HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիրտս լցվել էր, երբ ինձ տեսա շան, աշխարհին էլ` էն տիրոջ դերում, որը հետդ խաղալու հավես չունի

Մանե Գրիգորյան

«Ձմռանը թրթուրներին հավաքեցի, որոնք սատկելու էին, ուշ էին ծնվել, բերեցի տուն, բանկայի մեջ տերևներ լցրեցի ու ձմեռվա կեսին մեր տանը թիթեռ հայտնվեց»,- բուսաբանական այգում ես ու Գեորգին մի ծառի վրա թառել ու խոսում ենք բնությունից, կենդանիներից, թռչուններից, իր տանն ապրող 33 շներից, որոնցից յուրաքանչյուրի հաչոցը նա տարբերում է, կարող է ասել, թե այդ 33-ից որ մեկը ճանկռեց դուռը….և առհասարակ վերջերս հասկացել է, որ հենց շան նման է սիրում: «Փաստորեն ես իրենցից եմ սովորել սիրել: Սիրտս լցվել էր, երբ ինձ տեսա շան , աշխարհին էլ` էն տիրոջ դերում, որը հետդ հավես չունի խաղալու  ու կոպիտ հրում է քեզ, երբ լիզում ես դեմքը»,- անկեղծանում է Գեորգին: Օրը բերնեբերան լցված է թռչուններով, կարծես նրանք էլ ասելիք ունեն, կարծես Գեորգիի կենդանաբանական այգու աշխատանքային օրվա շարունակությունը լինի, ասես թռչունները զգում են` ծառին նստած այս գանգրահեր տղան, որ թվում է ` քեզ ուր որ  կուբայական սիգար է հյուրասիրելու, և հրավիրելու  է սամբա պարելու, իրենց հետ անմիջական կապ ունի: Գեորգին կատակում է` թռչունները հավաքվել են, պապային ճանաչում են:

Գեորգին աշխատում է կենդանաբանական այգում` որպես թռչունների բաժնի ավագ խնամող: Նա հասցրել է երկու անգամ անվճար ընդունվել Համալսարանի կենսաբանության ֆակուլտետ, և երկու անգամ էլ թողել ուսումը: «Կենսաբանությունը միշտ հետաքրքրել է, օլիմպիադաներ, առաջին կարգեր: Բոլորն ուզում էին բժշկական ընդունվեմ, ընդունվեցի անվճար պետ. համալսարանի կենսաբանության ֆակուլտետը, էնտուզիազմը կար, ամեն ինչ լավ էր, հետո կենցաղը ճնշեց, աշխատանքն ու ուսումը իրար խառնվեցին, ու երբ էնտուզիազմիդ համարժեք մարդկանց վերաբերմունք չես տեսնում, փակվում ես: Կոնֆլիկտի պատճառով թողեցի ուսումը, բանակից վերադարձա, նորից անվճար ընդունվեցի, հետո հենց քննության ժամանակ ուղղակի դիմում  գրեցի ու թողեցի ուսումը երկրորդ անգամ»,-ասում է Գեորգին:

Գեորգիի տնային կենդանիները

Բնությունը սիրելը մամայից է գալիս, մաման կենսաբան է: Առաջին անգամ փոքր էի, ծնունդիս օրն էր, դրսում ես ու քույրս էպիլեպսիկ շուն գտանք, բերեցինք ու այդպես մնաց մեր տանը, անունը Չալո էինք դրել, հետո դժվարություններ ի հայտ եկան,  շանը ուրիշին տվեցինք, բայց  երևի չհամակերպվեց, որոշ ժամանակ անց փախավ, հետ եկավ: Էստեղից  սկսվեց կենդանիների հետ մեր ակտիվ շփումը: Մրջնանոց եմ ունեցել ակվարիումի մեջ, ծաղիկի համար հող էի փորում, հողը հանելուց մրջնանոցը քանդեցի, հետս բերեցի, տեղավորեցի ակվարիումի մեջ, էդպես մեծացան:

Գյումրիում մի լճակ կար, ես ու քույրս  անընդհատ էնտեղ էինք գնում, էնտեղից մի օձ էինք «որդեգրել-բերել», թեպետ տատս առնետներից և օձերից վախենում էր, բայց երկուսին էլ պահում էինք: Մի շաբաթ գրպանումս եմ պահել,  որ ոչ ոք չտեսնի, հետո տատիկը համակերպվեց: Երբ տեղափոխվեցինք Երևան, սեփական տանը բավականին շատ կենդանիներ սկսեցինք պահել, փողոցից բերած 33  շուն ունեմ, որոնց նաև բուժել եմ: Բաժանում ենք, թե ով որտեղ պետք է քնի, բայց առհասարակ ագրեսիվ չեն: Կենդանիներին շատ սովորական եմ ընդունում, ոնց որ մարդկանց որոնք միշտ կողքիդ են, ու ժամանակի հետ էլ չես հասկանում, թե ինչ ես զգում նրանց հանդեպ: Ուղղակի գիտես, որ իրենք կան:

Մի ժամանակ երբ անտառ շատ էի գնում, զգում էի, որ բնությունը հանգստացնում է: Հիմա ամենօրյա իրարանցման մեջ սիրելի շներս էլ երբեմն կարող են նյարդայանցնել: Բնության հետ շփվելով դիմակազերծզվում ես:

Թռչունների հետ շփման  մասին

 Պատկերացում կա մարդկանց մոտ, որ եթե կենդանին կուշտ է և առողջ,  ուրեմն իր մոտ ամեն ինչ լավ է, բայց դա միանշանակ չէ, կենդանին մարդու պես կարող է սթրես տանել, միայն նրա համար, որ  փակված է, իր բնական միջավայրում չէ և իր ռեֆլեքսները չի կարողանում օգտագործել: Թռչունների տեսականին կենդանաբանական այգում օրեցօր մեծանում է, ես թռչունների բաժնում ավագ խնամող եմ, ավելի կոնկրետ զբաղվում եմ գիշատիչ թռչուններով: Պատնեշներ ենք ստեղծում,  որպեսզի կենդանիներն իրենց պաշտպանված գգան մարդկանցից, հարմարանքներ, որ կերը ման գան- գտնեն, իրենց թվա, որ որսում են, հատուկ հարմարանքներ, որպեսզի կարողանան ցատկել: Այսինքն պետք է հաշվի առնել կենդանու պահանջմունքները, և հարմարեցնել այգին այնպես, որ մկանների հետ աշխատելու հնարավորություն լինի: Կենդանի պահելը առաջին հերթին մեծ պատասխանատվություն է: Ոնց որ երեխային կամ հիվանդ մարդուն, եթե առանց սիրո խնամես, քո վերաբերմունքը շատ շուտ կփոխանցվի, այնպես էլ կենդանու դեպքում է: Կենդանին կարող է հարձակվել, վնասել, կարող է կամակորություններ անել, դու ուզես, որ ինքը ուտի, ինքը չուտի, վերջիվերջո դու էդ կենդանու կեղտն ամեն օր մաքրում ես, պետք է սիրես, որպեսզի կարողանաս անել: Ես սիրում եմ կենդանիներին: Կարծում եմ իրենք էլ ինձ: Մի անգամ մի դեպք եղավ. սպիտակ կարապի մոտ բազմացման շրջանն անհանգիստ էր, պաշտպանում էր իր տարածքը, ագրեսիա էր ցույց տալիս, սև կարապների զույգ ունեմ, որ ինձ  սիրում են` տեսնելով սպիտակ կարապի ագրեսիվ վարքագիծը արագ մոտեցան ու քշեցին նրան: Ես հասկանում, զգում եմ` ուզում է կենդանին ուտել,թե ոչ, ինչից է վախենում, ոնց քայլեմ իր կողքով որ չնեղվի, չվնասի իրեն: Մարդ կա կենդանիների հետ շփման եկարատև փորձ ունի, ու ամեն ինչ ենթարկում է վերլուծության, իմ դեպքում  ավելի շատ զգացողությանս եմ վստահում: Խնամածս թռչուններից գառնանգղը ճուտ է ունեցել. սովորաբար անազատ պայմաններում իրենք ճուտ չեն ունենում, բայց փաստ է, որ ստեղծված պայմաններում կարողացավ ունենալ և պահել, որը ինձ շատ ուրախացնում է: Թռչունները, որոնց վարժեցնում եմ որսի համար շատ զգայուն են, երբեմն կտրուկ շարժումից կարող է վախենան, ու հիշելով դա` այլևս քեզ մոտ չթողնել: Ազատավանդակի մի կողմով եմ քայլում, որ մյուսով իրենք անցնեն, որովհետև ամեն դեպքում իրենք ինձ որպես ընկեր չեն ընդունում: Անկանոն չեմ շարժվում: Թռչունները շատ շփվող կենդանիներ չեն, բայց կան թռչուններ, որոնց հետ որոշակի կապ է ստեղծվել: Օրինակ փոքր ճուռակ ունեմ, որը չի փախնում, երբ կերակրում եմ:

Կենդանիների հետ շփման մասին

Կենդանիների կողքին դու չես փոխվում: Անկեղծ եմ իրենց հետ: Լամանաերը շատ շփվող են, նույնիսկ միմիկա ունեն, գայլերին, արջերին եմ շատ սիրում, իրենց հետ հետաքրքիր է, որքան ինտելեկտը բարձր է կենդանու, այնքան շփվելն ավելի հետաքրքիր է, արածիդ արդյունքը տեսնում ես: Արձագանքում են իրենց հետ քո աշխատանքին: Գայլի հետ հեռավորության վրա կարող ես խաղալ: Արջերի համար զբաղվածության ավելի բարդ հնարքներ եմ մտածում, քան թռչունների:

Մարդկանց ու կենդանիների հետ շփման մասին

Կենդանիների հետ համբերությամբ եմ աշխատում, մարդկանց հետ` ոչ: Մարդիկ գիտակցություն ունեն և պետք է չստիպեն, որ դու իրենց համբերես, կենդանիների դեպքում այլ է, եթե անգամ գիտակից լինեին, իրենք մեղավոր չեն, որ գնացել, քիթս մտցրել եմ իրենց տեսակի և բնության մեջ. իրենք հաստատ դա չեն խնդրել:

Սիրում եմ գրել: Գրելիս հասկանում եմ, որ սիրում եմ: Կենդանաբանական այգի աշխատանքի անցնելուց հետո երկու գիրք եմ գրել` թեպետ դեռ խմբագրված չեն:

Կենդանաբանական այգու աշխատակիցները, որոնք կենդանիների հետ շփումը, նրանց վարքագիծը ենթարկում են վերլուծության, նույնն անում են նաև մարդկանց հետ շփվելիս: Իմ դեպքում անալիզի չենթարկվածները զգացողությունները ևս գործում են: Կենդանիների հետ շփումը դժվարեցնում է մարդկանց հետ քո հարաբերությունները, որովհետև իրենք  բոլորը քո համար անազնիվ են դառնում: Ահավոր է գիտակցելը, որ շանն ու մարդուն նույն ձև չես կարող սիրել: Եթե մարդկանց հետ խոսես, ապա կխոստովանան, որ  կյանքում գոնե մեկ անգամ կենդանու հետ խոսակցություն են ունեցել, և դա իրենց ամենաազնիվ զրույցն  է եղել:

Ամեն վայրկյանս նվիրում եմ կյանքիս հնարավոր և անհնար սցենարների ստեղծմանը

Ես երազող եմ: Սկանդալիստ, տաքարյուն, կենդանի սիրող հավաքական կերպար շրջապատի համար. իրականում էդպես չի: Ես իմ աշխարհում եմ ապրում, որտեղ երազանք չեմ անվանում  ինչ-որ նպատականման բաների, որոնք  ունեն կոնկրետ  ուղղվածություն և բացառում են շատ ուրիշ երազներ: Ամբողջ կյանքում բժիշկ, դերասան, չեմպիոն դառնալու համար քանդվում ու վերացվում են մանկական շատ երազներ: Դրանք երազանքներից նպատակների են փոխակերպվում, ու ի վերջո ոչ այնքան երազելու արժանի իրականության: Եթե ոչ բոլորը, ապա ճնշող մեծամասնությունը իրենց մանկության անվերջ թվացող օրվա ամեն վայրկյանի մեջ մի ուրիշ լեգենդի հերոս էր, ու պատկերացրած սցենարները փշաքաղեցնում էին, սիրտ տրոփեցնում: Երազներում մենք նայում ենք մեզ կողքից` հերոսին գնահատող հայացքով, ու ինքներս թույլ չենք տալիս  նրան վատը լինել. միշտ բարի, ուժեղ, գեղեցիկ ենք դրանց մեջ: Կարծում եմ, որ եթե երազների նման մանկական վիճակները չփոխարինվեն, աշխարհն շատ ավելի գեղեցիկ կլինի:

Կյանքը մի քիչ այլ է, սոցիումը պահանջում է իրենը, երազողի այդ վիճակը խանգարում է: Բայց ես, եթե ուզեմ էլ, հետ չեմ կարողանա գնալ ու դուրս գալ այն աշխարհից, ուր ամեն վայրկյանս նվիրում եմ կյանքիս հնարավոր և անհնար սցենարների ստեղծմանը:

Ավելի ուշ  երկնքից  ոչ խնձորներ, և ոչ էլ կուբայական սիգարներ թափվեցին, երկնքում կուտակված թռչունների աղմուկն աստիճանաբար հանդարտվեց: Ճանապարհին Գեորգին խոսում էր գրականությունից, ասում, որ չի ուզում մի բառը մյուսի վրա աղյուսի պես շարվի ու ծանրանա, ուզում է թեթևության հասնել: Ասում էր, որ իր գրած գրքում  դառնում է հայելի` հնարավորություն  տալիս մարդուն կողքից տեսնելու և դրանով իսկ սիրելու իրեն…

Ավելի ուշ սոց. ցանցով նամակ եմ ստանում.

-Էս բոլոր զգացածներիս մի քիչ ցինիզմ ավելացրեցի, ու սկսեցի մի նոր բան գրել` ինչպես միշտ մնացածը կիսատ թողնելով: Երևի կենդանիների մասին գրածներիցս ամենախորհրդանշականն է լինելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter