
Շախմատի սիրահար Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալը զբաղվելու է հանքարդյունաբերությամբ
Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վարչական տարածքում նախատեսված ոսկու հանքավայրին հերթական անգամ հավակնում է նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմը:
Եթե Մոտկորի սրտում նախատեսված հանքավայրի նախագծում ներգրավված է նախագահի անվտանգության պետ Վաչե Ղազարյանը՝ կնոջ միջոցով, ապա այս անգամ պաշտոնյայի՝ իր կնոջ անվամբ բիզնեսը ձևակերպելու նույն սցենարով մասնակիցը ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանն է: Վերջինս, հիշեցնենք, 2013թ. Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալն էր:
Հունիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Կութի գյուղապետարանում տեղի կունենա Կութի ոսկեբեր տեղամասի 2015-2018թթ. ընթացքում կատարվելիք երկրաբանահետախուզական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: Նախագիծը նաև բնապահպանական փորձաքննության է ներկայացված:
Համաձայն «Դրաղեգ Մետալ» ընկերության ներկայացրած նախագծի՝ նախատեսվող երկրաբանահետախուզական աշխատանքները կատարվելու են Գեղարքունիքի մարզի Սևանա լճի հարավարևելյան մասում` Վարդենիսի տարածաշրջանում, Կութ գյուղից մոտ 1 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս-արևելք:
Համայնքի ավագանին ընկերության ստեղծումից մեկ շաբաթ անց տվել է նախնական համաձայնություն՝ հողի նպատակային նշանակության փոփոխման և վարձակալության պայմանագրի կնքման համար: Իսկ նորաստեղծ ընկերությունը «Դրաղեգ Մետալ» ՍՊԸ-ն է:
Ընկերությունը հիմնադրվել է այս տարվա մայիսի 7-ին: ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ միակ հիմնադիրը և բաժնետերը ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանի կինն է՝ Անուշ Ասլանյանը: Ընկերությունը գրանցված է Եզնիկ Կողբացու 42, բն. 13 հասցեում: Սա ինչպես Լ. Յոլյանի, այնպես էլ նրա կնորջ գրանցման հասցեն է:
Լևոն Յոլյանը տարբեր պետական պաշտոններ է զբաղեցրել: Եղել է ՀՀ պետական առողջապահական գործակալության պետի տեղակալ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ: 2007թ. նոյեմբերից ՎՊ խորհրդի անդամ է: 2013թ. դեկտեմբերի 13-ից վերանշանակվել է ՎՊ նախագահի տեղակալի պաշտոնում: Ունի շախմատի գծով միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալն է: Կենսագրության մեջ նշվում է, որ Լևոն Յոլյանի նախասիրությունը Հայաստանում շախմատի զարգացումն է:
Թե ինչու է շախմատի սիրահար Լևոն Յոլյանը որոշել հանքարդյունաբերությամբ զբաղվել, փորձեցինք պարզել անձամբ իրենից: Լևոն Յոլյանը, սակայն, առավոտից խորհրդակցության էր: Համենայնդեպս, մեր զանգերին պատասխանող քարտուղարուհին այդպես էր ասում:
Մեկնաբանել