«Ժառանգություն» կուսակցությունը սատարում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված քաղաքացիական շարժմանը
«Ժառանգությունը» կուսակցությունը սատարում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ուղղված քաղաքացիական շարժմանը: Այս մասին կուսակցությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել` նշելով, որ խստորեն դատապարտում է հունիսի 23-ի վաղ առավոտյան խաղաղ ցուցարարների եւ լրագրողների հանդեպ սանձազերծված բռնարարքներն ու հալածանքները, որոնց հետեւանքով բազմաթիվ քաղաքացիներ ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ.
«Ոստիկանության կողմից ապօրինաբար բերման ենթարկված շուրջ 240 հոգու մեջ կային նաեւ «Ժառանգության» ակտիվիստներ, որոնցից կուսակցության վարչության անդամ Ֆիլիպ Արզումանյանին քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծի էին ենթարկել Բաղրամյան պողոտայից հեռու՝ Ազատության հրապարակում: Իրավապահ մարմիններից պահանջում ենք անհապաղ հետաքննություն սկսել եւ արժանի պատիժ տալ անօրինությունների հեղինակներին ու սադրիչներին:
Հոսանքի թանկացման շուրջ Հայաստանում ստեղծված իրավիճակը եւս մեկ անգամ ցույց տվեց այսօրվա իշխանակարգի հանցավոր դեմքը: Բնակչությունն իր արդարացի վրդովմունքն է հայտնում ՀԷՑ-երի իրականացրած հերթական կողոպուտի ու բացահայտ աչքակապության առնչությամբ, որը պատշաճ ուշադրության փոխարեն արժանանում է բիրտ ուժի գործադրման:
Ստեղծված իրադրությունում «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» կուսակցությունն արձանագրում է.
- Էլեկտրաէներգիայի թանկացման հայտը եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից իրականացվող անարդյունավետ կառավարումն արտացոլում են ՀՀ-ում գործող «բնական մենաշնորհների» ճշմարտացի պատկերը: Վերջինս, ինչպես նաեւ ռուսական կառավարման տրված մյուս ընկերությունները՝ «Գազպրոմ Արմենիան» եւ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ը, դարձել են նոր սեփականատերերի, վայ-կառավարիչների ու հայ պաշտոնյաների համատեղ թալանի աղբյուր, որի համար հատուցում է թշվառության հասցված ժողովուրդը:
- ՀԷՑ-երի վիճակը միաժամանակ երկրի կառավարման ողջ համակարգի պարզ արտացոլանքն է. հարաճուն վարկերը (պարտքերը), իշխանությունների ցոփ ու շվայտ կյանքը, ուռճացված ծախսերը մի օր վերջնականապես ջլատելու են անկախ պետականության հիմքերը:
«Ժառանգությունը» շարունակելու է ակտիվորեն աջակցել քաղաքացիների արդար բողոքի հրապարակային գործողություններին՝ համարելով, որ էլեկտրաէներգիայի չհիմնավորված թանկացումը, որը հասարակության առջեւ ծառացած ներքին լրջագույն մարտահրավերներից մեկն է, պետք է անհապաղ հանգուցալուծվի, այլապես կարող է շղթայական ռեկացիայով իր հետեւից բերել սոցիալական աղետի հանգեցնող մի շարք այլ թանկացումներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել