HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի ցուցանմուշի պատմություն. զրահագնացքը, որ դարձավ մանրակերտ

Աննա Բաբաջանյան

Հայաստանի երկաթուղու թանգարանում երկաթուղու պատմության տարբեր  ժամանակահատվածներ ներկայացնող ցուցանմուշների շարքում  իր կարեւոր տեղն  է գրավել մի մանրակերտ: Դա   «Վարդան Զորավար» զրահագնացքն է: Ցուցանակի վրա նաեւ տարեթիվ կա` 1918թ.: Այս անունն այցելուին կարող է ակամա հիշեցնել    Ե.Չարենցի  հայտնի պոեմներից մեկը` «Զրահապատ  «Վարդան Զորավար»-ը:

«Հեռագիրը եկել էր տասնևհինգ ժամ առաջ

Ցերեկը, ժամը տասներկուսին:

Նա վերցրել էր թուղթը, կարդացել էր արագ,

Եվ, հազիվ նկատելի, ցնցվել էր ուսը:

Հեռագրում գրված էր երկու տող.

«Ալեքպոլ: Հույժ կարեւոր: Արագ:

«Զրահապատ «Վարդան Զորավարը» թող

«Անմիջապես մեկնի Երեւան: Նախարար»:

Քիչ է պատահում, որ որեւէ ռազմական մեքենա կամ գնացք իր հետքը թողնի պատմության էջերում կամ, առավել եւս, տեղ զբաղեցնի թանգարանում: Սակայն «Վարդան Զորավար» զրահագնացքին վերապահված էր այդ ճակատագիրը նախեւառաջ 1920 թ մայիսյան օրերին իր խաղացած դերով: Այդ տագնապալի օրերին Երեւանյան փողոցներում տարածվում էին թռուցիկներ, որոնցում, մասնավորապես, ասվում էր. «Մի խումբ բախտախնդիր ստահակներ դաւաճանօրէն իրենց ձեռքն են գցել Ալէքսանդրապօլու  կանգնած «Վարդան Զօրավար» զրահապատ գնացքը, գնդացիրների ու թնդանօթների  սպառնալիքով իրենց ենթարկելով Ալէքսանդրապօլի զօրքի  մի մասը` խռովութիւն անիշխանութիւն են տարածում իրենց շուրջը»: 

Եթե Մայիսյան ապստամբության օրերին զրահագնացքը խորհրդանշում էր վտանգը, որ կախվել էր երկրի գլխին, ապա  ի սկզբանե այն եղել էր հայկական զենքի հաղթության խորհրդանիշ: Հայ-վրացական պատերազմում մեր զինվորներն այն գրավել էին վրացական բանակից եւ դրան տվել էին փառապանծ անուն` «Վարդան Զորավար»:  Պատմության  էջերը թերթելով` իմանում ենք, որ 1918 թ. հակառակորդի կողմից գլխավոր շարասյունը լուրջ դիմադրության հանդիպեց Սանահինի մոտ, որտեղ հայերը, մարտի արդյունքում, առգրավեցին վրացական երկու զրահագնացք (իսկ երրորդը վրացիները պայթեցրել եւ նետել էին փոքր-ինչ ավելի հյուսիս, քանի որ Այրումի մոտ ճանապարհը փակել էր այնտեղ դուրս եկած աջ զորասյունը):

Նորաստեղծ հայկական բանակի զրահագնացքներն, առասարակ,  հիմնականում նախատեսված էին երկաթուղային ճանապարհներին մոտ գտնվող ռազմավարական նշանակության օբյեկտների պաշտպանության եւ համազորային մյուս զորատեսակներին կրակային աջակցություն ցուցաբերելու համար:  Բայց այդ գնացքներից միայն մեկին էր վիճակված անցնել  պատմության գիրկը:   «Վարդան Զորավար»-ը, սակայն,  խորհրդային կարգերի հաստատումից հետո անվանափոխվեց: Այն արդեն կոչվում էր «Մուսայելյան»` Մայիսյան ապստամբության ղեկավարներից Սարգիս Մուսայելյանի անունով:

Անշուշտ, ժամանակը կարող է անողոք լինել նույնիսկ ամուր ու կոփածո զրահագնացքի նկատմամբ. այն չի պահպանվել մինչեւ մեր օրերը: Սակայն ականատեսների, վավերագրերի, մասնագետների հիշողության, վկայությունների, լուսանկարների շնորհիվ ստեղծվել է «Վարդան Զորավար»-ի մանրակերտը` իբրեւ մեր ժողովրդի պատմության դրամատիկ շրջանի վկա: Այս գնացքին հետագայում պետք է անդրադառնար նաեւ նկարիչ  Հակոբ Կոջոյանը` իր « Զրահապատ Վարդան Զորավար» նկարում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter