HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրավական պետության հիմքը

Սարո Սարոյան, քաղաքական մեկնաբան

Հայաստանյան քաղաքական կյանքի վերջին քսանամյակը մարդու իրավունքների ու ազատությունների ոտնահարման ու սահմանափակման մի տեւական ժամանակահատված է եղել, որը նորանկախ երկիրը կանգնեցրել է սոցիալ-քաղաքական ճգնաժամի առջեւ: Այնպիսի ճգնաժամի ու ճահճային վիճակի, որից ելքերը դեռեւս չեն երեւում: Ստեղծված իրավիճակում մեր հանրության համար մեծ նշանակություն ունի ձերբազատվել համընդհանուր տգիտության կապանքներից, ինչպես նաեւ ազգային ինքնավեհացում ենթադրող սին գործելաոճից ու փորձել պարզել այլոց փորձն ու քաղաքակրթական առաջընթացի հիմքերը:

Այդ գործում ինչ-որ ներդրում ունենալուց առաջ տողերիս հեղինակը հարկ է համարում նախ մատնանշել քննարկումներում տեղ գտնող մի մոտեցման մասին, որը խոր արմատներ է ձգել հանրային դիսկուրսում: Վաղուց նկատելի է, որ մեր քաղաքացիներից շատերն անցյալի գիտական մտքի վերաբերյալ խոսելիս առաջ են բերում մի հիմնավորում, ըստ որի՝ քննարկումներում ներկայացվող անցյալի գիտնականները դարեր առաջ են գործել, որից հետո այնպիսի զարգացումներ են եղել, որոնք ետեւում են թողել նրանց գիտական մտքի նվաճումները:

Սա ոչ միայն հակագիտական մոտեցում է, այլեւ տգիտության արդյունք: Մարդկային միտքը դարերի ընթացքում երբեք ուղղաձիգ զարգացում չի ապրել, իսկ ժամանակն էլ, եթե մարդը վերացարկվի առկա տոմարային ստանդարտներից, միայն գծային չի եղել: Գիտական մտքի արդյունքում ամեն նոր դար բերել է տեխնիկայի ու տեխնոլոգիայի զարգացում: Բայց մարդկային բուն միտքը, վերլուծելու կարողությունը, մարդու մտածողության խորությունն ու ծավալը երբեք ինչ-որ ուղղաձիգ զարգացում չեն ապրել: Այսօր անցյալի շատ փիլիսոփաներ դեռեւս մնում են անգերազանցելի, իսկ նրանց հայտնագործություններն էլ դարձել են գիտության այնպիսի նվաճումներ, որոնք կարող են այլեւս մնալ հենց այդպիսին:

Քաղաքական մտքի պատմության մեջ նման մի հեղինակ է XVII դարի փիլիսոփա Ջոն Լոքը: Ընդհանրապես եվրոպական, իսկ մասնավորապես՝ անգլիական քաղաքակրթական առաջընթացի գործում նրա ունեցած ներդրումն այնպիսին է, որ մեր XXI դարում, երբ աշխարհի այս կամ այն կողմում գլուխ է բարձրացնում ստրկությունն ու նրա տիրապետության սքողված քարոզը, կարելի է կրկին անդրադառնալ այդ փիլիսոփայի մտքերին` ճանաչելու քաղաքացու բնական իրավունքներն ու գտնելու դրանց համար պայքարելու ձեւերը:

1688թ. «Պանծալի հեղափոխությունից» սկիզբ առած Անգլիայի թռիչքաձեւ զարգացումը ընդհանրապես հետեւանքն էր այդ երկրի քաղաքական մտքի նույնքան բուռն առաջընթացի: Արդար համակեցության կառուցման տեսական հիմքերը հեղափոխության միջոցով գործնական դրսեւորում ստացան: Հանրությունը, գտնվելով քաղաքական տեւական շարժընթացի մեջ, հասունացել էր իր բնական իրավունքներն ու ազատությունները գիտակցելու եւ դրանց համար պայքարելու կամք դրսեւորելու համար: Այդ ամենն ի հայտ է գալիս հենց Ջոն Լոքի աշխատություններում:

Համառոտ ներկայացնենք Լոքի «Պետական կառավարման մասին» աշխատության մեջ ներկայացված մարդկանց բնական իրավունքի տեսությունը, որը նրա երկի ընդամենը մի փոքր մասն է կազմում: Ըստ Լոքի` մարդկային փոխհարաբերություններում մարդիկ գտնվում են բնական երկու վիճակներում: Մեկը լիակատար ազատության վիճակն է` անձի գործողություններին ու գույքի հայեցողական տիրապետմանը վերաբերող: Իսկ երկրորդը հավասարության վիճակն է, որի ժամանակ ցանկացած իշխանություն եւ ցանկացած իրավունք փոխադարձ են, ոչ մեկը մյուսից առավել չէ: Այստեղից բխում է, որ բոլոր մարդկանց պետք է հետ պահել այլոց իրավունքները ոտնահարելու գործողություններից եւ պահպանել բնության օրենքը: Մի օրենք, որը պահանջում է խաղաղություն ու անվտանգություն ամբողջ մարդկության համար: Բնության օրենքի գործադրումը գտնվում է ամեն մարդու ձեռքում, որի արդյունքում յուրաքանչյուրն ունի օրենքը խախտողներին պատժելու իրավունք այն չափով, որ չափով արգելք կդառնա խախտման համար: Չէ՞ որ բնության օրենքը, ինչպես եւ մյուս բոլոր օրենքները, որոնք մարդկանց են վերաբերում, անօգուտ կդառնային, եթե այդ բնական վիճակում ոչ ոք օժտված չլիներ իշխանություն բանեցնելու ուժով` ի կատար ածելու համար այդ օրենքը, որով եւ կպաշտպաներ անմեղներին ու կզսպեր խախտում կատարողներին:

Ոտնահարելով բնության օրենքը` օրինախախտն իր վարքով արդեն իսկ հայտարարում է, որ ինքը չի ապրում համաձայն բանականության եւ ընդհանուր հավասարության կանոնների, որոնք հանուն համընդհանուր անվտանգության` մարդկանց գործունեության համար աստծո կողմից հաստատված չափանիշներ են: Դրա արդյունքում նա դառնում է վտանգավոր մարդկության համար: Նման վարքը հաստատում է, որ այն կապերը, որոնք մարդկանց պահպանում են վնասներից ու բռնությունից, թուլացած ու խախտված են հենց օրինախախտի կողմից, ինչն էլ հանցանք է ողջ մարդկության նկատմամբ:

Նման դեպքերում ամեն մարդ, շնորհիվ ընդհանրապես մարդկությունը պահպանելու համար իրեն ի սկզբանե տրված իրավունքի, կարող է կանխարգելել, խափանել կամ անհրաժեշտության դեպքում ոչնչացնել մարդկանց համար վնասակար իրերն ու երեւույթները: Արդյունքում ամեն մարդ կարող է պատժել նրան, ով խախտել է օրենքը, այն նկատառումով, որ ստիպի տվյալ չարագործին ապաշխարել արածի համար եւ նրա օրինակով զսպի մյուսներին, որպեսզի նման չարագործություններ այլեւս չկատարվեն:

Այստեղ ի հայտ է գալիս պատժի տեսակի ու չափի խնդիրը: Ըստ Լոքի` ցանկացած իրավազանցություն կարող է պատժվել այնպիսի խստությամբ, որ խախտում գործած անձի գործողությունները դառնան անօգուտ, առիթ ստեղծվի օրինազանցի ապաշխարության համար եւ ուրիշներին վախեցնի ու ստիպի զերծ մնալ նման արարքներ գործելուց:

Համաձայն Լոքի` բնական վիճակը դադարում է, երբ մարդիկ փոխադարձ համաձայնությամբ ու կամավոր պայմանավորվածությամբ մտնում են համատեղ միավորման մեջ ու ստեղծում քաղաքական մի մարմին: Այսպես` քանի որ մարդիկ ի բնե ազատ, հավասար ու անկախ են, այդ իսկ պատճառով ոչ ոք իրավունք չունի առանց համաձայնության նրանց հանել այդ վիճակից ու ենթարկել մեկ ուրիշի քաղաքական կամքին: Միակ ճանապարհն, այսպիսով, որի միջոցով ինչ-որ մեկը կամավորապես հրաժարվում է բնական ազատությունից ու վերցնում է քաղաքացիական հանրության կողմից իրեն հատկացված շղթաները, հարմարավետ, հանգիստ ու խաղաղ կյանքով համատեղ ապրելու, իր սեփականությունից անվտանգ օգտվելու եւ առավել մեծ անվտանգություն ունենալու նպատակով այլոց հետ միավորում կազմելու մասին տվյալ անհատի համաձայնությունն է: Քաղաքական այդ միավորումը կոչվում է պետություն եւ իր հիմքում ունի ապահով ու անվտանգ համատեղ կյանք վարելու մասին նրա քաղաքացիների պայմանավորվածությունը` ըստ բնության օրենքի: Լոքը գտնում է, որ պետությունների քաղաքացիական օրենքներն արդար են այն դեպքում, երբ հիմնվում են բնության օրենքի վրա, մեկնաբանվում ու կարգավորվում են նրա միջոցով:

Ահա հենց այս տեսական հիմքի վրա է կայացել անգլիացիների առաջընթացը XVII դարում: Իրավունքի եւ ազատության հարցերում անգլիական քաղաքական մտքի եւ հանրային լայն շերտերի պատկերացումների սինթեզի արդյունքում ծնվել է անգլիական հեղափոխական ազգը, որը հիմնադրել է իրավական պետություն երեւույթը: Վերջինս հիմնվում է մի կողմից ժողովրդի ազատության, հավասարության ու անկախության սկզբունքների վրա` խորքում ունենալով յուրաքանչյուր մարդու անկախ, հավասար ու ազատ լինելը մյուսների նկատմամբ, մյուս կողմից՝ հենց ժողովրդի կողմից իր այդ սկզբունքները, դրանից ածանցվող իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու սեփական իրավունքի, կամքի ու կարողության վրա, որոնք էլ բխում են յուրաքանչյուր մարդու` իր կյանքը, առողջությունն ու սեփականությունը պաշտպանելու՝ բնության օրենքի ընձեռած հնարավորություններից:

Մինչ մեր հանրությունը փորձում է գտնել երկրի սոցիալ-քաղաքական ճգնաժամի ակունքներն ու դրանց հաղթահարման մեխանիզմները, չի նկատում, որ իր մեջ դեռ ձեւակերպված չեն այն խնդիրներն ու սկզբունքները, որոնց համար յուրաքանչյուր քաղաքացի կպայքարեր` փոխելու երկրում իրավիճակը: Հայաստանի Հանրապետության՝ որպես իրավական պետության կայացումը կախված է մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացուց, ով գիտակցում է այլոց հետ միավորվելու ու պայմանավորվելու իր իրավունքը եւ պատրաստ է բնության օրենքից ածանցվող պետական օրենքի գերակայության եւ օրենքի առջեւ հավասարության սկզբունքներով համատեղ` մի պետական մարմնում, կառուցել իր կյանքը` հանուն անվտանգ ու ապահով ներկայի ու ապագայի: 

Մեկնաբանություններ (2)

Narek
Սարոն «իրավական պետության» փնտրման ճանապարհին հիմա էլ որոշել է, որ քաղաքական մեկնաբաններ («իսկական» քաղաքական մեկնաբանների) են անհրաժեշտ, որպեսզի այդ պետությունը հաստատվի: Դե եթե մեկը տարիներով գրում-առաջարկում է (ու պարզ է, որ էդ առաջարկները ինքն էլ կարող էր իրագործել, եթե կարողանար), գրելը պիտի արդարացնի գրելու բերած օգուտով: Բայց այդ «օգուտը», ինչպես տեսնում ես, «իրավական պետություն» ստեղծելու ծիրում չկա:
տեսաբան
Լեշի վրա ընկած գելերի ոհմակին ինչ տեսություն կարող է ազդել?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter