HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսաստանի «ինտեգրացիոն նախագիծն» ու դրա հարուցած ճգնաժամերը

Այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում (ՄԱՀՀԻ) տեղի ունեցավ «Ռուսաստանի «ինտեգրացիոն նախագիծն» ու դրա հարուցած ճգնաժամերը»խորագրով փորձագիտական քննարկումը: Այս մասին տեղեկացնում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի լրատվական ծառայությունը: 

Բացման խոսքում ՄԱՀՀԻ «Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագրի ղեկավար Ստեփան Սաֆարյանը կարևորեց ծրագրի շրջանակներում իրականացված երկու հետազոտությունները, որոնց արդիականությունն ավելի է ընդգծվում Ուկրաինայում ու նրա շուրջ ծավալվող իրադրության առնչությամբ Ռուսաստան-Արևմուտք չթուլացող լարվածության խորապատկերին.«Եվրոպական ինտեգրմանը հակադրված ռուսական ինտեգրացիոն նախագիծը վկայում է, որ այն ամենևին ինտեգրման մասին չէ, դրա արդյունքում ինտեգրացիա չի կատարվում: Դրանց շրջանակներում Ռուսաստանի ստեղծած երկու` Ուկրաինայի և Հայաստանիմոդելները, մեկը` որպես հնազանդության, մյուսը` որպես անհնազանդությանօրինակ, ասվածի խոսուն ապացույցներն են: Այդ համատեքստում ոչ միայն կարևոր է հասկանալ, թե ուր են տանում զարգացումները ողջ տարածաշրջանի համար, այլ նաևինչպես են փոխազդում ստեղծված երկու մոդելները միմյանց ու այլոց հետ»: 

Հրավիրյալ փորձագետ Անուշ Սեդրակյանը ներկայացրեց «Ռուսաստանի եվրասիական հավակնությունները, ներազդեցության գործիքներն ու ձևերը»վերտառությամբ ուսումնասիրությունը: Նա մասնավորապես նշեց, որ ինտեգրացիոն նախագծի քողածածկույթի ներքո Ռուսաստանի ներկայիս քաղաքականությունըբացատրվում է մի քանի գործոններով, մասնավորապես` անվտանգության գոտու, ապա` տնտեսական հնարավորությունների կորստով, ինչպես նաև գերտերություն լինելու հավակնություններով: 

Բանախոսի դիտարկմամբ` այդ նպատակին հասելու համար Ռուսաստանը լայնորեն գովազդում է նախագահ Վ.Պուտինի կերպարը` որպես «Ռուսաստանի հողերն ավելացնող ղեկավար»-ի, խորհրդային անցյալին պատկանող պատմական իրողությունները` Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակը և հատուկ ծառայությունների գործունեության հերոսականացումը` դրանք միֆականացնելով ու լայնորեն պրոպագանդելով հատկապես երկրի ներսում, Եվրասիական տնտեսական միության ստեղծումը` այն հետխորհրդային տարածքում ներկայացնելով որպես Ռուսաստանի հզորության ու գրավչության ապացույց: 

Սեդրակյանի կարծիքով`Ղրիմի բռնակցման արդյունքում Ռուսաստանը դուրս է գրվել գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համաշխարհային ջանքերի հարթակից, նաև նա լուրջ գործընկեր չի դիտվում Արևմուտքի համար, սակայն  շարունակում է առավել նմանակման գործառույթներ իրականացնել` քարոզչական դաշտում տպավորություններ ու տնտեսական հաջողությունների բլեֆ ստեղծելով, քան իրական նվաճումներ արձանագրելով: 

Նրա խոսքով` գլոբալ ինտեգրացիոն գործընթացներին Ռուսաստանը կարողացավ հակադրել միայն ռուսական քարոզչության մահակը: «Այդ մահակը բերեց երկու բացարձակ կեղծ միավոր՝ պատմական իրականության ներկայացումն իբրև արդի քաղաքականություն և Արևմտյան պատժամիջոցների հետևանքով տնտեսական քաղաքականության բլեֆ: Ռուսաստանն իր բնակչությանը, բայց ոչ երբեք միջազգային հանրությանը, փորձում է համոզել, որ Արևմուտքի պատժամիջոցներն իր վրա բացարձակապես չեն ազդել և չեն ազդում»,- նկատեց Անուշ Սեդրակյանը: 

Խոսելով ռուսական էքսպանսիայի վերաբերյալ հայ հասարակության շրջանում կարծիքի ձևավորման մեխանիզմների մասին` Սեդրակյանը նկատեց, որ տեղական լսարանի 80 տոկոսի կարծիքը ձևավորվում է հենց ռուսական քարոզչության դաշտում, թեպետ, ոչ պակաս կարևոր են նաև պատմական գործոններն ու քաղաքական դաշտում Արևմուտքի թուլությունը: 

Երկրորդ բանախոսՔաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն իր`«Ճգնաժամն Ուկրաինայում ևՀայաստանը. հայացք Երևանից» զեկույցում ներկայացրեց Ուկրաինայի կարևորությունը ոչ միայն Եվրոպայի ու Ռուսաստանի համար` աշխարհաքաղաքական տեղանկյունից, այլ նաև Հայաստանի համար.ֆրանսիայից հետո երկրորդ մեծ հայկական սփյուռքը Ուկրաինայում է, նրանք ակտիվ մասնակցություն ունեն Ուկրաինայի կյանքին և պաշտպանությանը և այլն: Չնայած այդ կարևորությանը` Մեհրաբյանը դիտարկեց երկու երկրների քաղաքական ու տնտեսական հարաբերությունների ցածր մակարդակն ու չիրացված ներուժը: 

Խոսելով Ղրիմի բռնակցման ու Ուկրաինայի հարավ-արևելքում Ռուսաստանի կողմից խրախուսվող անջատողականության հանդեպ վերաբերմունքի մասին` Մեհրաբյանը նկատեց, որ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը զորակցող որոշմանը դեմ քվեարկելը ոչ միայն Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների դեմ էր, այլ նաև Հայաստանի ազգային շահերի` ի նկատի ունենալով Հայաստանի անվտանգության խնդիրները ղարաբաղյան հակամարտության առումով: Մեհրաբյանի կարծիքով նման դիրքորոշումը թուլացնում է Հայաստանի և Արցախի դիրքերը միջազգային բեմահարթակում: 

Նրա դիտարկմամբ` այդ շրջանում Հայաստանի քաղաքական դասի մոտ նշված բոլոր խնդիրների ընկալման մակարդակը չափազանց ցածր էր, որն էլ արտացոլվեց Հայաստանի քվեարակությունում: Ընկալման մի փոքր աճ համարեց Ուկրաինայի վերաբերյալ ԵԽԽՎ-ում տեղի ունեցած քվեարկության ժամանակ հայկական խորհրդարանական պատվիրակության քվեարկությունը: Քաղաքական վերլուծաբանը որոշակի ձնհալ է տեսնում նաև պաշտոնական Երևանի դիրքորոշումներում, երբ ԱԳ նախարարն իր վերջին հայտարարություններում ընդգծված կարևորում է հայ-ուկրաինական հարաբերությունները, ինչպես նաև այն, որԵրևանի ու Կիևի միջև փոխըմբռնում կար նաև Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի շրջանակներում, ինչի մասին խոսեց ուկրաինական կողմը:Մեհրաբյանը գտնում է, որ ի նկատի ունենալով միմյանց համար ունեցած կարևորությունը` այս ամենը լավ հիմք է Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների վերբեռնման համար, ինչը, նրա կարծիքով, անհրաժեշտություն է: 

Հարցուպատասխանին հաջորդեց փորձագետների բարձրացրած խնդիրներինքննարկման մասնակիցների ակտիվ արձագանքը: 

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը նկատեց, որ որքան էլ իր հավակնոտ ծրագրերն իրականացնելու գործում ռուսական քարոզչությունը կարևոր է, այդուհանդերձ,առավել կարևոր են Ռուսաստանի տրամադրության տակ գտնվող տնտեսական, քաղաքական, ռազմական և այլ գործիքները, որոնց միջոցով նա հետխորհրդային տարածքում ավելի շատ «տևական վտանգվածության ու վախի» զգացողություն է ձևավորում: 

Քաղաքագետ, ռադիո «Սպուտնիկ»-ի քաղաքական մեկնաբան Գևորգ Մելիքյանը կարծում է, որ հետխորհրդային տարածքում ռուսական քաղաքականության մեջ քարոզչությունը կարևոր է, ինչպես այլ տերությունների դեպքում է այն կարևորվում: 

«Կովկաս» հետազոտական ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը Ռուսաստանի վարած քաղաքականությունը համարում է 19-րդ դարի կայսրությանը բնորոշ, ինչը չպետք է ամենևին արտասովոր ու զարմանալի թվա: Նա դիտարկում կատարեց, որ նման քաղաքականության արդյունքում Ռուսաստանը դանդաղ, բայց կկորցնի իր ազդեցությունը հետխորհրդային երկրների վրա, ինչպես կորցրեց Վրաստանը, Մոլդովան, հետագայում էլ` Ուկրաինան:  

«Համաձայնություն» քաղաքական հետազոտական կենտրոնի ղեկավարԴավիթ Շահնազարյանը նշեց, որ Ուկրաինան առաջիկայում էլ կմնա եվրոպական անվտանգության խնդիր: Անդրադառնալով վերջին շրջանի զարգացումներին` նա կարևոր համարեց ՆԱՏՕ-ի ուժերի տեղաբաշխումն Արևելյան Եվրոպայում, Բալթյան երկրներում, որը ոչ միայն Ռուսաստանի մեկուսացման քաղաքականության շարունակությունն է, այլև այն հավելյալ լարվածություն կհաղորդի Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններին: 

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը դիտարկում կատարեց, որ, ի տարբերություն նախկինի, երբ փորձում էին Ռուսաստանին ներգրավել Արևմուտքի քաղաքականություններում, ապա այժմ հակառակ գործընթացն է սկսվում, ավելին` գործի է դրվել Ռուսաստանի զսպման քաղաքականությունը: 

Մտքերի փոխանակությանը մասնակցեցին նաևՔաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Սոնա Հովսեփյանը, Հայաստանում Ուկրաինայի դեսպանության ռազմական կցորդ Անդրեյ Յարենչուկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter