HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Թոնի Մորոյան. «ՏՏ ոլորտի հայ մասնագետները պահանջված են արտասահմանում»

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը նախանձելի վիճակում է։ Այսպես է կարծում «Վիասֆեր Ինթերնեշնլ» վենչուրային ընկերության (ԱՄՆ) և Երևանում գործող «Վիասֆեր» տեխնոպարկի  գլխավոր տնօրեն և նախագահ, «ԱրմԹեք» համաժողովի համահիմնադիր և նախագահ, տասնյակ ընկերությունների հիմնադիր Թոնի (Էնթոնի) Մորոյանը։ Նա հարուստ կենսագրությամբ հայերի շարքում է։ Անմիջական մասնակիցն է աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների հեղաշրջման և մեծ դեր ունի Հայաստանում ՏՏ ոլորտի առաջխաղացման հարցում։

«Հետքը» նրա հետ զրուցել է հայաստանյան ՏՏ ոլորտի ձեռքբերումների, մարտահրավերների, մասնագետների արտագաղթի և սպասելիքների մասին։

-1991  թվականին  առաջին անգամ եկաք Հայաստան՝ ուսումնասիրելու այստեղի ներուժը բարձր տեխնոլոգիաների զարգացման հարցում։ Ի սկզբանե ի՞նչ տպավորություն ստացաք։

- Այդ թվականին առաջին անգամ էի հայրենիքում։ ԱՄՆ-ում եմ ապրել, բայց հայ եմ դաստիարակվել և մեծացել։ Շատ խառը տպավորություններ ստացա այստեղից։ Այդ ժամանակ ԽՍՀՄ-ը փլուզվել էր, Հայաստանն ազատ էր, բայց անկախ չէր։ Տնտեսությունն էլ թույլ մակարդակում էր։ Ես և բարձր տեխնոլոգիաների ոլորտի մի քանի մասնագետներ Հայաստանի կառավարության հրավերով այստեղ մասնակցում էինք հանրագումարի՝ գնահատելու երկրի ներուժը։ Ժողովուրդը շատ ջերմ էր։ Հանրագումարին լավ էր կազմակերպված։

Շատերը գալիս էին մեզ մոտ ու ցույց տալիս, թե ինչեր են հայտնագործել, ինչ նոր բաներ են ստեղծել, որոնք վերաբերում են նոր տեխնոլոգիաներին։ Ունեին հստակ պատկերացումներ, գաղափարներ։ Խելքի ու գաղափարի պակաս չկար։ Հասկացանք, որ տեսականի պակաս չկա, բայց գործնականը բացակայում է։ Մարդիկ հնարավորություններ չունեին իրենց տեսական գիտելիքները, գյուտերը գործնականում կիրառել։ Տպավորված էի գիտությամբ։ Մարդկանց մի մասը, երբևէ ապրած չլինելով դրսում, լավ էր խոսում անգլերեն, ինչը զարմանալի էր ինձ համար։

Այդ ժամանակ չկային համակարգիչներ ու ինտերնետ։ Փոքր երկրի համար շատ դժվար էր կայանալը։ Բայց ես տեսնում էի այն  ներուժը, որն Հայաստանն ուներ և ունի բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Այդ ոլորտը զարգացնելը դժվար էր, քանի որ հնարավորությունները քիչ էին։ Հայաստանի տնտեսական դժվարությունները շատ էին խանգարում։ Իսկ մարդկանց կամքն այստեղ ինձ պարզապես  հիացնում էր։

-Ու, կարծեք, սպասելիքներն արդարացան, ներուժն էլ օգտագործվեց

-Այո, Հայաստանը ՏՏ ոլորտում մեծ ու հստակ քայլեր արեց։ Ու այսօր այս ոլորտում նախանձելի դիրք ունի՝ այդքան փոքր երկիր լինելով հանդերձ։  Հայաստանը շատ բախտավոր գաղափարների և մարդկային ներուժի առումով։ Հիմա այստեղ ինտերնետը շատ արագ է ու միջազգային չափանիշներին համապատասխան։ Մասնագետները պահանջված են ու հմուտ։  Զարգացումը հայաստանյան  այս ոլորտում մեծ թափ ստացավ  2000 թվականից։ Հիմնվեցին մի շարք ընկերություններ, ներդրումներ կատարվեցին։ Հիմա բարձր տեխնոլոգիաներն այստեղ զարգացած են գրեթե բոլոր ճյուղերում։ Աշխատավարձներն էլ մյուս ոլորտների համեմատ բարձր են։ Հեռանկարներ կան։ Բարձր տեխնոլոգիաների համաշխարհային ասպարեզում Հայաստանն այսօր առաջատար երկրների շարքում է։ Օրինակ՝ Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (ԷՆԱ) ոլորտում։

-Ի՞նչ դիրքերում ենք մեր հարևանների հետ համեմատած։

-Վրաստանից, Ադրբեջանից ու Իրանից շատ ավելի առաջ ենք։ Իսկ Թուրքիայից առաջ ենք ՏՏ որոշ ճյուղերում, որոշներում էլ՝ իրենք են առաջ։

-Իսկ Սիլիկոնյան հովիտն այսօր ճանաչու՞մ է Հայաստանը։

-Վստահաբար կարող եմ ասել՝ այո։ Եվ դա մեզ համար շատ կարևոր է։

-Ի՞նչ դեր են ունեցել «ԱրմԹեք» http://www.armtechcongress.com/arm Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ ամենամյա համաժողովներն այդ հարցում։ Հայտնի է, որ այն այս տարի անցկացվելու է Հայաստանում։ Որքանո՞վ ենք մենք պատրաստ դրան։

-«ԱրմԹեքն» այդ հարցում առաջնային դեր է ունեցել։ Առաջին համաժողովն անցկացրել ենք 2007-ին, բայց դրան պատրաստվել ենք 2005-ից։ Շատերը պնդում էին, որ մենք փոքր երկիր ենք և նման համաժողովների համար չունենք հնարավորություններ, ոչնչի չենք հասնի։ Բայց մենք հակառակն ապացուցեցինք։  Առաջին համաժողովի համար ընտրեցինք Սան Ֆրանցիսկոն և այնտեղ գտնվող Fairmont անունով հյուրանոցը, որը լավագույնն էր Սիլիկոնյան հովտում։ Համաժողովը մեծ խնդիրներ է լուծել։ Առաջին հերթին՝ աշխարհը ճանաչեց Հայաստանը որպես ՏՏ ոլորտի մեծ ներուժ ունեցող երկիր, այստեղ կատարվեցին ներդրումներ, բացվեին նոր ՏՏ ընկերություններ, ստեղծվեցին կապեր ու նոր հնարավորություններ։ Մենք պատրաստ ենք «ԱրմԹեքն» այս տարի Հայաստանում անցկացնել։ Ունենք բարձրակարգ հյուրանոցներ ու ծառայություններ, անգլերենի գերազանց մասնագետներ, կազմակերպչական բոլոր հնարավորությունները։ Համոզված եմ՝ շատ լավ է անցնելու։ Կլինի, հավանաբար, հոկտեմբերին։ Կոնկրետ օր և հյուրերի քանակ դեռևս ասել չեմ կարող։

Ի դեպ, դեռ ոչ մի երկիր չի կարողացել այս մակարդակի համաժողով անցկացնել։ «ԱրմԹեքը» դեռևս միակն է։ Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը փորձեցին դա անել, բայց չստացվեց։

-ՏՏ ոլորտն այսօր Հայաստանի տնտեսության գերակա ճյուղ է համարվում։ Սպասելիքները շատ են, այդ թվում՝ ներդրումների հարցում, որոնց Ձեր խոսքով՝ «ԱրմԹեքը» մեծապես նպաստել է։ Պաշտոնական վիճակագրությամբ՝ վերջին տարիներին այս ոլորտում կատարվող ներդրումների տեմպերը թուլացել են։ Դա, թերևս, Հայաստանյան ՏՏ ոլորտի առաջնային խնդիրն է։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ է պետք փոխել։

- Այո, այս ոլորտում ներդրումները, կարծեք, պակասել են։ Ավելի շատ ներդրումների կարիք ունենք։ Ներդրում ասելով՝ պետք չէ կենտրոնանալ միայն փողի վրա։ Ճիշտ է՝ դա կարևոր է, բայց առաջին հերթին ներդրումային միջավայրն է պետք բարելավել։ Ներդրումների համար հարկավոր են միջազգային կապեր, գիտության զարգացում և որ ամենակարևորն է՝ ներդրողը պետք է այստեղ պաշտպանված լինի օրենքով։ Նա պետք է վստահ լինի, որ խնդիրների դեպքում օրենքը կգործի, նա պետք է հստակ գործող ու թափանցիկ օրենքներ տեսնի։ Այդ պաշտպանվելու գաղափարն ամենամեծն է։ Նա պետք է ռիսկերի ճիշտ գնահատականներ ստանա, «անակնկալներ» չպետք է լինեն։ Նրան կանխատեսելիություն է պետք։ Հայաստանում այս ամենը շտկելու կարիք կա։

-Բացի ներդրումները, նաև մասնագետների արտագաղթի, ասել է թե՝ «ուղեղների արտահոսքի» խնդիր ունենք։ Հայ ծրագրավորողները հաճախ են արտասահմանից աշխատանքի հրավերներ ստանում՝ բավականին գրավիչ պայմաններով, ու հեռանում այստեղից։ Դրա համար ի՞նչ լուծումներ եք տեսնում։

-Մեր հմուտ մասնագետների թիվը փոքր է, պահանաջարկը՝ մեծ թե Հայաստանում, թե դրսում։ Դա պետք է իմանանք ու հետևողական լինենք։ Պետք է բարձրացնել կրթության որակն ու որակյալ մասնագետների թիվը: Դա համալսարանների պարտականությունն է: Ծրագրավորողների աշխատավարձներն այստեղ բարձր են, բայց, այո, դրսում ավելի բարձր են վարձատրում։ Իրականում, դա շատ դժվար հարց է։ Գնացողների թիվը վերջերս մեծացել է։ Մեծ մասն, այսպես  թե այնպես, գնալու է՝ կարևոր չէ, թե ինչ պայմաններ այստեղ կառաջարկես։ Բայց այստեղ պետք է պայմանները բարելավենք։ Լավ մասնագետը պետք է հստակ ապագա տեսնի իր հայրենիքում։ Այդ հարցի լուծման սկիզբը ես տեսնում եմ ներդրումների ավելացումից։ Եթե դրանք աճեն, նոր ընկերություններ բացվեն, աշխատավարձի չափերը ևս կմեծանան։ Ի վերջո, մասնագետների մեծ մասը կնախընտրի մնալ իր երկրում։

-Իսկ Հայաստանում ՏՏ ոլորտում գաղափարների պակաս կա՞։

-Ամենևին։ Գաղափարների և ծրագրերի պակաս չունենք։ Ես դա պարծանքով եմ ասում։ Մենք միշտ ձգտում ենք լավագույնին։ Մանավանդ՝ հիմա։ Հայաստանում մարտահրավերներից չեն վախենում։ Պետք է ստեղծենք պայմաններ, որ պրոֆեսիոնալներն այստեղ մնան։ Առհասարակ, տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային ոլորտում նոր կանոններ են գործում։ Ոլորտը շատ արագ է զարգանում ու փոփոխվում։ Հայաստանը պետք է կատարելագործման գնա ու ավելի մրցունակ լինի։ Մենք օգտագործել ու պետք է օգտագործենք նաև սփյուռքի հայ մասնագետների ներուժը։ Մենք պատրաստ ենք այդ ամենին։ Նորից շեշտում եմ մասնագետների՝ որակյալ մասնագետների թվի ավելացման կարևորությունը: Այս հարցի վրա կրթության պատասխանատուները պետք է կենտրոնանան:

Մեկնաբանություններ (3)

հրաչ
Հայաստանի ՏՏ «մեծ ներուժի» եւ փայլուն ապագայի մասին հին երգի նոր կատարող է հայտնվել: Արդեն ավելի քան 15 տարի՝ միշտ ինչ-որ մեկին ձեռնտու է այս վարկաբեկված թեման շրջանառության մեջ մտցնելը եւ միշտ գտնվում են մարդիկ, որ պատրաստ են լսել այս հեքիաթը:
Aram
Thanks Tony Maroyan for your contributions for Hayastan a
To Hrach
Դե ում համար հեքիաթա ու համարել 15տարի առաջվա հեքիաթը դարձելա իրականություն։ 22-23տղերքը ՏՏ-ի ոլորտի շնորհիվ բարձր աշխատավարձով գործ ունեն։ Դուել երևի 15տարի առաջել մշտական բողոքում էիր, 15տարի հետոել որ ՏՏ-ի վարկաբեկված ոլորտը շատ ավելի մեծ հաջողությունների հասնի էլի մենակ կբողոքես։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter