Գյուղնախարարը բարձր բերքատվություն է կանխատեսում
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ, որտեղ Եղեգնուտ, Վարդանաշեն, Ջանֆիդա և Այգեշատ համայնքներում մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ հետևել է բերքահավաքի աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում է գյուղատնտեսության նախարարությունը:
«Արմավիրի մարզում այս տարի պտուղ-բանջարեղենի և հատկապես խաղողի բարձր բերք սպասվում, գարնան գյուղատնտեսական աշխատանքներն իրականացվել են ինչպես հարկն է, տարին բարենպաստ է, և 2015 թվականի վերջում մենք բոլոր առումներով շատ լավ ցուցանիշներ ենք ակնկալում»,- իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը:
Նախարարի խոսքով` այս տարի ամբողջ հանրապետությունում ընդհանուր առմամբ բարձր բերքատվություն է սպասվում, իրացման առումով խնդիրներ չկան, արդեն իսկ արտահանվել է շուրջ 600 տոննա ծիրան` 2014 թվականի ամբողջ տարվա 40 տոննայի դիմաց, շուրջ 800 տոննա կեռաս` 2014 թվականի 370 տոննայի դիմաց, 850 տոննա լոլիկ`անցած տարվա 220 տոննայի դիմաց և 2220 տոննա վարունգ`անցած տարվա 415 տոննայի դիմաց:
Նա նաև հավելել է, որ մինչև տարվա վերջ արտահանումների ծավալները կտրուկ ավելանալու են, այս տարի ընդհանուր առմամբ արդեն իսկ արտահանվել է շուրջ 24 600 տոննա պտուղ-բանջարեղեն, ինչը անցյալ տարվա համեմատությամբ շուրջ 1000 տոննայով ավել է:
Ս. Կարապետյանի հավաստմամբ` մթերումների հետ կապված խնդիրներ նույնպես չեն լինի, մասսայական բերքահավաքից հետո վերամշակող ընկերությունները կսկսեն նաև մթերումների կազմակերպումը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել