Արդեն երրորդ օրն է Վանաձորում անցկացվում են բողոքի ակցիաներ՝ ընդդեմ էլեկտաէներգիայի սակագնի բարձրացման: Այսօր լոռեցիները ոչ միայն անցան նստացույցի, այլեւ օրվա ընթացքում մի քանի անգամ քաղաքի տարբեր հատվածներում իրականացրեցին ավտոերթ. «Մենք, որպես մտահոգ քաղաքացի, որոշեցինք աջակցենք Երեւանում նստացույց իրականացնողներին: Այս անգամ շատ լուրջ ենք տրամադրված եւ որոշել ենք հետ չգնալ, մինչեւ որոշումը չեղյալ համարեն»,-ասում է ակցիայի մասնակից Գոռ Աղաջանյանը:
Կառավարության հունիսի 19-ի որոշումը չեղարկելու համար կազմակերպված երթին ու նստացույցին միացել է նաեւ Լուսինե Մարկոսյանը: «Պետք է հասկանանք, որ մենք ենք այս երկրի տերը: Եւ ոչ թե կառավարությունը պետք է մեր փոխարեն ինչ որ բան որոշի, իսկ մենք հլու-հնազանդ կատարենք, այլ մենք պետք է ինքներս որոշենք բոլոր փոփոխությունները, եւ տեր կանգնենք մեր երկրին: Բացի սա նաեւ կառավարությունը պետք է փոխվի»,- ասում է Լուսինեն:
Ակցիայի մասնակից, պատմաբան Արշալույս Զուրաբյանը համոզված է, որ հաղթանակ անպայման լինելու է, քանի որ հենց այդ հաղթանակի համար է այսօրվա պայքարը: « Ես 45 տարեկան եմ, բայց երբ որ տեսնում եմ էս երիտասարդ ու խելացի հայացքները, էներգետիկան, հասկանում եմ, որ սա է իմ պետությունը, իմ ազգային ժողովը: Այս ակցիաները շատ կարեւոր են: Այստեղ կա ազատության շունչ: Թվում է թե հեշտ բանա ա ազատությունը: Ում հարցնում ես, ասում են ազատ եմ, բայց դա էդպես չէ»,- ասում է պատմաբանը:
25-ամյա Աննա Զաքարյանն ակցիային մասնակցում է առաջին իսկ օրվանից: Ասում է հստակ գիտի թե ինչ է ուզում եւ հավելում, որ այսօր իսկապես կա այնպիսի հասարակություն, որը կարողանում է իր ձայնը տեղ հասցնել.. «Ես պահանջ ունեմ ղեկավարությունից, եւ որպես քաղաքացի դրա իրավունքն ունեմ: Իսկ, որպեսզի նման խնդիրների առջեւ չկանգնենք, պետք է ղեկավարությունը հաշվի առնի իր ժողովրդին եւ իր գործողությունները ուղղված լինեն ժողովրդի վիճակը բարելովելուն, եւ ոչ թե անօրինականություններին»:
Տաթեւիկ Ղազարյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել