
Կովալենկո Շահգալդյանը կողմ է հանքի շահագործմանը
«Հետքի» հարցերին պատասխանում է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը
Երկու օր առաջ հանդիպել եք չինական «Fortune Օil» ընկերության ներկայացուցիչների հետ, ի՞նչ եք քննարկել:
Չինացիների հետ հանդիպել ենք, որովհետև նրանք հանքի շահագործման լիցենզիա ունեն, այդ լիցենզիան դեռևս հնարավորություն չի տալիս հանքը շահագործել: Հանքը շահագործելու համար բավականին խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն:
Ի՞նչ խնդիրներ են:
Օրինակ` հողահատկացումների հետ խնդիր կա: Այդ տարածքում և համայնքային սեփականության, և մասնավոր սեփականության հողեր կան: Այնպես որ այդ խնդիրը պետք է լուծել: Մենք չինացիների առջև դրել ենք հետևյալ խնդիրները` եթե նախագիծ են անում, այդ նախագիծը պետք է համապատասխանի այս երկրում գործող օրենքներին, այդ թվում նաև բնապահպանական: Մենք շատ ողջունում ենք, ուրախ ենք, որ մեր երկրում ներդրումներ են արվում, որ աշխատատեղեր կլինեն, բայց դա պետք է ի հաշիվ մեր բնակչության առողջությանը չլինի: Այսինքն` իսկապես կան բնապահպանական խնդիրներ, և կան հնարավորություններ այդ բնապահպանական խնդիրներին լուծումներ տալ նախագծով: Կբերեն նախագիծը, հանրային քննարկումներ, լսումներ կանցկացնենք, կունենանք փորձագիտական եզրակացություն, այդ ժամանակ մեր կարծիքը կասենք` կարելի՞ է շահագործել այդ հանքը, թե՞ ոչ:
Ասացիք, որ արդեն շահագործման լիցենզիա ունեն: Այս ամենը մինչև լիցենզիա տրամադրելը հաշվի չի՞ առնվել:
Շահագործման լիցենզիան դեռևս շահագործելու հնարավորություն չի տալիս: Պետք է տեխնիկական նախագիծ անեն, այդ նախագիծը պետք է բոլոր լուծումներն իր մեջ ներառի: Երբ ամեն ինչը կլինի հավուր պատշաճի, օրենքների խախտումներ չեն լինի, ամեն ինչը տեխնիկական լուծում կունենա, այն ժամանակ կսկսեն շահագործել:
Ե՞րբ պատրաստ կլինի տեխնիկական նախագիծը:
Ըստ չինացիների` մինչև տարվա վերջ:
Ժողովրդի կարծիքը ինչո՞ւ հաշվի չեք առնում:
Կառնվի: Անպայման:
Ինչո՞ւ Հրազդանի բնակիչների բողոքի ակցիային ներկա չէիք:
Իսկ ինչո՞ւ պիտի լինեի:
Ձեր ժողովուրդը հարցեր էր բարձրացնում, չլսեի՞ք, թե ինչ են ուզում:
Նախ ինձ միտինգ որևէ մեկը չի հրավիրել:
Իսկ ինչո՞ւ պիտի հրավիրեին:
Իսկ ինչո՞ւ ես պիտի մասնակցեի:
Որ ժողովրդի կարծիքն իմանայիք:
Ես բոլորից շատ լավ գիտեմ` մեր ժողովուրդն ինչ է մտածում, ժողովրդի անունից պետք չէ հանդես, գալ, ժողովրդի արգումենտը շահարկել: Ժողովուրդը դեռևս տեղյակ չէ ոչնչի: Մասնակի լսումներ են արել նախկինում: Ունենալով տեխնիկական նախագիծը, լայն քննարկումներ կիրականացվեն` ժողովրդին մանրամասնորեն տեղեկացնելու: Այն ժամանակ, եթե ժողովրդի մոտ հարցեր կառաջանան, մենք սպառիչ պատասխաններ կտանք: Հիմա ինչ-որ ասում են, դրանք ուղղակի ենթադրությունների ժանրից են, որովհետև որևէ մեկը կոնկրետ այս պահին չի կարողացել և այդ հանքը չի շահագործել, որովհետև այս պահին քաղաքակիրթ աշխարհում կան տեխնոլոգիաներ, որոնցով հնարավոր է ցանկացած տեղ, ցանկացած պայմաններով հանք շահագործել և բնապահպանական խնդիրներ չառաջացնել:
Այսինքն` Դուք կո՞ղմ եք, որ հանքը շահագործվի:
Ես ինչո՞ւ պիտի կողմ չլինեմ: Բայց դա չի նշանակում, որ հանքը պետք է շահագործվի ժողովրդի առողջության հաշվին կամ մեր բնապահպանությանը վնաս տալու հաշվին:
Մեկնաբանել