Ուզում եմ դառնալ քրեական իրավունքի մասնագետ, իմ կենսափորձով, գիտելիքներով փրկել անմեղ մարդկանց դատապարտումից
Մհեր Ենոքյան
«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Պատրաստվում եմ դատական հաջորդ նիստին. մի քանի օրից՝ հունիսի 15 -ին, առավոտյան 11-ին նորից կհանդիպենք «Նուբարաշեն» կլոր բանտում: Լավ է, որ նորից կտեսնեմ ծանոթ- անծանոթ, հին ու նոր ընկերներիս, «Հետքի» իմ գործընկերներին, որոնց երբևէ չէի տեսել, հանրության անդամներին, ովքեր ձգտում են արդարության:
Շատ կզարմանամ, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ ի դեմս դատավոր Մնացական Մարտիրոսյանի կայացնի արդարացի որոշում, այսինքն՝ պարտավորեցնի գլխավոր դատախազությանը վերաբացել 19 տարի առաջվա գործը: Կարծում եմ, որ եթե անգամ դատավորն անձամբ ցանկանա անկախ ու ինքնուրույն որոշում կայացնել, չի կարողանա, քանի որ դատավորները չունեն մեր երկրում ո՛չ ներքին, ո՛չ էլ արտաքին անկախություն (նկատի ունեմ անկախություն վերադաս դատական ատյաններից ու, իհարկե, գործադիր իշխանությունից): Որպես ապագա իրավաբանի` ինձ առանձնահատուկ հետաքրքրող թեմաներից մեկն էլ դատարանների անկախությունն է: Բայց այսօր չեմ ցանկանում ծանրանալ այս բարդ մասնագիտական հարցի վրա, այլ ուզում եմ պատասխանել Լեռ Կամսարի թոռնուհու՝ Վանուհի Թովմասյանի հարցերին, այդպիսով, սիրելի Վանուհի, երկխոսում եմ թե՛ քո, թե՛ մյուս ընթերցողների հետ:
Երբ նախորդ նամակ-հոդվածում կյանքիս փուլերը հարաբերականորեն բաժանել էի 3 մասի, հարցեր էիր գրել, թե ինչպիսին է եղել առաջին փուլի, ազատության մեջ ապրող Մհերը, ինչ մտածումներ է ունեցել երկրորդ փուլի՝ բանտված Մհերը և ինչպիսի Մհեր է վերադառնալու ազատություն: Սիրելի Վանուհի, երբ խոսել էի անաբիոտիկ վիճակի մասին, նաև հարցրել էիր՝ ինչպես է կոչվում հոգու գերհզոր վիճակը, որի կրողն էիր համարել ինձ: Շնորհակալ եմ, որ այդպիսին ես համարում ինձ: Բայց այստեղ այլընտրանք չկա, քան կոփել կամքդ, հավատդ, հույսդ ու շարժվել առաջ:
Ֆիզիկական ազատության մեջ 20 տարի ապրած Մհերի մասին շատ եմ գրել իմ գրքերում: Բայց այս պահին հիշեցի թիթեռ բռնող, բնություն սիրող, միշտ ժպտերես, ուրախ, պրպտող- հետազոտող, հարցասեր տղային: Չեմ հիշում մի դեպք, որ լաց լինեի, նույնիսկ երբ ընկնում էի, լաց չէի լինում, արագ ոտքի էի կանգնում, շարունակում վազվզել: Շատ սիրում էի արագության ու ազատության զգացողությունը, երբ հեծանիվ էի քշում: Իսկ հեծանիվ քշում էի ամառային արձակուրդներին առավոտից մինչ երեկո առանց հոգնության:

Երբեք ծնողներիցս ոչինչ չէի պահանջում, բայց ծննդյանս օրերին հայրս միշտ հարցնում էր, թե ինչ եմ ուզում որպես նվեր: Ես էլ պատասխանում էի՝ թութակներ կամ շնիկ: Ունեցա թե՛ թութակներ, թե՛ շնիկ, խնամում էի, մաքրում նրանց տարածքը, հաց ու ջուր անում: Ամեն օր փակում էի տան բոլոր պատուհաններն ու թութակներիս ազատություն տալիս. բաց էի թողնում վանդակից: Անգամ մասնագետներին ասում էի, որ ուզում եմ նրանց ազատություն տալ, բայց նրանք ասում էին, որ ազատության մեջ թութակները կսատկեն: Շարունակում էի հետազոտել կյանքը՝ կարդալ, դասերով զբաղվել, պարապել բուհ ընդունվելու համար:
Մահապատիժ- ցմահ բանտարկությունը ի՞նչ խլեց իմ կյանքից, մետամորֆոզ եղա՞վ իմ մեջ, ի՞նչ մտածումներ ունեի և ունեմ ես՝ ֆիզիկական անազատության մեջ ապրողս: Գրում եմ ֆիզիկական անազատություն, որովհետև հոգևոր առումով միշտ էլ ինձ համարել եմ ազատ մարդ: Չէ՞ որ երևակայությանս շնորհիվ ես մշտապես՝ 19 տարի շարունակ հոգով, մտքերով, էությամբ Ողջերի աշխարհում եմ: Բանտվածը միայն մարմինս է:
Երբեք իմ կյանքը ավարտված չեմ համարել, ընդհակառակը՝ մտածել եմ, որ Աստված ծրագիր ունի ինձ հետ, որ առաքելություն կա անելու: Սկզբում, ճիշտ է, անասելի դժվար էր գոյատևման առումով, բայց սթրեսային վիճակում օրգանիզմի ողջ ռեզերվային էներգիան սկսում է աշխատել: Ամեն օր Փոքրիկ Իշխանի նման (ում հետ, ի դեպ, այստեղ եմ ծանոթացել, երբ Կարմիր Խաչից սկսեցին մահապատժի դատապարտվածներին գրքեր բերել) մաքրում էի իմ մոլորակը, որը մի փոքր խուց էր, կարգի էի բերում ինքս ինձ, զբաղվում մարմնամարզությամբ, ինքնակրթությամբ: Այստեղ եմ ուսումնասիրել տարբեր գիտություններ՝ սկսած քվանտային ֆիզիկայից մինչև աշխարհի կրոնական ուղղություններ: Կարդում էի՝ ինչ ձեռքս ընկներ: Կարծում էի, թե հատուկ զգացմունքների համար նախատեսված սառնարանում սառեցրել եմ զգացմունքներս՝ այստեղ հայտնվելով: Բայց այդ խաբկանքն էլ փլուզվեց, երբ երկրորդ փախուստից հետո՝ 2010 թվականին ունեցա երկրորդ ծնունդս, երբ կապ կարողացա հաստատել Զուգահեռ աշխարհում ապրող մարդկանց հետ, երբ Դուք բոլորդ ինձ հնարավորություն տվեցիք սովորելու, աշխատելու, արտահայտվելու: Հասկացա, որ մանկությանից եկող հետազոտող, ռոմանտիկ տղան ոչ մի տեղ էլ չի կորել, նա ինձ հետ է:
Ինչպիսի՞ Մհեր կվերադառնա… և՛ բարդ, և՛ պարզ այս հարցիդ, Վանուհի ջան, պատասխանեմ՝ Աստված առաջ: Կգամ, անպայման կծանոթանանք: Մի բան հաստատ է՝ ուզում եմ դառնալ քրեական իրավունքի մասնագետ ու իմ կենսափորձով, իմ գիտելիքներով փրկել անմեղ մարդկանց հանիրավի դատապարտումից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել