HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանում օտարերկրացիներին Tax Free-ով 307 մլն դրամ է վերադարձվել

Հայաստանում Tax Free-ի ներդրման օրվանից՝  2014  թվականի մարտի 1-ից, մինչև 2015-ի հունիսը այս համակարգի միջոցով օտարերկրացիներին է վերադարձվել  307,2 մլն դրամ։ Դրանք Հայաստանում օտարերկրացիների գնած ապրանքների ավելացված արժեքի (ԱԱՀ) հարկի գումարներ են, որոնք նրանց է վերադարձվել Tax Free համակարգով աշխատող խանութներից գնումներ կատարելու համար։ Նշած ժամանակահատվածում Հայաստանում Tax Free-ից օգտվել է 1877 օտարերկրացի։ Այս մասին «Հետքը» տեղեկացավ ՀՀ ֆինանսների նախարարությունից։ Նախարարության տեղեկատվական բազաներում առանձնացված հաշվառում չի վարվում, թե որ երկրի քաղաքացիներին են վերադարձվում գումարները: Ուստի՝ հնարավոր չէ իմանալ, թե ավելի շատ որ երկրի քաղաքացիներն են Հայաստանում օտվել Tax Free-ից։

Ինչ է Tax Free-ն

Այս համակարգը Հայաստանում գործում է ավելի քան մեկ տարի։ Բայց, կարծեք, ՀՀ քաղաքացիների քիչ մասը գիտի դրա մասին։ Պատճառն այն է, որ դա վերաբերում է ոչ թե իրենց, այլ՝ Հայաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիներին։ Խոսում ենք այն համակարգի մասին, որի վերաբերյալ կանաչ շրջանակով գովազդները փակցված են Երևանի, ինչպես նաև՝ մարզերի քաղաքների  մի շարք խանութներում։

Երբ օտարերկրյա քաղաքացին Հայաստանում գնումներ է կատարում Tax Free ցուցաթերթիկով խանութներից և այդ ապրանքը Հայաստանից դուրս տանում, ապա մաքսատանը կամ օդանավակայանում  նրան է վերադարձվում ապրանքի համար գանձված ԱԱՀ-ն, այսինքն՝ ապրանքի 16,67%-ը։ Սակայն, համակարգից օգտվելու համար  նա պետք է մեկ օրվա ընթացքում ձեռք բերած լինի առնվազն 100 հազ. դրամի ապրանք (ներառյալ՝ ԱԱՀ-ն) նույն խանութից կամ նույն հարկ վճարողից։ Ձեռք բերված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ն օտարերկրյա քաղաքացիներին վերադարձվում է Հայաստանից մեկնելիս՝ օդանավակայաններում և սահմանային բոլոր մյուս անցակետերում: Այդ նպատակով մաքսավորին են ներկայացվում անձնագիրը, ԱԱՀ վերադարձի հարկային հաշվի թղթային տարբերակը կամ ՀԴՄ հարկային հաշիվը, արտահանման ենթակա ապրանքների դիմաց կատարված վճարումը հավաստող փաստաթուղթը (ՀԴՄ կտրոնը, կամ դրամարկղի մուտքի օրդերը, կամ բանկային փոխանցման անդորրագիրը), ԱԱՀ վերադարձի հարկային հաշվում (ՀԴՄ հարկային հաշվում) նշված՝ արտահանվող ապրանքը, իսկ օդային ճանապարհով մեկնելու դեպքում՝ նաև թռիչքի կտրոնը: Մաքսային մարմինը «Tax free invoice» կամ հսկիչ-դրամարկղային մեքենայի «Tax free» հաշվի վրա դնում է «Ենթակա է վերադարձման» կնիք` նշելով նաև վերադարձման ենթակա գումարը, որը ստացվում է բանկային փոխանցմամբ` 30 օրվա ընթացքում կամ կանխիկ` անցակետերում գործող բանկային մասնաճյուղերից: 

 Մինչև Հայաստանից արտահանելը ապրանքը չպետք է օգտագործած լինի և պետք է ունենա գործարանային փաթեթավորում կամ պիտակավորում։ Համակարգը չի վերաբերում սննդամթերքին, ծխախոտի արտադրանքին, դեղորայքին, մշակութային արժեք ունեցող ապրանքներին, տրանսպորտային միջոցներին և դրանց առանձին մասերին։ Համակարգի նպատակն է խթանել արտահանումը Հայաստանից։ 

Այս համակարգը տարբեր երկրներում գործում է տարբեր կանոններով։ Բելառուսում http://www.tax-free.by/, օրինակ, ԱԱՀ-ն վերադարձվում է մեկ օրվա ընթացքում նույն խանութից առնվազն 800 հազ. բելառուսական ռուբլու   գնում կատարելու դեպքում։ Վերադարձվում է ապրանքի գնի 15%-ը։ 

Tax Free-ն Հայաստանում լավ չի գովազդվում

Գաղտնիք չէ՝ որպեսզի ցանկացած համակարգ, որը նեդրվում է պետության կողմից, պատշաճ ծառայի իր նպատակին, անհրաժեշտ պայմաններից մեկը լավ գովազդն է։ Բայց Tax Free-ն Հայաստանում լավ չի գովազդվում։ Ճիշտ է՝ խանութներում դրա վերաբերյալ ցուցաթերթիկները կան, դրանք ևս գովազդ են, բայց  որոշ խանութների վաճառողներ ու աշխատակիցներ հստակ չգիտեն, թե ինչի համար է դա։ Մենք հարցումներ ենք կատարել Երևանի մի քանի խանութներում և հարցրել, թե ի՞նչ են նշանակում այդ թերթիկները, ու՞մ համար են, որքա՞ն գնում պետք է կատարել դրանից օգտվելու համար և այլն։ Այլ խոսքով՝ Tax Free-ի կանոնների մասին, որոնք նշեցինք վերևում։ Քիչ խանութների դեպքում ստացանք հստակ պատասխաններ։ Մեծ մասում աշխատակիցները թերի ինֆորացիա տվեցին, որից պարզ դարձավ, որ նրանք ոչ ամբողջական պատկերացում ունեն համակարգի մասին և որոշ դեպքերում նշում էին, որ երբ հերթը հասնի Tax Free-ից օգտվելուն, «օգնության կհասնի» խանութի տերը, որն ավելի լավ գիտի այդ համակարգի կանոնները։

Այն, որ համակարգը լավ չի գովազդվում վկայում է նաև այն, որ ԶԼՄ-ում չկան դրա վերաբերյալ տեղեկություններ ու գովազդներ։ Միայն մի քանի տեղեկություններ տարածվեցին, երբ Tax Free-ն ներդրվեց Հայաստանում։

Առաջին հայացքից թվում է, թե ՀՀ քաղաքացիներին առանձնապես պետք էլ չի, որ հետաքրքրի այս համակարգը, քանի որ իրենց չի վերաբերում։ Բայց Հայաստան ժամանող զբոսաշրջիկների զգալի մասը ՀՀ քաղաքացիների ծանոթ-բարեկամ-հայրենակիցներն են, որոնք այստեղ գալով՝ իջևանում են հենց նույն քաղաքացիների տանը։ Ու նույն քաղաքացիներն էլ նրանց համար հաճախ զբոսաշրջավարի դեր են կատարում։  Այսինքն՝ եթե տեղացին լավ իմանա այդ համակարգի մասին, կարող է ուղղորդել իր հյուրին օգտվելու դրանից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter