Տուն չհասնող գազատարի, մաշված ջրագծի ու քարաթափվող ճանապարհների արանքում
Գայանե Սարգսյան
Քարինջի 14 մլն-անոց բյուջեն չի բավարարում
Մի քանի ամիս է՝ գազատար խողովակները հասել են Լոռու մարզի Քարինջ գյուղ, սակայն գյուղացին չի կարողանում տուն հասցնել: Մինչ օրս գազասպասարկման ծառայությունում բաժանորդ դառնալու համար 160 տնտեսությունից ընդամենը մի քանիսն է դիմում գրել: Գյուղապետ Նորայր Մկրտումյանն ասում է, որ շատերն են ցանկանում օգտվել կապույտ վառելիքից, բաժանորդ դառնալու համար պահանջվող ծախսերը, սակայն, քչերը կարող են հոգալ:
«2 կմ 800 մետր երկարությամբ գազատարը հարևան գյուղից հասցվել է մեզ մոտ, բայց հլա որ չունենք ոչ մի աբոնենտ, ոչ մեկը չի միացրել»,- ասում է գյուղապետը:
Ձմռանը քարինջցիները տները տաքացնում են շրջակա անտառներից բերված փայտով: Ամռանը, սակայն, երբ ջեռուցման խնդիր չկա, փայտ վառելն այլևս ձեռնտու չէ: 41-ամյա Հարություն Մկրտումյանը գազ ունենալու ակնհայտ առավելությունը ներկայացնում է սուրճ եփելու օրինակով. «Հիմի մի գավաթ սուրճ եփելու հըմար պեչկը վառիլ տի, էն հադաղ գազը կվառի, կեփի, կհյուրասիրի ձեզ,- ասում է նա ու դիմում կողքին կանգնած կնոջը,- աղջի՛, գնա կոֆե եփի, բի, է…»:
Հանձնարարականը տալուց հետո Հարությունն անդրադառնում է քարինջցիների սոցիալական վիճակին: «Ժողովուրդը փող չունի, որ գազը քաշի: Հես այ, ստի ա, ես էլ եմ ուզըմ քաշեմ,- ասում է ու ցույց տալիս հարևան փողոցով ձգվող գազատարը,- 100 քանի հազար մանեթ փող ա, դե քաշի…Էսօր ապրելու խնդիր ա, որ օրվա հաց աշխատենք…Մարդիկ հիասթափված են, դեպի ապագան հույս չունեն, որ ինչ-որ լավ բան կըլնի»,- ասում է նա:
![]() |
![]() |
| Նորայր Մկրտումյան | Ալիսա Յոլչյան |
«Որ երկու վեդրո վեկալած, ուսերը կախ ըլած գան… ձեռներներուն էնքան երգարըմ ա, ոտներներուց երգար ա ըլնմ»
Գյուղացիները բակերում աղբյուրներ ունեն, որոնց ջուրը խմելու համար պիտանի չէ: Այն օգտագործվում է բացառապես ոռոգման նպատակով: Քարինջցու ամենօրյա պարտականությունը հարևան թաղամասերից խմելու ջուր կրելն է, որն այստեղ կանանց «մենաշնորհների» շարքից է : Օրվա մեջ մեկ-մեկուկես ժամ եկող ջրից բոլորը պետք է հասցնեն օգտվել, եթե չեն ուզում անջուր մնալ:
«Տանջանք ա, տանջանք գեղի կյանքը: Ջուրը կրովի ա, վերևից ենք կրըմ: Սարըմն էլ ենք կրըմ, գյուղըմն էլ ենք կրըմ»,- դժգոհում է Հարությունի կինը՝ Ալիսա Յոլչյանը:
Հարությունն էլ իր կողմից հավելում է. «Որ երկու վեդրո վեկալած, ուսերը կախ ըլած գան… ձեռներներուն էնքան երգարըմ ա, ոտներներուց երգար ա ըլնմ»:
1970-ականներին անցկացված խմելու ջրատարը կապիտալ վերանորոգման կարիք ունի. լուրջ ֆինանսական ներդրումներ են անհրաժեշտ, որի հնարավորությունն այսօր համայնքի բյուջեն չունի: Գյուղապետի խոսքով՝ 14 մլն-անոց բյուջեից 5-6 մլն-ը գյուղապետարանի աշխատավարձն է, մնացածն էլ ծախսվում է գյուղացիներին ֆինանսական աջակցություն տրամադրելու, ծնունդների ու մահվան դեպքերում աջակցելու, գործուղումների, գյուղամիջյան ճանապարհների բարեկարգման, փոսալցման ու այլ փոքր ծրագրերի վրա:
![]() |
![]() |
| Հարություն Մկրտումյան | Վանիչկա Պետրոսյան |
Քարինջում բոլոր խնդիրները մղվում են երկրորդ պլան, երբ խոսքը վերաբերում է ճանապարհներին
«Ճանապարհները սոսկալի են: Հատկապես ձմռանը գալ-գնալը շատ դժվարանում է: Կապը քաղաքի հետ մի ավտոբուս է, էտ էլ մեկ-մեկ աշխատում է, մեկ-մեկ՝ չէ, ու մարդիկ իրենց ունեցվածքը՝ պանիրը, յուղը, չեն կարողանում տանել Վանաձոր կամ Ալավերդի»,- նշում է 67-ամյա Վանիչկա Պետրոսյանը:
Գյուղապետը նշում է, որ ճանապարհների վիճակն այսչափ վատթար չէր լինի, եթե «տեխնիկա՝ գրեդեր լիներ, ամիսը մեկ աշխատանքներ արվեին»: Համապատասխան տեխնիկա գյուղը չունի. արդյունքում չունի նաև ճանապարհ: Այս ամենին գումարվում է նաև ճամփեզրի ժայռերից քարաթափումների վտանգը ու Քարինջի ճանապարհին մի քիչ կասկածում ես՝ գյուղ տանող ճամփան գյուղ կհասցնի, դժոխք, թե՝ դրախտ:
«Հատկապես գարնանն անձրեւաջուրը մտնում է քարերի արանքներն ու քայքայում… Գալուց տեսած կլինեք՝ ինչքան քարեր կան թափված: Մարդիկ ընտանիքով գնում գալիս են՝ վերև նայելով, որ կարող ա էսա քարն ընկնի: Քարաթափման վտանգը մեծ է հատկապես Թումանյան բարձրացող 3-րդ կմ-ի վրա եւ Քարինջի մուտքի մոտ՝ 500 մետր ճանապարհահատվածում»,- ասում է գյուղապետը:
Թումանյանի տարածաշրջանում մինչ օրս շատ լավ են հիշում 80-ականներին մարցեցի մի ընտանիքի՝ քարաթափման տակ մնալու դեպքը:
«5-6 հոգով մնացին քարերի տակ, մահացան… Մեկ էլ տեսնում ես՝ մեքենայից 50 մետր առաջ կամ հետո քարերը թափվեցին: Բա ինչքան էլ դեպքեր են եղել, որ ընկել են ավտոների վրա: Մարդկային զոհ չենք ունեցել, բայց նյութական վնասներ են կրել»,- պատմում է գյուղապետն ու հույս հայտնում, որ վերջերս գյուղ այցելած ու խնդրին տեղեկացած արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման նախարարը քայլեր կձեռնարկի:
Տեսանյութեր
Լուսանկարներ



Մեկնաբանել