Պատանի բանախոսները՝ կրթական հիմնախնդիրների մասին
TEDxKids@Yerevan թիմը հայտնում է, որ հունիսի 23-ին Երևանում՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, տեղի կունենա 4-րդ TEDxKids@Yerevan միջոցառումը, որը պաշտոնապես արտոնագրված է միջազգային TED կազմակերպության կողմից և առաջնորդվում է TED-ի` «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով: Միջոցառմանը կմասնակցի ավելի քան 300 երեխա Երևանից և մարզերից: TEDxKids@Yerevan 2015 միջոցառման թեման մանկական երևակայությունն է:
TEDxKids@Yerevan միջոցառման ընթացքում, տեսագրված TED ելույթների ընտրանու ցուցադրման հետ մեկտեղ ելույթ կունենա 12-18 տարեկան 23 բանախոս, ոմանք՝ հատուկ կարիքներով: Նրանք խոսելու են իրենց ամենահամարձակ ու ամենահետաքրքիր գաղափարների մասին:
Սամվելը խոսելու է մարդկային երևակայության և դրա հետևանքների մասին: Ստեֆանին պատմելու է այն մասին, թե ծնողները ինչ չգիտեն իրենց երեխաների մասին: Լևոնը կխոսի տեխնոլոգիաների և դրանցից չվախենալու մասին: Մերին իր ելույթով փորձելու է համոզել, որ կարևոր է երեխաներին կրթել մարդկային ուղեղի մասին: Շուշանը խոսում է պաղպաղակի հետ կապված իր երազների մասին: Ազատը խոսում է ընտանեկան բռնությունների վատ հետևանքների մասին: Լենան բացահայտելու է կամավորության անփոխարինելի դասերը: Ըստ Ժորաի՝ էկո-ակումբները կարող են կրթել մեր երեխաներին ավելի պատասխանատու լինել շրջակա միջավայրի նկատմամբ: Գոռը պատմելու է հայկական հյուրասիրության վատ հետևանքների մասին:
Այս տարի առաջին անգամ միջոցառման խորագրի հետ կապված երգ է գրվել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի #Imagine նախաձեռնության շրջանակներում, ըստ որի Ջոն Լենոնի հանրահայտ Imagine երգի կատարման տաբերակներ են ստեղծվում և տարածվում աշխարհում: Այս նախաձեռնության շրջանակներում, Թումոյի հետ հատուկ համագործակլցությամբ, Imagine երգի համար հայերեն բառեր են գրվել Tumo TED-Ed Club-ի անդամների կողմից: Երգը ձայնագրվել է կենտրոնի երաժշտական ստուդիայում, ուսանողների մասնակցությամբ նկարահանվել է տեսահոլովակ, որը կցուցադրվի TEDxKids@Yerevan-ի բացման ժամանակ:
Բազմաթիվ հայ երեխաներ, իրենց TEDx ելույթների շնորհիվ, նկատվել են համաշխարհային ճանաչում ունեցող ԲՈՒՀ-երի և մրցույթների կողմից: Ըստ TEDxKids@Yerevan-ի կազմակերպիչ Քրիստինե Սարգսյանի՝ նման միջոցառումներ կազմակերպելու հիմնական նպատակը հայ երեխաներին լսելի և տեսանելի դարձնելն է ամբողջ աշխարհում:
TEDxKids@Yerevan 2015-ը հնարավոր է դարձել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների հետ համագործակցության և մի շարք կազմակերպությունների՝ Վորլդ Վիժն Հայաստանի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Հայկական Կարիտասի և Ինդիգո մանկական ակումբի աջակցության շնորհիվ:
Նախորդ տարվա TEDxKids@Yerevan միջոցառումը կրում էր «Մանկան երևակայություն» խորագիրը: TEDxKids@Yerevan բանախոսների ելույթները դիտելու համար այցելեք http://kids.tedxyerevan.com/ կայք: Այս տարվա բոլոր ելույթները նույնպես կտեսագրվեն և ավելի ուշ կտեղադրվեն միջոցառման կայքում, ինչը կնպաստի հայ երեխաների բարձրաձայնած խնդիրների տարածմանը հանրության առավել լայն շրջանակներում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել