
Մի ցուցանմուշի պատմություն. մութ ու ցուրտ տարիներին գողացված «Դևը», որին դեռ սպասում են
Աննա Բաբաջանյան
1990-ականները Հայաստանի թանգարանների համար դժվարին տարիներ էին: Էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով հնարավոր չէր լինում լուծել անգամ ամենաառաջնային խնդիրները` նմուշների պահպանման նպատակով ջեռուցում կազմակերպելն ու դրանք պահպանելը: Այդ տարիներին դժվար կացության մեջ էր նաեւ պրոֆեսոր Ա.Աբրահամյանի հավաքածուի հիման վրա ստեղծված Երեւանի ռուսական արվեստի թանգարանը:
Արվեստի գործերը, որոնք ժողովված էին այդ շենքում, խիստ հսկողության կարիք ունեին, ուստի թանգարանում պահպանվող ցուցանմուշների անվտանգությունը վստահվել էր մի կազմակերպության: Այնտեղի աշխատակիցները, սակայն, այսօրվա պես հիշում են, թե ինչպես 1995-ի հունիսյան մի օր իրենք սովորականի պես մտել էին թանգարան ու տեսել, որ այնտեղ ցուցադրվող արժեքավոր նկարներից մեկը պատից բացակայում է:
Հունիսի 4-ի գիշերը շենքի մոտակայքում ապրող բնակիչները թանգարանից աղմուկ էին լսել: Հետո արդեն աշխատակիցներից ոմանք նկատել էին, որ շենքի ճակատային մասի պատուհաններից մեկը կոտրված էր: Ներս մտնելով` նրանք հայտնաբերել էին, որ թանգարանը կողոպուտի է ենթարկվել, իսկ պատից անհետացել է հավաքածուի մաս կազմող կտավներից մեկը` Միխայիլ Վռուբելի հայտնի «Դևը»: Դա Մ.Լերմոնտովի «Դևը» պոեմի նկարազարդումն էր: Այն տեղ էր գտել նաեւ Ռուսական արվեստի թանգարանի բացման մասին ազդարարող մակետի վրա: Ի դեպ, Վռուբելը կատարել է պոեմի 7 դրվագների նկարազարդումները, եւ մյուս 6 նկարները գտնվում են տարբեր երկրների, այդ թվում` Ուկրաինայի, Ռուսաստանի հայտնի թանգարաններում: Իսկ Հայաստանում պահվող նկարազարդումը փրկել չէր հաջողվել, քանի որ չէր գործում ազդանշանային համակարգը:
Թե ինչու էր գողերի ընտրությունը կանգ առել հենց այս նկարի վրա` դժվար է միանշանակ ասել, այնուամենայնիվ, թանգարանի աշխատակիցները համոզված են, որ դա պատահականության արդյունք չի եղել: Պատվիրատուն, հավանաբար, քաջ գիտակցել է «Դև»-ի գեղարվեստական արժեքը. հակառակ դեպքում գողերի ընտրությունը կանգ կառներ այլ նմուշների վրա, որոնք ավելի մոտիկ կլինեին փակցված, եւ ավելի հեշտ կիներ դրանց կողոպուտն իրականացնելը:
1995-ից ի վեր «Դևը» որոնվում է, սակայն ո´չ գողության հեղինակները, ո´չ կտավը մինչ օրս չեն գտնվել: Կտավի որոնողական աշխատանքներով զբաղվում է նաև Ինտերպոլը: Թանգարանում, այնուամենայնիվ, ժամանակակից թվային տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է եղել ստանալ կողոպտված կտավի կրկնօրինակը, որը սովորական այցելուն հեշտորեն կարող է շփոթել բնօրինակի հետ:
2-րդ լուսանկարում «Դևը» նկարի մակետն է
Մեկնաբանել