HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Ճեն Չանջիին

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Ճեն Չանջիի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ղջունելով պատվիրակությանը մեր երկրում՝ Հանրապետության նախագահը երկկողմ միջպետական կապերի ամրապնդման տեսանկյունից կարևորել է բարձր մակարդակի փոխայցերը, որոնք, նրա խոսքով, մեծապես խթանում են երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացումն ու տարբեր ոլորտներում փոխգործակցությունը: Այդ համատեքստում Սերժ Սարգսյանն անդրադարձել է ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի հրավերով ս.թ. մարտին Չինաստան կատարած իր այցին, երախտագիտություն հայտնելով բարձր մակարդակով կազմակերպված այցի, ջերմ հյուրընկալության և արդյունավետ հանդիպումների համար, որոնց ընթացքում ձեռք են բերվել երկկողմ կարևոր պայմանավորվածություններ, ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-չինական համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթեր: Դրանց իրականացման ընթացքին և այցի արդյունքների ամփոփմանը, նախագահ Սերժ Սարգսյանի հավաստմամբ, անդրադարձ կլինի Երևանում առաջիկայում կայանալիք հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի նիստում:

Հանրապետության նախագահը նշել է, թե հրաշալի տպավորություններ ունի ինչպես ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի, այնպես էլ ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճանգ Դըծյանի հետ ունեցած հանդիպումներից, ինչպես նաև Բոաոյում շատ բարձր մակարդակով կազմակերպված տնտեսական համաժողովից: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը ձգտում է տարեցտարի առավել ամրապնդել աշխարհի առաջատար երկրներից մեկի՝ Չինաստանի հետ կապերը և ուրախ է, որ երկկողմ հարաբերություններում կա դրական դինամիկա:

ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Ճեն Չանջին գոհունակությամբ է խոսել հայաստանյան այցի շրջանակներում մինչ այս ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարների հետ իր ունեցած հանդիպումների մասին, որոնք, նրա խոսքով, նոր խթան են հաղորդում միջխորհրդարանական և միջկառավարական համագործակցությանը: Ճեն Չանջին ևս հայ-չինական հարաբերությունների զարգացման տեսանկյունից մեծապես կարևորել է Սերժ Սարգսյանի այցը Չինաստան, նշելով, որ իր երկրում նույնքան բարձր են գնահատում այցի արդյունքներն ու համարում, որ այն ամուր հիմքեր է ստեղծել համագործակցության խորացման և փոխվստահության մթնոլորտում երկկողմ կապերի ամրապնդման համար՝ բոլոր ոլորտներում:

Զրուցակիցները կարևորել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-չինական համագործակցությունը:

ՀՀ Նախագահը և ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալը բարձր են գնահատել նաև բարեկամ երկու երկրներում իշխող կուսակցությունների միջև ձևավորված սերտ փոխգործակցությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter