HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հասկանալ ինչ է դիվերսիան և գնահատել թշնամու դիվերսիոն գործունեությունը կանխողներին

2015թ. հունիսի 10-ին Արցախի Ազգային ժողովի նիստում իմ ելույթի ժամանակ ես քննադատեցի կառավարությանը Ազգային անվտանգության ծառայության վրա ծախսվող գումարների համար: Ելույթի այդ մասն այսպիսինն էր. «Կառավարության այս ծրագրում խոսվում է պաշտպանունակության և զինված ուժերի մարտունակության պահպանման մասին: Այսօր մեր բանակը կարիք ունի բազմաթիվ պայմանագրային ծառայողների, այնինչ մենք մեզ շռայլություն ենք թույլ տալիս երկրում պահել անիմաստ ուժային կառույցներ: Միլիոնավոր դոլարներ ենք ծախսում Ազգային անվտանգության ծառայության պահպանման համար, երբ կարելի էր այդ գումարներն ու կադրային ռեսուրսն ուղղել սահմանների պաշտպանությանը: Սրա փոխարեն ունենք քարվաճառյան դիվերսիաների խայտառակ պատմությունը, դրանք կանխել չկարողացած ծառայություն:

Ի՞նչ է այսօր ԱԱԾ-ն: Ֆեյսբուքում ֆեյքերի բուծմամբ զբաղվող հաստատություն, որտեղ վատնում են հանրային միջոցները, իսկ իրենց ձախողումները պատճառաբանում Արցախի չճանաչվածությամբ:  Ու՞մ է պետք սեփական քաղաքացիներին լրտեսող այս կառույցը: Ազգային անվտանգության հարցերը կարգավորվում են Օմարի և Մռավի գագաթներին, ոչ թե նախընտրական շրջանում սրան-նրան արջի ծառայություն մատուցելով: Հետևաբար մենք պարտավոր ենք կրճատել այս կառույցի ծախսերը և փոխարենն ավելացնել բանակին տրվող գումարները»:

Ազգային անվտանգության ծառայության մասին իմ կարծիքը նախկինում ևս հնարավորություն եմ ունեցել հրապարակայնորեն հնչեցնելու և այդ մոտեցումների մեջ փոփոխություն չի եղել:

Այս ելույթին հաջորդեց Արցախի վարչապետի պատասխանը, որտեղ հիմնականում իմ դեմ հռետորական մեղադրանքներ էին հնչեցվում: «Գոնե մեկ օր պետք է ազգային անվտանգության համար ծառայած լինել, որ Դուք իրավունք վաստակեք խոսել ազգային անվտանգության ծառայության կամ էլ պաշտպանության մասին»: «Գոնե պետք է հասկանալ ի՞նչ է դիվերսիան, ի՞նչ է դիվերսանտը և ինչպես կարելի է դիվերսանտի դեմ պայքարել: Եվ եթե չգիտենք ի՞նչ է դա և ինչպես պետք է դրա դեմ պայքարել, պետք չէ դրա մասին խոսել»:

Մի կողմ դնենք, որ ես երկու տարի ծառայել եմ դիվերսիոն-հետախուզական խմբում և առնվազն տեսականորեն ծանոթ եմ քննարկվող նյութին: Վարչապետի պատասխանից ստացվեց, որ կառավարությունում լավ են տեղյակ թե ինչ է դիվերսիան և դրա դեմ պայքարը: Այդ դեպքու՞մ ինչով է բացատրվում դիվերսիայի դեմ պայքարող կամ մարտական առաջադրանք կատարող հատուկ նշանակության հետախուզական խմբերի պայմանագրային զինծառայողների անբավարար վարձատրությունը: Վերջին տարիներին թշնամու դիվերսիոն ակտիվությունը զսպող այս կարևոր ստորաբաժանումների զինծառայողները կարիք ունեն ավելի մեծ ուշադրության և աշխատավարձի առնվազն կրկնակի բարձրացման: Ես դա առաջարկել եմ անել ԱԱԾ-ին տրվող գումարների կրճատման հաշվին, դիվերսիայի «գիտակները» միգուցե այլ գումարներ գտնեն:

Հայկ Խանումյան

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter