HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեւանի զբոսաշրջության տեղեկատվական գրասենյակը կգործի Սեւանի թերակղզում

Սեւան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցությունը շուտով կբոլորի 11-ամյակը: Նախորդ տարիներին կյանքի են կոչվել մի շարք ծրագրեր՝ դեռեւս 2004թ·-ին կնքված համաձայնագրով վավերացված առողջապահության, զբոսաշրջության, ֆրանկոֆոնիայի բնագավառներում:

Կարեւորելով տեղական զբոսաշրջության առաջարկների զարգացումը եւ որակի բարելավումը` ստեղծվեց զբոսաշրջության տեղեկատվական գրասենյակը:

«Անցած տարիների ընթացքում գրասենյակը զարգացում ապրեց համակարգման, աշխատակիցների վերապատրաստման, ընդունելության որակի բարելավման առումներով: Սակայն մեկ կարեւոր բաց միշտ էլ զգացնել է տվել. գտնվելով քաղաքում` քաղաքապետարանի վարչական շենքի 1-ին հարկում, տուրիստական գրասենյակը հեռու է գտնվել տուրիստական հոսքերից, զբոսաշրջիկների մի ստվար մաս շրջանցել է քաղաքը: Արդյունքում` գրասենյակ այցելողների թիվը չի արտացոլել իրական վիճակագրությունը,- ներկայացնում է զբոսաշրջության տեղեկատվական գրասենյակի պատասխանատու Դավիթ Թորոսյանը: Վերջինս հավելում է, որ ունենալով այս իրավիճակը` հնարավոր չի եղել սեզոնային ողջ պատկերն ունենալ եւ հեռահար ծրագրեր մշակել հետագա աշխատանքները կազմակերպելու համար:

Հաշվի առնելով սա, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Սեւանի թերակղզին տարածաշրջանի այն վայրն է, որի շուրջ լողափեր են, այստեղ են գտնվում Սեւանավանքը, հանգստի գոտիները, ժամանցի վայրերը, դեռեւս 2011թ·-ին Գրենոբլի քաղաքապետարանում քննարկվել է տեղեկատվական գրասենյակի գտնվելու վայրի հարցը: ֆրանսիական Աֆրատ կազմակերպությունը նույն թվականին ուսումնասիրել է զբոսաշրջային տեղեկատվական գրասենյակը տուրիստական հոսքերին մոտ տեղափոխելու խնդիրը:

Օրերս թերակղզում կայանեց զբոսաշրջության տեղեկատվական շարժական գրասենյակը, որը Գրենոբլից Սեւան էր բերվել հունիսի սկզբին: Գրասենյակի շարժական լինելն էլ տալու էր առավելություն բազմապիսի միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաեւ ձմռան ամիսներին այն պահպանելու համար:

Զբոսաշրջային գործի պատասխանատու Դավիթ Թորոսյանը ներկայացնում է գրասենյակի հիմնական գործառույթները· տուրիստների ընդունելություն, որը ներառում է տեղեկատվություն տրամադրելու, ուղղորդելու, տարածաշրջանը գովազդելու, ինչպես նաեւ տարածաշրջանի վերաբերյալ ինֆորմացիա հաղորդելու` ժամանցի կազմակերպման ձեւեր, միջոցառումներ, տեսարժան վայրեր, գիշերակաց, սննդի կետեր եւ այլ բաղադրիչներ: Զուգահեռ իրականացնելու է հեռախոսային եւ էլեկտրոնային ընդունելություն, աշխատանք մասնագիտացված կառույցների հետ, միջոցառումների կազմակերպում, որը նպատակ ունի գրավելու միջազգային եւ տեղական զբոսաշրջիկներին: Միաժամանակ վաճառվելու է տարածաշրջանային տնայնագործական պայմաններում արտադրված գյուղմթերք, ձեռքի աշխատանք, տարածաշրջանը ներկայացնող ապրանքատեսակներ:

Գրասենյակը գործելու է հուլիս-սեպտեմբեր ամիսներին` պայմանավորված Սեւանում տուրիզմի սեզոնայնությամբ: Սեզոնի ընթացքում գրասենյակն ունենալու է 3-4 աշխատակից` օտար լեզուների 

իմացությամբ եւ զբոսաշրջային գործին տիրապետելու որոշակի գիտելիքներով: Սա եւս զբոսաշրջության ոլորտում որակական տեղաշարժ գրանցելու հիմնարար քայլ է:

Արմինե Ղուկասյան    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter