
Ես դասալքում եմ
Վահան Բուռնազյան[1]
Ես դասալքում եմ: Առավոտյան էլեկտրականություն չկար՝ սուրճս եփելու: Մտքովս անցավ, որ իշխանությունները փորձում էին հիշեցնել ինձ, որ ուժն իրենց ձեռքում է: Բայց առավոտյան արևը պայծառ էր: Իշխանություններն ուժ չունեն. պարզապես վերահսկում են ռեսուրսները: Իրական ուժը բնությանն է պատկանում: Թե կարողանայի ինքնաբավ լինելու եղանակ գտնել, կկարողանայի սուրճս առանց իրենց էլեկտրականության ու գազի պատրաստել և դուրս կմղեի նրանց կյանքիցս:
Կառավարությունը կոչված է ծառայելու ժողովրդին: Երբ իշխանությունները չեն ծառայում, նրանք ուղիներ են գտնում ու իրավիճակներ են ստեղծում՝ ժողովրդի կյանքում սեփական տեղն արդարացնելու համար. օրինակ՝ վերահսկելով ռեսուրսները: Իշխանությունները կարիք ունեն պահանջված լինելու: Վացլավ Հավելի խոսքերով՝ Չեխոսլովակիայում կոմունիստական ռեժիմը տապալվեց, որովհետև մարդիկ այլևս դրան ուշադրության չէին արժանացնում: Իշխանությունները կորցնում են իրենց իշխանությունն այն պահին, երբ մարդիկ դրանք դուրս են մղում իրենց իրականությունից:
Անցած գիշերը Երևանում բողոքի ակցիա էր և, ցավոք, Հայաստանի երիտասարդության՝ երկրի ապագայի իդեալիզմը լվաց տարավ ջրցան մեքենայի ջրաշիթը: Հասարակական բողոքը կարող է արդյունք տալ միայն եթե վտանգի է ենթարկում հետևյալներից մեկը կամ՝ երկուսն էլ. հասարակության վստահությունը կառավարության առաջնորդների հանդեպ և/կամ այդ առաջնորդների հեղինակությունը՝ թե երկրի ներսում և թե դրա սահմաններից դուրս: Ընտրությունները համեմատաբար վերջերս են անցել և քչերն են կարծում, թե իշխանություններն իրապես ընտրվել են: Հետևաբար՝ նրանց իշխանավարումը մարդկանց վստահության վրա չէ հիմնված: Դեռ ավելին, իշխանությունները գալիք ընտրություններում էլ չեն ակնկալում արժանանալ մարդկանց վստահությանը: Այնպես որ, իշխանությունների համար բողոքի ակցիաներն չեն սպառնում ապագա ընտրողների վստահության կորստով: Ինչ վերաբերում է բարի համբավը վտանգելուն, ապա ընտրական իրողությունն այնպիսին է, որ հայաստանյան քաղաքական ընդդիմության կողմից ստացվող քննադատության տեղին լինելու հարցը կորցնում է իր կարևորությունը:
Բացի այդ, ՄԱԿ-ում ավարտվել է Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկումը (Universal Periodic Review), ինչը նշանակում է, որ իշխանություններին միջազգային մակարդակով պարսավելու հնարավորությունը կորցված է և չի լինելու մոտավորապես հինգ տարի: Ավելին, Հայաստանը միացել է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ), ինչը սահմանափակում է Եվրոպական Միության (ԵՄ) հետ համագործակցության շրջանակը: Հաշվի առնելով, որ էլեկտրականության սակագների բարձրացումը ձեռնտու է Ռուսաստանին, ԵՏՄ կողմից քննադատություն չի հնչի: ԵՄ կողմից քննադատության ենթարկվելու ռիսկը ևս ցածր է, եթե հաշվի առնենք, որ ԵՄ նոր ուղիներ է որոնում Հայաստանը ներգրավելու համար: Թերևս, ամենավատն այն է, որ հայկական սփյուռքի կազմակերպությունները երկրում սեփական ներկայությունը պահպանելու համար պարզապես սիրախաղում են իշխանությունների հետ և իրենց արտաքին դոնորներին գոհացնելու համար՝ կրկնում միմյանց ծրագրերը: Այսպիսով, բողոքի ակցիաները նշանակալի վտանգ չենք ներկայացնում այս իշխանությունների համար և քաղաքականության վրա նշանակալի ազդեցություն թողնելու առանձնակի հնարավորություն չունեն:
Ցավոք, մենք միայնակ ենք: Եթե իշխանությունները ռեսուրսները վերահսկելու միջոցով ուժ են ձեռք բերում, ես պետք է ինքնաբավ դառնամ՝ ազատ լինելու համար: Եթե իշխանություններն ուժ են ձեռք բերում՝ մեզ մոտ իրենցից կախում ձևավորելով, ես պետք է այնպես անեմ, որ նրանց ու նրանց էլեկտրականության կարիքը նվազեցնեմ: 100 դրամի շարժումը հաջողեց, որովհետև կար կանոնին չենթարկվելու պարզ միջոց՝ պարզապես վճարել 100 դրամ: Այս անգամ կանոնն անտեսել չենք կարող՝ էլեկտրականության համար վճարելով նախկին սակագինը: Հետևաբար՝ այլընտրանքային տարբերակ ստեղծելն ավելի խրթին կլինի, սակայն ոչ՝ անհնարին: Ես կարող եմ փնտրել ինքնաբավության իմ ուղիները, ինքնուրույն կամ միասնաբար և գործակցաբար իմ կողքը գտնվող մարդկանց հետ: Տանիքներին կարող ենք սեփական ուժերով արտադրված հողմաղացներ տեղադրել, պատուհանների դիմաց արևային մարտկոցներ տեղադրելու հմտությունների ընդհատակյա սեմինարներ անցկացնել և տնային պայմաններում ոչ ֆորմալ դասընթացներ կազմակերպել՝ մարդկանց սովորեցնելու, թե ինչպես պատշգամբում տեղադրվող, արևային էներգիայով աշխատող ալյումինե թիթեղով պատված պարզ օջախներ արտադրել:
Միթե՞ չափից դուրս է իմ իդեալիզմը: Գառնու տաճարի քարե հիմքերում հորեր կան, որտեղից ֆիդայիները հնադարյան մետաղ էին հանում՝ գնդակներ ձուլելու համար: Հայերը ստեղծագործ ժողովուրդ են և գիտեն, թե ինչ և ինչպես անել՝ հանուն սեփական ազատության:
[1] Վահան Բուռնազյանը մարդու իրավունքի դասախոս է՝ առանց որևէ հաստատության հետ առնչության: Արտահայտված բոլոր կարծիքները հեղինակինն են:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել