HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեբեդը ալավերդցիների համար հոսող աղբատար է

Ալավերդիում գետամերձ թաղամասերի բնակիչներն ու  հիմնարկներն իրենց  կենցաղային աղբը թափում են Դեբեդ գետը: Տարին մեկ անգամ, գարնանային վարարումներից  հորդացած գետը  քշում, տանում  է իր ափերի  աղբը, սակայն  գետափերը բնակիչների համար շարունակում են ծառայել որպես աղբավայր: Քաղաքից կենցաղային աղբը  աղբավայր են տեղափոխում 2 աղբատար ավտոմեքենաներ: Շաբաթ  օրերին  Ալավերդիում  աղբահանություն չի կատարվում:

«Երկուշաբթի այստեղ աղբարկղներից աղբավայր է տեղափոխվում 5 աղբատար ավտոմեքենա աղբ, մնացած օրերին` 4 –ական  մեքենա»,- ասում է «Ալավերդու կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Համլետ Միրզոյանը: Քաղաքապետարանը  Արտավազդ  Վարոսյանը  2014թ.-ին Ալավերդու աղբահանության համար համայնքի բյուջեից հատկացրել ու ծախսել է 57,2մլն, դրամ, որից  12մլն. 711 հազարը վճարվել  է  աղբատար  ավտոմեքենաների  վառելքի ձեռք բերման համար,  35 ,6 մլն. դրամը  վճարվել  է «Ալավերդու կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի աշխատողների աշխատավարձ. «Մնացած 8.8 մլն. դրամից  վճարվել է հարկ , էլեկտրաէներգիայի վճարներ և այլն»,- ասաց   քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը:

Թե «ևայլնի» տակ էլի ինչ ծախսեր են կատարվել, քաղաքապետը չշարունակեց:

Գետի  ափերին կուտակված հսկայական աղբի  աղբավայր տեղափոխելու համար նախատեսված գումարները համայնքի բյուջեում տարեվերջին  որպես չկատարված ծախսեր ցույց չեն տրվում:

Նույն սկզբունքներով  քաղաքապետարանը  համայնքի բյուջեից 2015թ.-ի Ալավերդու աղբահանության համար հատկացրել է 58 մլն. դրամ:

Արտավազդ Վարոսյանի  ասելով անկախ նրանից աղբարկղներում աղբ կա, թե չկա ` աղբի ավտոմեքենաները  իրենց  նախատեսված երթուղին կատարում են, այդ պատճառով էլ նախատեսված գումարը ամբողջությամբ ծախսված  է ներկայացվում:

Համլետ Միրզոյանն էլ պնդում  է, որ Դեբեդի ափերի  աղբահանությունը իր պարտականությունների մեջ չի մտնում. «Քաղաքի փողոցները մաքրելու համար մենք ունենք ընդամենը 20 բանվորներ: Նրանցից 18-ը  մտավոր հետամնաց կանայք են, ես ինչպես կարող եմ ամեն օր թոկով նրանց հենապատերից իջեցնել գետի ափ`աղբը  հավաքելու համար: Ուրիշ հարց է, եթե հսկիչների 2 հաստիքներ տրվեն մեզ` գետի սանիտարական վիճակը ամեն օր հսկելու համար»,-բացատրեց  նա:

Հսկիչների հաստիքներ տրամադրելու  ՀՈԱԿ-ի  տնօրենի պահանջը մերժվել է քաղաքապետի կողմից: Փիրուզյան թաղամասից  մինչև  Սանահին կայարանային թաղամաս գետի ափերի ամբողջ  երկայնքով  սփռված աղբը  Ալավերդի  այցելող օտարերկրացիների  աչքից չի վրիպում:

«Ես  ողջունում եմ, որ դուք պայքար եք տանում, իսկապես ուզում եք կրճատել պղնձաձուլական  գործարանի արտանետումները  և նոր պոչամբարների կառուցումը: Դա շատ լավ է, բայց դուք դրան երբեք չեք  հասնի, եթե  առօրիայում չեք կարողանում Ձեր բնակչությանը սովորեցնել կենցաղային աղբը չլցնեն գետը: Ես աշխարհում ոչ մի տեղ նման  աղտոտված գետ չեմ տեսել: Եթե դուք գնաք բողոքեք պղնձաձուլական  գործարանի տնօրենին իր գործարանի վտանգավոր արտանետումների  համար , ինքը մատնացույց է անելու գետի ափերին թափված կենցաղային աղբը»,- ասում է Ֆրանսիայի Պրովանս  ռեգիոնի փորձագետ Ժան Ֆրանսուա Նոբլենը:

Ձախից` Դանիել Գերասիմենկո և Ժան Ֆրանսուա Նոբլեն

Բնագետ, «Պահպանվող բնապահպանական տարածքներ» ծրագրի համակարգող  Դանիել Գերասիմենկոի կարծիքով Ալավերդիում բնակիչների կողմից  աղբը քաղաքի փողոցներում  և գետի ափերին չթափելու աշխատանքը պետք է սկսել  դպրոցներից` երեխաների դաստիարակությամբ: « Գետն են թափվում  Վանաձոր- Ախթալա հատվածի Դեբեդի ավազանի բոլոր համայնքերի  կոյուղաջրերը:Դա իհարկե, Ալավերդի մտնող զբոսաշրջիկների համար առաջին հայացքից տեսանելի չէ:Առաջինը աչքի է զարնում  Դեբեդի ափերին սփռված կենցաղային աղբը»,- ասաց Ալավերդու  Օրհուս կենտրոնի համակարգող Անուշ Էվոյանը:

Ալավերդին այսօր չունի լողավազան: Քաղաքի  երեխաների համար   ամառվա շոգին  զովանալու միակ փրկությունը գետն է: «Սանիտարական ծանր վիճակի,այդ թվում  գետի ափերին կուտակված աղբի  պատճառով  տարածաշրջանի բժիշկները անթույլատրելի են համարում Դեբեդում լողանալը: Դա կարող է առաջացնել մաշկային ծանր հիվանդություններ»,- զգուշացրեց Ա. Էվոյանը: Կենցաղային աղբը Դեբեդ   լցնելու գործում  Ալավերդիում 1-ին հորիզոնականը  զբաղեցնում են  Սանահին կայարանային թաղամասի թիվ   1,2,3 շենքերի  3-5-րդ  հարկերի բնակարաններում ապրող բնակիչները: Նրանք  աղբը դեպի գետն  են շպրտում հենց իրենց պատշգամբներից:

«Նկատում եմ, ոնց չեմ նկատում ,որ մեր շենքերի բնակիչները աղբը գետն են լցնում: Աղբը գետը լցնողներին  էլ դիտողություն ենք անում,բայց չեն լսում»,- ասում է Սանահին կայարանային թաղամասի թիվ 2 շենքի բնակիչ Ռոբերտ Ճուղուրյանը:  Էնգելս թաղամասի  բնակիչները իրենց  աղբը գետն են թափում  թաղամասի  կամրջից և գետին  հարող հենապատերից: Գետափնյա իր  վարչական տարածքում  աղբ է կուտակում  նաև Էնգելս թաղամասում գտնվող  ոչ ալկոհոլային  խմիչքների գործարանը:  Կախոյան թաղամասի գետամերձ  2 շենքերի բնակիչները  և  Ալավերդու Թումանյան  փողոցի վրա  տեղակայաված «Կատա» սուպերմարկետը, Ալավերդու 3 հարկանի հանրախանութի, շրջկոոպի նախկին շենքերում գտնվող խանութները  և  ճանապարհին  հարող մյուս  հիմնարկները  իրենց աղբը կուտակում են  հանրախանութին հարող  Դեբեդի ափը: Կախոյան  փողոցի գետամերձ շենքերի բնակիչների և «Ակբա -Կրեդիտ Ագրիկոլ» բանկի  կենցաղային աղբը Դեբեդն  են լցում բանկի դիմացի գետի հարող հենապատից:  Իրենց շինարարական և կենցաղային աղբը  Դեբեդի ափերին կուտակում են նաև Փիրուզյան թաղամասի բնակիչները: «Հետքը» պարբերաբար  ահազանգել է  Դեբեդի ափերի աղբակույտերի վտանգների մասին, սակայն  Ալավերդու քաղաքապետարանը չի  արձագանքել  ահազանգերին:

«Դեբեդի ափին հանգստանալու ոչ մի տեղ չկա,  գետամերձ   մաքուր  և կանաչ տարածք հնարավոր չէ գտնել,գետի  ափերը ծածկված  են աղբով,որը աչքի համար շատ տհաճ է»,- ասում է Ալավերդու պետական  քոլեջի մանկավարժ  Արմինե Ալիխանյանը:  Ձկնորս  Վրեժի խոսքերով  Դեբեդում բեղլու, կողակ, կարմրախայտ կա: « Դե,  աղբ  էլ կա, ոնց չկա, գետի մաքրությունը էնպես  չի, որ մաքուր անվանենք,  բայց դե ձուկ է `բռնում ենք, ուտում:  Շատ ցանկալի  կլինի, որ գետը մաքուր լինի, քանի որ  երեխեք են, գալիս են անհասկանալ,  գետն են թափվում ,լողանում »,- ասում է  ձկնորսը : 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter