
Հայկական «մայդանի» ռուսական մղձավանջը
Ռուսական լրատվամիջոցները Երևանի կենտրոնում անցած գիշեր և այսօր վաղ առավոտյան կատարված դեպքերը որակեցին որպես ուկրաինական «մայդանի» կրկնման փորձ: Պահանջատիրական ակցիայի հիմնական պատճառը` էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը վերանայելու պահանջը, համարվեց ընդամենը ակցիայի «ֆորմալ», այսինքն` ձևական առիթ: Ռուսական առաջին հեռուստաընկերությունն իր մեկնաբանության մեջ նույնիսկ նշեց, թե ընդդիմությունն այդ առիթն օգտագործել է հասարակական ընդվզում առաջացնելու համար` առանց նշելու, թե ընդդիմություն ասելով` ո՞ւմ կամ հայաստանյան ո՞ր ուժերին նկատի ունի:
Տեղեկատվական այս ուղղորդված հոսքը զուտ ապատեղեկատվության տարածում չէ, ոչ էլ՝ կատարվածի պարզունակ մեկնաբանություն: Ռուսական լրատվամիջոցները պարզապես կատարվածը մեկնաբանում են իրենց պետական կայսերական շահերի պրիզմայով: Իսկ այդ շահը պահանջում է, որ ռուսական ազդեցության գոտում գտնվող վասալային երկրներում իրենց կողմից լեգիտիմացված հասարակական-քաղաքական իրավիճակի, ստատուս քվոյի ցանկացած փոփոխության փորձ ներկայացվի որպես ուկրաինական սցենարի կրկնություն: Մնացած մանրուքները ռուսական շովինիզմին բացարձակապես չեն հետաքրքրում: Օրինակ` այնպիսի «մանրուք», որ ողջ քառօրյա ակցիայի ընթացքում որևէ հակառուսական հայտարարություն չհնչեց: Կամ`որ եթե անգամ Երևանում կատարվող իրադարձությունները ուկրաինական մայդանի կրկնությունն էին, դրա նախադրյալները ստեղծել էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի սեփականատերը հանդիսացող ռուսական ընկերության ապաշնորհ, անպատասխանատու մենեջմենթը, որը էլեկտրաէներգետիկ համակարգը կանգնեցրել է կրախի առջև և կորուստները սպառողների հաշվին վերականգնելու նախաձեռնության պատճառով սոցիալական բունտի տեղիք տվել: Ինչպես ուկրաինական «մայդանի» դեպքում, հիմա էլ ռուսական կողմը չի ցանկանում տեսնել կատարվող ցնցումներում սեփական պատասխանատվությունը, մեղքի սեփական բաժինը: Փոխարենը ցանկացած փոփոխության հայտ ընկալվում է որպես իր հետաքրքրությունների դեմ ուղղված աններելի ոտնձգություն: Այդ հետաքրքրությունը թելադրում է, որ եթե անգամ իր շահերի գոտում գտնվող երկրի բնակչությունը սովի և կեղեքման էլ ենթարկվի, իրավունք չունի իր վիճակի համար բողոքել սեփական իշխանությունից կամ իշխանության փոփոխության պահանջ դնել:
Սրա մեջ կա տրամաբանություն. եթե այդ իշխանության շարունակականության ապահովման երաշխավորը Ռուսաստանն է, ապա, կամա թե ակամա, ստացվում է, որ բողոքն էլ ուղղված է այդ իշխանության երաշխավորի դեմ: Համենայնդեպս Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում այդպես մոտենալու հարցին: Հետևաբար, ռուսական այսպիսի քարոզչության նպատակները շատ պարզ են:
- Արդարացնել հասարակական ընդվզման, բողոքի դրսևորման ցանկացած փորձ բնում խեղդելու՝ տեղական իշխանության ձեռնարկումները: Ուկրաինական «մայդանի»՝ Ռուսաստանի համար անցանկալի հետևանքների միակ պատասխանատուն Ռուսաստանը համարեց նախագահ Վիկտոր Յանուկովիչին` նրան մեղասդրելով սեփական ժողովրդի դեմ ուժ գործադրելու հարցում անհամարձակություն և անվճռականություն հանդես բերելու մեջ: Իբր` եթե ժամանակին Յանուկովիչը դիմեր «մայդանը» մաքրելու բիրտ ուժի, ապա այն չէր հանգեցնի հեղափոխության: Այս ֆոնին միանգամայն բացատրելի է դառնում, թե ինչու է Ռուսաստանը սոցիալական անհնազանդության այս չափավոր փորձի ներքո ինչ-որ մայդանային հալյուցինացիաների մեջ ընկնում` դրանով, փաստորեն, արդարացնելով ակցիան բռնությամբ տապալելու հայաստանյան իշխանության քայլը: Սերժ Սարգսյանը պարզապես չէր կարող թույլ տալ, որ իրեն ասոցացնեն Վիկտոր Յանուկովիչի հետ` այն պարզ պատճառով, որ դրան անխուսափելիորեն հաջորդելու էր Կրեմլի կողմից իրեն անվստահություն հայտնելը: Իսկ Կրեմլի անվստահությունը իշխանությունից զրկվելու ամենակարճ ճանապարհն է: Եվ ստացվում է, որ ցրելով Բաղրամյան փողոցում խաղաղ նստացույցը` հայաստանյան իշխանությունը պարզապես Կրեմլին ապացուցում էր իր կենսունակ լինելը և իրավիճակը վերահսկելու կարողությունը: Ռուսական ԶԼՄ-ների նմանատիպ մեկնաբանություններն այլ բան չեն, քան Հայաստանի իշխանությունների հանդեպ վստահությունը վերահաստատելու անուղղակի ցուցադրություն, ավելի կոշտ լինելու և անողոք լինելու խրախուսում:
- Ռուսաստանն, այսպիսով, ցույց է տալիս, որ Հայաստանն իր ազդեցության գոտուց հանելու Արևմուտքի փորձերը դատապարտված են` անկախ այն բանից, որ տվյալ դեպքում շարժման թիկունքում ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի ականջները տեսնելը նման է մութ սենյակում չեղած կատու որոնելուն: Որովհետև որքան էլ ակցիայում ներգրավված են քաղաքացիական ակտիվիստներ, երդվյալ անարախիստներ ու արևմտամետներ, այն որևէ քաղաքական, առավելևս աշխարհաքաղաքական ենթատեքստ կամ ուղղվածություն, առավելևս ֆիանսավորում կամ հովանավորում չունի` գոնե առայժմ: Եթե Արևմուտքի մասնակցությունը լիներ, ապա պարզորոշ տեսանելի կլինեին այն տեխնոլոգիաները, որոնք կիրառվում են այսպես կոչված թավշյա հեղափոխությունների, այդ թվում նաև «մայդանի» կազմակերպման և զարգացման վրա: Մինչդեռ «Ո՛չ թալանին» շարժման նախաձեռնողները, նստացույցը ղեկավարողները ռազմավարական ու տակտիկական այնպիսի կոպիտ, մանկական սխալներ թույլ տվեցին, որ ի սկզբանե արդեն կանխորոշում էին ակցիայի նման հանգուցալուծումը: Բայց դա, իհարկե, ռուսական շովինիզմին չէր կարող հետաքրքրել բացարձակապես: Ռուսական կողմի` կրակին ավելորդ յուղ լցնող նման մեկնաբանությունները կարող են բումերանգի էֆեկտ ունենալ: Այսինքն՝ դրդել շարժմանը հակառուսական քաղաքական աստառ հաղորդելուն, ինչն արդեն կարող է իսկապես հետաքրքրել Արևմուտքին:
- Ռուսական նման քարոզչության սլաքներն ինչ-որ առումով ուղղված էին նաև հայաստանյան իշխանություններին: Դրանց ենթատեքստն առավել քան հստակ է. ռուսական կապիտալով աշխատող կազմակերպությունների շահերը Հայաստանում պետք է գերադասվեն ամեն ինչից, նույնիսկ՝ Հայաստանի պետական շահերից, ինքնիշխանությունից ու արժանապատվությունից: Այսինքն՝ հայաստանյան իշխանությունների խնդիրը ոչ թե սեփական երկրի քաղաքացիների, սպառողների շահերի սպասարկումն է, այլ ՀԷՑ-ի, «Ինտեր-ՌԱՕ ԵԷՍ»-ի, անձամբ Եվգենի Բիբինի, որոնց կապրիզները պետք է բավարարվեն ցանկացած պարագայում: Եվ այդ իշխանությունների շարունակականությունը և վերարտադրումը երաշխավորելու փոխհատուցումը Ռուսաստանի ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական շահերի աներկբա սպասարկումն է:
Այս մոտեցումը ռուսական կողմը հասկանալի դարձրեց դեռ 2013-ի վերջին, երբ գազամատակարարման ոլորտում առաջացած պարտքի դիմաց Հայաստանին պարտադրեց կնքել մի այնպիսի խայտառակ, ստրկական պայմանագիր, որով ոչ միայն ողջ պետական համակարգն էր վերածվում «Գազպրոմի» և նրա դուստր կազմակերպությունը դարձող «Գազպրոմ Արմենիայի» սպասուհու, այլև սահմանափակվում էր գազաէներգետիկ ոլորտում սուվերեն որոշումներ կայացնելու Հայաստանի իրավունքը: Գազի, էլեկտրաէներգիայի ոլորտներում նման խաղի կանոններ հաստատելուց հետո հիմա էլ հերթը հասել է երկաթուղային հաղորդակցության ոլորտին: Չի բացառվում, որ Հայաստանը հիմա էլ հրաժարվի Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության գաղափարից, բացառապես այն պատճառով, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության (որին է հանձնված հայկական երկաթուղային ցանցի կառավարումը) նախագահ Վլադիմիր Յակունինը դա համարում է ոչ հեռանկարային (հասկանալ` ռուսական քաղաքական ու տնտեսական շահերին հակասող):
Ռուսաստանի նման քաղաքականությամբ է պայմանավորված, որ ՀԾԿՀ-ն ուղղակի չնկատելու տվեց թե՛ ՀԷՑ-ում միջազգային աուդիտ անցկացնելու և թե՛ ցանցերը ազգայնացնելու մասին իրատեսական առաջարկությունները: Առավելագույնը, ինչին ընդունակ է իշխանությունը, Բիբինի վրա մատ թափ տալն է, այն էլ` միայն հեռվից կամ թիկունքից:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել