HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկում է «Ֆրեսկո» արդի արվեսի և հոգևոր ֆիլմերի փառատոնը

Հունիսի 27-ից հուլիսի 5-ն արդեն 2-րդ անգամ Երևանում և մարզերում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը: Այս մասին տեղեկացնում է փառատոնի մամուլի ծառայությունը.

«Նախաձեռնությունը առաջարկում է փառատոնի անցկացման բոլորովին նոր` հանրության մեջ արմատացած պատկերացումներից տարբերվող ձևաչափ, փառատոն, որի նպատակը ոչ միայն հոգևոր, ասելիք ունեցող համաշխարհային կինոնմուշների ցուցադրությունն է, այլև դրանցում արծարծված հարցերի շուրջ առողջ և ազատ հանրային քննարկումների կազմակերպումը:

Այս տարի փառատոնի ծրագրում ներառված են նաև լուսանկարների ցուցահանդեսը և ավազանկարչական շոուն, որոնք Կարապի լճի տարածքում դիտելու հնարավորություն կունենան բոլորը:  

Հայաստան բերված ֆիլմերը դուրս կգան կինոդահլիճներից ու բառի բուն իմաստով կմտնեն փողոց:  Շուրջօրյա բացօթյա ցուցադրություններն ու «առանց տոմսի» կինոդիտումները 9 օր շարունակ կդառնան հայաստանցիների առօրյայի անբաժան մասը: Սովորական աթոռներին կփոխարինեն հատուկ բարձերը, իսկ փառատոնի տեղացի և օտարերկրյա պաշտոնական հյուրերը փառատոնի «անհաս հերոսներ» լինելու փոխարեն, կլինեն հանդիսատեսի հետ, ժամանակավորապես կդառնան նրանց` կինոաշխարհի ճանաչման ուղեկից-ընկերը:

Փառատոնի մի մասը կանցկացվի Երևանից դուրս` Հայաստանի գեղատեսիլ անկյուններում:  Մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցելու Հայաստանում իր նախադեպը չունեցող ճամբարային կինոարշավների: Վրաններ, երգ-երաժշտություն, տեղանքին համապատասխան ֆիլմ ու խարույկի շուրջ կազմակերպված քննարկումներ:

Այս տարի ևս փառատոնն ունենալու է մրցութային և ոչ մրցութային ծրագրեր: Մասնակցում են խաղարկային և վավերագրական, լիամետրաժ ու կարճամետրաժ տարբեր ձևաչափերի ֆիլմեր, տեսանյութեր, որոնցում դատապարտվում են պատերազմները, բռնությունը, ազգային, կրոնական և ցանկացած այլ տիպի խտրականությունը, մարդկային գործոնների հետևանքով ծագած էկոլոգիական աղետներն ու... քարոզվում խաղաղություն, հանդուրժողականություն, մարդասիրություն և համամարդկային այլ արժեքներ:

Փառատոնը առանձնակի նշանակություն է տալիս նաև սոցիալական հատուկ խմբերի ու հատկապես սահմանափակ կարողություն ունեցող անձանց հետ աշխատանքին: Ոլորտում մասնագիտացված կառույցների հետ համագործակցության շնորհիվ հաշմանդամություն ունեցող անձինք ոչ միայն կմասնակցեն փառատոնի բոլոր միջոցառումներին, այլև ակտիվորեն կներգրավվեն Ֆրեսկոյի կազմակերպչական աշխատանքներում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter