից հետո միայն վերջին մոտեցման ժամանակ իր կամքին ենթարկեց 155 կգ-անոց ոսկեբեր ծանրաձողը:

Հրում վարժությունում պայքարը շատ ավելի լարված ու անզիջում ստացվեց: Արդյունքում 12 մասնակիցներից 5-ը այս վարժությունում ձախողվեցին: Անդրանիկը առաջին մոտեցման ժամանակ 180 կգ բարաձացեց ու կրկին ստանձնեց առաջատարի դերը: Նրա գլխավոր մրցակիցը՝ 19-ամյա իրանցի ծանրորդ Ալի Միրին չնայած գործադրած բոլոր ջանքերին, թեժ մրցակցությունում չկարողացավ առաջ անցնել Կարապետյանից: Ճիշտ է, Միրին հրում վարժությունում 182 կգ ցուցանիշով փոքր ոսկե մեդալին արժանցավ, սակայն դա բավարար չեղավ Անդրանիկին երկամարտում շրջանցելու համար:

Իրանցի ծանրոդրն, ի վերջո երկամարտի 332 կգ (150+182) արդյունքով դարձավ աշխարհի փոխչեմպիոն: Բրոնզե պարգևը նվաճեց ռումինացի 18-ամյա ծանրորդ Իլիե Ստոյանն, ով երկամարտում արձանագրեց 326 կգ (148+178) արդյունք:

Հիշեցնենք, որ հունիսի 6-13-ին Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կայանում է երիտասարդների ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որում Հայաստանը ունի 3 պատվիրակ՝ գլխավոր մարզիչ Մելիք Ղուկասյանի ղեկավարությամբ. 77 կգ քաշային կարգի մեծահասակների Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 19-ամյա Անդրանիկ Կարապետյանը, 18-ամյա Նորայր Ավետիսյանը (85 կգ) և 2014 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն, 18-ամյա Սիմոն Մարտիրոսյանն, ով այս անգամ ուժերը փորձելու է գերծանր՝ +105 կգ քաշային կարգում:

Հունիսի 10-ին՝ ժամը 17-ին, 85 կգ քաշային կարգի ուժեղագույնների մրցապայքարին կներգրավի Նորայր Ավետիսյանն, ում երկամարտի նախնական պատվերը 355 կգ է: Ստուգատեսի վերջին օրը՝ հունիսի 13-ին՝ ժամը 11-ին, գերծանր՝ +105 կգ քաշային կարգի աշխարհի չեմպիոնի կոչման համար մղվող պայքարին կներգրավի Սիմոն Մարտիրոսյանն, ով երկամարտի 400 կգ նախնական պատվեր է ներկայացրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter