
Սիրիա-Հայաստան-Ստամբուլ. որտեղ կլինի սիրիահայ ընտանիքի կանգառը
Գայանե Սարգսյան
20-ամյա Գևորգ Լագլագյանը երկու տարի է՝ հեռացել է Սիրիայից: Սիրիա-Հայաստան-Ստամբուլ եռանկյունում վերուվարելով՝ նա մինչ այժմ չի կարողանում հիմնավորվել: 2013թ.-ին Հայաստան գալով, մեքենաների վերանորոգման տեխնիկային տիրապետող երիտասարդն աշխատանքի է անցել Երևանի արհեստանոցներից մեկում: Վարձատրությունը, սակայն, այնքան քիչ է եղել, որ չի բավականացրել նույնիսկ բնակարանի վարձը տալու համար:
«Մոտ 15.000 էի առնում շաբաթը և չէի կարում ո՛չ ինձ պահել, ո՛չ ալ տընի վարձ տալ»,- ասում է Գևորգը:
Գևորգի՝ Հայաստան գալուց մի քանի ամիս անց նրա ընտանիքը Սիրիայից տեղափոխվում է Ստամբուլ: Ընտանիքի հորդորը՝ տեղափոխվել Ստամբուլ, գոյատևման պայքարում հայտնված երիտասարդին փրկության տարբերակ է թվում: Մեկնում է Ստամբուլ ու իր մասնագիտությամբ աշխատանքի անցնում թուրք վարպետի մոտ:
«Գերմանական «Bosch» ֆիրմայի հետ կաշխատեի: Ընդունել էին ինձ իբրև լավ մոտորիստ: Մի տարի աշխատեցա: Ինձ ամենապզդիկին չափ տալիս էին փողը, բայց ամենամեծին գործն էի անում: Ամիսը 400 դոլար տալիս էին, 400 դոլարը Ստամբուլի համար շատ քիչ է: Տընի վարձը մենակ 450 դոլար էր: Սիրիացիներուն նկատմամբ արդեն իսկ վատ էին, վրան ալ՝ հայ ես, վրան ալ՝ թուրքի հողն ես ապրում, ավելի վատն ես իրենց աչքին: Դա դեռ քիչ է, միշտ կըսեին՝ եկուր աղոթքի, մզկիթ եկուր: Ասում էին՝ ուզես-չուզես պիտի գաս, պիտի ընդունես իսլամությունը: Ծիծաղում էին քրիստոնեության, խաչի վրա»,- պատմում է Գևորգը:
Մեկ տարի հետո Գևորգը որոշում է վերադառնալ հայրենիք: Հայաստանը գալը, սակայն, երրորդ անգամից է հաջողությամբ պսակվում: Վրաստանի ու Ուկրաինայի տարանցիկ ճանապարներով գալու տարբերակը խափանվում է այս երկրների համապատասխան մարմինների կողմից: Ասում է, որ Վրաստանից իրեն ետ՝ Ստամբուլ են ուղարկում, իսկ Ուկրաինայում ուղղակի պատռում են անձնագիրն ու հաջողություն մաղթում: Երրորդ անգամ Ստամբուլից Հայաստան է հասնում ավտոբուսով:
«Թուրքիային պայմաններից հետո մտածում էի՝ Հայաստանում քիչ էր փողս, բայց գոնե գիտեմ հայությունս է, քրիստոնեությունս է»,- ասում է երիտասարդը:
Երևանում կրկին աշխատանքի է անցնում որպես մոտորիստ: Նրան իր մոտ աշխատելու է հրավիրում Վանաձորի նորաբաց արհեստանոցներից մեկի տնօրենը, ու Գևորգը տեղափոխվում է Վանաձոր:
Որոշ ժամանակ հետո Ստամբուլից Վանաձոր են տեղափոխվում նաև մայրը, երկու քույրերն ու եղբայրը՝ կնոջ հետ: Մասնագիտությամբ ոսկերիչ եղբորն ու քույրերին երկար ժամանակ չի հաջողվում աշխատանք գտնել Վանաձորում: Այն, ինչն էլ հաջողվում է գտնել, տարբեր խնդիրների պատճառով ստիպված են լինում թողնել:
Հալեպում ավտոպահեստամասերի խանութ ունեցող Լագլագյանների ընտանիքին Հայաստանում դժվարությամբ է հաջողվում լուծել օրվա հացի խնդիրը:
«Որոշեցինք գալ հայրենիք, հոս հիմնվինք, հոս ալ գործերը, փողը քիչ է, չապըրվիր: Կըսեին՝ մի՛ երթաք, գործ չկա, ժողովուրդը իրենք Ռուսաստան կերթան, ո՞ւր կերթաք: Չէ, ըսինք, հացի մը դրամ կըրնանք աշխատել: Պիտ գաս աչքովդ տեսնաս, որ համոզվես՝ փողի հարցը դժվար է»,-ասում է ընտանիքի մայրը՝ Հայկանուշը:
Գևորգը պատմում է, որ քույրերին թեև ընդունել են աշխատանքի, սակայն, ինչպես և Ստամբուլում, վարձատրել են ավելի քիչ, քան մյուսներին:
1982-ին որպես տուրիստ ամուսնու հետ Հայաստան եկած Հայկանուշն այսօր այլ Հայաստան է տեսնում, ոչ այն, որն ինքն է տեսել: «Տուրիստի համար որ փող ունիս, լավ է, բայց պիտի ապրես, որ հասկանաս, լավ է, թե՝ վատ»,- նշում է նա:
Կնոջ հետ առանձին ապրող որդին Վանաձորում բնակվելու 4-5 ամիսների ընթացքում մի քանի անգամ աշխատանք է փոխել: Իր մասնագիտությամբ՝ ոսկերչությամբ աշխատանք չգտնելով, սկսել է աշխատել որպես երկաթագործ: Աշխատավարձ, սակայն, ոչ միշտ է հաջողվել ստանալ:
«Սիրիա ամսականը ամսեգլուխ կըլլա: Ամսեգլուխը եկավ, գիտես որ ամսականը պիտ առնես: Ստամբուլ էլ այդպես էր: Հոս ադիկ չկա: Երբ կառնես, աստված գիտե: Ամիսե ամիս չեն տալ կամ քիչ կուտան, կըսեն՝ հաջորդ ամիս մնացածը կուտամ: Անցյալ ամսվան աշխատածը դեռ եկող ամիս պիտի ստանա, քիչ-քիչ, մուրալով: Եթե տուն ես, ընտանիք ես, ինչպե՞ս պիտ ապրիս: Հույսդ ադ փողին կապել ես, չէ՞, որ ադ գումարն առնիս, դուն քեզի դասավորես: Եթե աշխատածդ գումարը ձեռքդ չտան, ամիսն ինչպե՞ս պիտի անցուցես»,- զարմանում է մայրը:
Լագլագյաններին Վանաձորն ու վանաձորցիները շատ են դուր եկել: Երևանում ապրած ու աշխատած Գևորգը համեմատական է անցկացնում.
«Երևան ուրիշներուն 3.000, սիրիահայերուն 2.000 կտային օրը: Օր էլ կըլլա, գործ չկա, կըսեն մի՛ գար, քեզնից կգնա… Ընկերներս որ աշխատել են Երևանի հայերու մոտ, ասում են, որ լեզունին մի քիչ դժվար է ու փողի կողմեն էլ միշտ շահագործելը կսիրեն: Ստեղ էդպես չէ, օգնում են: Երևանում հայերն ալ սկսել են մեկը մյուսին շահագործելը, մեկը մյուսին կողոպտելը: Էդոր համար չեմ հարմարվում Երևան: Էստեղ ավելի լավ է ինձ համար: Ավելի հանդարտ է, ավելի հանգիստ, կարաս շփվիս ժողովրդի հետ, կարան իրենք քեզ օգտակար ըլլան, դու՝ իրենց»,- ասում է Գևորգը:
Գևորգին Հայաստանում ամենից շատ վիրավորական է թվացել շատերի կողմից սիրիահայերին վերևից նայելու հանգամանքը: «Իրենց աչքին հավասար չեն նայում, միշտ ցածր են նայում: Կամ ասում են՝ եթե ստիպված չլլայիք, չէիք գար Հայաստան: Դուք ստիպված եկել եք ու ուզեք-չուզեք պիտի աշխատեք ու պիտի լռեք: Էս խոսքերը մեզի վիրավորական է»,- նշում է Գեւորգը:
Վանաձորում մի քանի ամիս ապրած Գևորգը հասցրել է շրջել ու լավ ուսումնասիրել քաղաքը, բայց առաջացած հարցերի պատասխանը դեռ չի կարողանում գտնել:
«Ճանապարհին որ գնում ենք, տեսնում ենք ֆաբրիկները սաղ ջարդել են: Ինչի՞ համար: Լավ ֆաբրիկներ ունեինք, ինչո՞ւ թողել են պարապ… Սիրիա ու Թուրքիա իրար հետ մրցում էին, թե ով ավելի էժանով պիտ աներ: Սիրիա հազար ու մի տեսակ ֆաբրիկ ունեինք: Մենք մի բանի պակաս չէինք ունենար, որ դրսից առնեինք: Էստեղ ֆաբրիկները կա, սաղ թալանել են: Ինչի՞ համար: Մեղք է ժողովուրդը, ինչո՞վ պիտի ապրի: Անշուշտ պիտի թողնի, գնա: Գոնե մի ֆաբրիկ բանային, աշխատեցնեին»:
Տիկին Հայկանուշն էլ զարմանում է՝ էս ճանապարհներն ինչի՞ չեն սարքիր:
«Ճանապարհները հիմա վերջին տեղն է: Թող մարդկանց օգնեն, մի գործով ապահովեն, աշխատեն,- միջամտում է որդին ու հիշում,- սփյուռքահայի նախարարուհին որ ելավ, ասում է՝ ամեն մեկը 1.000 դոլար թող գցե իրեն հաշվի համար, թող կառավարությունը, երկիրը զարգանա: Էդ մարդոց մի հատ հարցրու, տես 1000 դոլար ունի՞ն ջեբերնին»:
Աշխատանքի բերումով ամեն օր շփվելով վանաձորցիների հետ, Գևորգը նկատում է. «Վերջին շրջանում հաճախորդներս հաճախ գալիս ասում են, վերջ, ավտոն ծախում եմ, ընտանիքով գնում ենք Հայաստանից»:
9 տարեկանից հոր մոտ արհեստ սովորած երիտասարդն ասում է, որ Հալեպում շատ լավ էր վաստակում: Հայաստանում դեռևս գոհանում են միայն հանապազօրյա հացի խնդիրը հոգալով: «Այնտեղ աշխատանք կար, փող կար մարդոց ձեռքին: Կարայիր մի քիչ բարձր գին ասեիր, բայց վստահում էին, գիտեին, որ գան մեզ մոտ, մի քանի տարի հանգիստ պիտի ըլլան: Էստեղ որ գինն ասում ես, մարդը չի նայում, թե դու ինչպես պիտի աշխատես, ինչքան գործ պիտի անես, ինքը նայում է փողին: Իմ համար կարևորը փող աշխատելը չէ, կարևորն էն է, որ իմ սարքելուց հետո ավտոն գնան քշեն ապահով: Ես մարդոց գարանտիա տալիս եմ: Ասում եմ՝ արի նստի կողքս, տես՝ ես ինչ գործ եմ անում, որ իմանաս, թե ինչի ես փող տալիս: Բայց հայի խասիաթն է, շատ հաճախ ընտրում են ամենաէժանն ու ամենաարագը: Ատանկ սովորել են: Հիմա նայենք, ինչպես պիտի ստացվի, չենք գիտեր»,- ասում է Գևորգը
«Համբերությունով պիտ ապրինք: Հային արդեն ճակատագիրն է համբերություն և թափառականություն»,- հուսադրում է մայրը:
Համբերությունով ապրելու տարբերակը Լագլագյան քույրերին չի գոհացրել: Մի քանի օր է՝ երկու քույրերը մեկնել են Ստամբուլ՝ աշխատելու: Տիկին Հայկանուշն ասում է, որ առաջիկայում աշխատանք չգտնելու դեպքում ստիպված կլինի Ստամբուլ մեկնել նաև ավագ որդու ընտանիքը:
«Նոր ամուսնացել է, կուզեր հոս հաստատվիլ, հոս երեխա ունենա, հոս մեծացնե՝ հայկական հողի վրա: Եթե այսպես ըլլա, ինչպե՞ս կըլլա, չեմ գիդեր», - սրտնեղում է մայրը: Զավակների Թուրքիա մեկնելու փաստը մայրը ծանր է տանում:
«Թուրքիա, որ թշնամի է կըսենք, տեսնաք, Ստամբուլը ինչ զարգացած, Եվրոպա կըսես… Ճամփաները, բանը, խենթանալիք: Հայերը լեցուն, լեցուն: Մի հարևան ունեինք, ասաց՝ տատիկս գիտեր հայերեն, բայց մեզ չսորվեցուց, որ չելնենք փողոց խաղալու, հայերեն խոսանք, մեզի վնասեն,- ասում է նա ու դժգոհում- մարդը ինչո՞ւ օտար երկիր պիտի երթա: Ես իմ երկիրս կգեղեցկացնեմ: Երազանքս հոս հաստատվիլս է, կուզեմ հայրենքիս մեջ մնալ: Հոսկե տուն ունենանք, մնանք հոս, այլևս չհեռանանք օտար երկիրներու մեջ: Հույսերնիս դրած ենք աստծուն, որ կըլլա…»:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել