HY RU EN

Վահե Սարուխանյան

Խաղ՝ պատվի համար. Հայաստան-Պորտուգալիա

Վաղը՝ 20:00-ին, Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կընդունի Պորտուգալիայի ընտրանուն: «Եվրո-2016»-ի ընտրական I խմբում սա կլինի մեր թիմի 5-րդ հանդիպումը: Հիշեցնենք, որ մինչեւ հիմա Հայաստանի ընտրանին ընդամենը 1 միավոր է վաստակել՝ Երեւանում 1-1 խաղալով Սերբիայի ընտրանու հետ: Մյուս հանդիպումներում մեր թիմը զիջել է մրցակցիներին. Դանիա-Հայաստան՝ 2-1Պորտուգալիա-Հայաստան՝ 1-0Ալբանիա-Հայաստան՝ 2-1: Հաշվարկից դուրս անցկացվող Ֆրանսիայի հավաքականի հետ երեւանյան հանդիպումն էլ ավարտվեց «Եվրո-2016»-ի եզրափակիչ մրցաշարի տանտերերի վստահ հաղթանակով՝ 3-0

Այս պահին I խմբի մրցաշարային աղյուսակն 9 միավորով գլխավորում է Պորտուգալիան, իսկ Հայաստանը եզրափակում է այն: 

Պորտուգալիայի եւ Հայաստանի հավաքականների առաջին հանդիպումը տեղի է ունեցել աշխարհի 1998 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում՝ 1996-ի օգոստոսի 31-ին Երեւանում: Խաղն ավարտվել է 0-0 հաշվով: 1997-ի օգոստոսի 20-ին Սետուբալում կայացած պատասխան խաղում դաշտի տերերը հաղթեցին 3-1 հաշվով. մեր թիմից միակ գոլը խփեց Էրիկ Ասադուրյանը: Թիմերը եւս երկու անգամ հանդիպեցին «Եվրո-2008»-ի ընտրական փուլում: 2007-ի օգոստոսի 22-ին լուսահոգի Իան Պորտերֆիլդի գլխավորությամբ մեր թիմը 1-1 խաղաց. ընդ որում՝ հաշիվը բացեց Ռոբերտ Արզումանյանը, իսկ հետո Ռոնալդուն հավասարեցրեց այն: 2007-ի նոյեմբերի 17-ին Լեյրիայում Հայաստանի հավաքականը պարտվեց նվազագույն հաշվով: 2014-ի նոյեմբերի 14-ին Ֆարուում Հայաստանի ընտրանին կրկին պարտվեց նվազագույն հաշվով. գոլը խփեց Ռոնալդուն: Դատելով վիճակագրությունից՝ այս անգամ էլ «Եվրոպայի բրազիլացիները» Երեւանում պիտի միավոր կորցնեն: 

ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակում այս պահին Հայաստանը 84-րդն է, իսկ Պորտուգալիան՝ 7-րդը: Ընդ որում՝ եթե մեր թիմը նախորդ ամսվա համեմատ նահանջել է 7 հորիզոնականով, ապա պորտուգալացիների դիրքն անփոփոխ է: 

Չնայած գործնականում մեր թիմը կորցրել է «Եվրո-2016»-ի եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորությունը, սակայն տեսականորեն դեռ հնարավոր է հաղթահարել փուլային արգելքը: Հիշեցնենք, որ ընտրական 9 խմբերի հաղթողներն ու երկրորդ տեղը զբաղեցրածները, ինչպես նաեւ երրորդ տեղի թիմերից լավագույն արդյունքն ունեցողը (ընդհանուր՝ 19 թիմ) միանգամից դուրս կգան եզրափակիչ փուլ, իսկ երրրորդ տեղ զբաղեցրած մյուս 8 թիմերը փլեյ-օֆ փուլում կխաղարկեն եւս 4 ուղեգիր: 23 երջանիկներին վերջում կմիանա տանտեր Ֆրանսիան, որն ազատված է ընտրական փուլի խաղերից, փոխարենը ընկերական խաղեր է անցկացնում վերջին՝ I խմբի թիմերի հետ:   

Ինչպես հայտնի է, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը պորտուգալացիներից հետ խաղաից առաջ կազմակերպված մարզական հավաքին հրավիրել էր 25 ֆուտբոլիստի, սակայն հարձակվող Յուրա Մովսիսյանը, ինչպես պարզ դարձավ, ի վիճակի չէր լիովին վերականգնվել վնասվածքից, դրա հետեւանքով էլ նրան ուղարկեցին ԱՄՆ՝ հետազոտվելու: Հավաքին ուշ ներկայանալու պատճառով կարգապահական տույժ է ենթարկվել պահեստային դարպասապահներից Արսեն Բեգլարյանը («Ուլիս»): Նրա փոխարեն «Բանանցից» հրավիրվել է Արթուր Թորոյանը:

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի «Դինամո» (Մոսկվա, Ռուսաստան)
Գևորգ Կասպարով «Միկա»
Արթուր Թորոյան «Բանանց»

Պաշտպաններ

Ռոբերտ Արզումանյան «Ամկար» (Ռուսաստան)
Հրայր Մկոյան «Էսթեղլալ» (Իրան)
Գաել Անդոնյան «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա)
Լևոն Հայրապետյան «Փյունիկ»
Տարոն Ոսկանյան «Փյունիկ»
Վարազդատ Հարոյան «Փյունիկ»
Կամո Հովհաննիսյան «Փյունիկ»
Արթուր Ավագյան «Գանձասար»

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)
Գևորգ Ղազարյան «Կերկիրա» (Հունաստան)
Մարկոս Պիզելլի «Ակտոբե» (Ղազախստան)
Արաս Օզբիլիզ «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)
Ռումյան Հովսեփյան «Մետալուրգ» (Դոնեցկ, Ուկրաինա)
Նորայր Ասլանյան «Ալմերե Սիթի» (Հոլանդիա)
Արտյոմ Սիմոնյան «Ցյուրիխ» (Շվեյցարիա)
Զավեն Բադոյան «Փյունիկ»
Կառլեն Մկրտչյան «Փյունիկ»
Արթուր Յուսպաշյան «Փյունիկ» 

Հարձակվողներ

Արթուր Սարկիսով «Վոլգա» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան)
Ռուսլան Կորյան «Լոկոմոտիվ» (Տաշքենդ, Ուզբեկստան)
Արթուր Միրանյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Վաղը կկայանա նաեւ Դանիա-Սերբիա հանդիպումը: Իսկ Ալբանիան ընկերական խաղ կանցկացնի ֆրանսիացիների հետ: