HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի 2015 թվականի զբոսաշրջային քարտեզ. ևս մեկ քայլ դեպի քաղաքային զբոսաշրջության զարգացում

Մայրաքաղաքի զբոսաշրջության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է Երևանի 2015 թ. զբոսաշրջային քարտեզը: Երկլեզու՝ ռուսերեն և անգլերեն տարբերակով տպագրված քարտեզը ներկայացնում է մայրաքաղաքի կենտրոնի զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերը՝ պատմամշակութային հուշարձաններ, թանգարաններ՝ այդ թվում Ցեղասպանության հուշահամալիրը, ցուցասրահներ, եկեղեցիներ, զբոսայգիներ, ինչպես նաև Կենդանաբանական այգին, առողջապահական հաստատությունները:

Մայրաքաղաքի կենտրոնում կողմնորոշվելուն աջակցող քարտեզում նշված են նաև Երևանի մետրոպոլիտենի կայարանները, կենտրոնի հեծանվային կանգառները: Առանձին՝ օգտակար տեղեկատվություն սյունակով էլ ներկայացված են շտապ բուժօգնության, ոստիկանության և այլ ծառայությունների հեռախոսահամարները, կայքեր: Այստեղ նշված է նաև Երևանի քաղաքապետարանի թեժ գծի և տուրիզմի բաժնի հեռախոսահամարները: «Երևանի 2015 թվականի զբոսաշրջային քարտեզը կազմվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձն ու ընդունված չափորոշիչները:

«Քարտեզը տպագրվել է քսան հազար օրինակով: Այն կոմերցիոն նպատակ չի հետապնդում և անվճար բաժանվելու է օդանավակայանում, զբոսաշրջային ընկերություններում, սպասարկման կենտրոններում, այդ թվում՝ հյուրանոցներում և սպասարկման տարբեր օբյեկտներում: Ուսումնասիրելով դաշտը՝ մեր գլխավոր նպատակն էր ունենալ մեկ միասնական զբոսաշրջային քարտեզ-ուղեցույց, որի  օգնությամբ Երևան այցելող զբոսաշրջիկները կկարողանան հեշտորեն կողմնորոշվել քաղաքում: Բացի այդ, քարտեզը որոշակի առումով նաև ինքնատիպ մասնագիտական աջակցություն է զբոսաշրջային ընկերություններին»,-ընդգծել է Մարիա Բարաղամյանը:

Երևանի պատմությանը ծանոթանալու, տեսարժան վայրերը կարճ ժամանակում տեսնելու և քաղաքի ռիթմը զգալու համար զբոսաշրջիկներին, որպես խորհրդատվություն, առանձին առաջարկվում է նաև այցելության 12 վայր՝ էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան, Երևանի քաղաքի պատմության թանգարան, Մատենադարան, Վերնիսաժ, «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային երթուղին, զբոսանք Կասկադում և Հյուսիսային պողոտայում: Ի դեպ, քարտեզում առկա է նաև մշակութային որոշ հաստատությունների աշխատանքային ժամերի և մուտքի պայմանների հետ կապված տեղեկատվություն:

Մարիա Բարաղամյանը նաև տեղեկացրել է, որ կարևորելով մայրաքաղաքի համաչափ զարգացման սկզբունքը՝ հետագայում նախատեսվում է քարտեզում ընդգրկել նաև մյուս վարչական շրջանները:

Անդրադառնալով զբոսաշրջության զարգացման ուղղությամբ տուրիզմի բաժնի կողմից իրականացվող ծրագրերին՝ նշվել է, որ աշխատանքներ են տարվում միանգամից մի քանի ուղղություններով: Հատկապես վերջին շրջանում շեշտադրված ուշադրություն է դարձվում մայրաքաղաքում միջոցառումային զբոսաշրջության զարգացմանը: Այս համատեքստում առանձնացվել է փառատոների անցկացումը, այդ թվում «Երևանյան ամառ 2015» ծրագրով օրեր առաջ «Համով–հոտով Երևան» խորագրով տոնածիսական ուտեստների փառատոնը, որն իր հերթին լայն արձագանք էր գտել և հետաքրքրություն առաջացրել զբոսաշրջիկների շրջանում:

«Դեռևս 2014-ին «Էրեբունի-Երևան 2796» միջոցառումների շրջանակում անցկացված «Երևան 2025» համաժողովի ընթացքում ներկայացվեց մայրաքաղաքի զարգացման տեսլականը, որի մեջ առանձնանում էր Երևանը զբոսաշրջության տարածաշրջանային կենտրոն դարձնելու նպատակը: Սա իհարկե, շատ ծավալուն աշխատանք է, սակայն քայլեր այս ուղղությամբ արդեն ձեռնարկվում են: Արդեն մեկուկես տարի շարունակվում են աշխատանքները քաղաքի տարածքային բրենդի մշակման ուղղությամբ»,-ընդգծել է  տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը:

Խոսելով մայրաքաղաք այցելող զբոսաշրջիկների վիճակագրությունից՝ նշվել է, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2015 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 232 հազար 583 զբոսաշրջիկ, որի 34 տոկոսը՝ ԱՊՀ, ավելի քան 18 տոկոսը՝ եվրոպական երկրներից: Մարիա Բարաղամյանը շեշտել է, որ մեր երկիր այցելող գրեթե բոլոր զբոսաշրջիկներն իրենց հանգստի նվազագույնը 2-3 օրն անցկացնում են Երևանում:

Հետաքրքրական է, որ ռուսական պարբերականները, անդրադառնալով գարնանը կանանց և մայիսյան տոների անցկացման լավագույն վայրերի ընտրությանը, նախընտրելի ուղղություն են դիտարկել և հյուրանոցների ամրագրման տեսանկյունից առաջատար դիրքերում է գտնվել Երևանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter