HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքաշինության նախարարը ներկայացրել է Ֆիրդուսի թաղամասի ներդրումային ծրագիրը

Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը մի շարք կառուցապատող ընկերությունների և բանկերի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է Երևանի քաղաքաշինական կարևորագույն ծրագրերից մեկի՝ Ֆիրդուսի շուկայի տարածքի կամ 33-րդ թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագիրը: «Տարիների պատմություն ունեցող այս ծրագիրը շատ կարևորում ենք, քանի որ այստեղ լուրջ խնդիրներ ունենք լուծելու, որոնցից առաջինն ու ամենակարևորը տվյալ իրացման տարածքի բնակիչների փոխհատուցման՝ առայսօր չլուծված հարցն է»,- ասել է նախարարը: Նախարարի ներկայացմամբ՝ վերջին մեկ տարվա ընթացքում Ֆիրդուսի շուկայի տարածքի բնակիչների փոխհատուցման և տարածքի կառուցապատման համատեքստում շատ կոնկրետ քայլեր են ձեռնարկվել, մասնավորապես, վարչապետին կից ստեղծվել է աշխատանքային խումբ, բազմաթիվ հանդիպումներ են ունեցել բնակիչների հետ: Խնդրո առարկա տարածքի վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումներին հաջորդել է տարածքի կառուցապատման հայեցակարգը, ներդրումային փաթեթը:

Ներկայացնելով 33 թաղամասի կառուցապատման ծրագիրն ու հայեցակարգը,  քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հորդորել է ներդրողներին՝ մասնակցել այս կարևոր ծրագրի իրականացմանը:

Ֆիրդուսի թաղամասի ներդրումային ծրագրի գրավչությունն ու առավելությունը նախևառաջ Հանրապետության հրապարակին հարակից լինելն է: Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող՝ ըստ Թամանյանի գլխավոր հատակագծի՝ Հարավային պողոտայի (ներկայիս Տիգրան Մեծի փողոցին հարակից) 5 հեկտարից ավելի տարածքում ներկայացված նախագծով նախատեսվում է բավական մեծ (85 մ տրամագծով), կլոր հրապարակ, մի շարք նոր փողոցներ, հասարակական և սպասարկման օբյեկտներ, բիզնես կենտրոններ և հյուրանոցներ: Ընդ որում, հանրային տարածքները լինելու են իրացման տարածքի կեսից ավելին:

Առավելությունների թվում է նաև այն, որ տարածքի բոլոր հուշարձան շենքերը մնում են իրենց տեղում, այսինքն՝ իրացման գոտին շրջանցում է այդ շենքերը:

Հանրապետության հրապարակին կից հատվածում բարձրությունները սահմանափակ են լինելու՝ Հանրապետության փողոցին և հրապարակին հարող բարձրությունները կլինեն 5-7 հարկ, կենտրոնական հրապարակը կունենա մինչև 30-36 մետր բարձրություն:

Ինչ վերաբերում է բնակելիներին, ապա դրանք կթույլատրվի կառուցել այն լոտերի սեփականատերերին, որոնք կունենան սպասարկման համար անհրաժեշտ բակային տարածքներ:

Ի դեպ, կառուցապատման ենթակա տարածքը ապագայում նոր փողոցով կկապվի վերնիսաժի հետ և քանի որ տարածական առումով մոտ են, հնարավոր է, այն ևս մշակութային, վերնիսաժային գործառույթներ ունենա:  

Կլոր հրապարակի տակ նախատեսված են մի քանի հարկ ստորգետնյա կայանատեղեր: Ներկայացված ճարտարապետական և քաղաքաշինական լուծումները և հատակագծային կառուցվածքը քննարկվել է ճարտարապետական հանձնաժողովի կողմից և հավանության արժանացել, եղել են մի քանի առաջարկություններ, որոնք կառուցապատման ընթացքում հաշվի կառնվեն:

Ընդհանուր առմամբ՝ նախատեսվում է կառուցապատել շուրջ 200.000 քմ մակերեսով շենքեր և շինություններ: Ցանկացած ներդրող գործ կունենա միայն հողամասը ձեռք բերելու հետ, իրացման հարցերն ամբողջությամբ կիրականացնեն կառուցապատող ընկերությունները՝ ՀՀ կառավարության համակարգման ներքո: Ինժեներական կոմունիկացիաները՝ գազ, ջուր, էլէներգիա, կիրականացվեն համապատասխան ընկերությունների կողմից, բարեկարգման լուսավորության, ասֆալտապատման խնդիրը ևս չի ծանրանա ներդրողի ուսերին:

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 3-4 տարում: Նախագծի ներդրումային ընդհանուր արժեքը կկազմի մոտ 300 միլիոն դոլարին համարժեք դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter