«Աշխարհքը ամեն հայերը փրկել են արհեստին մեջ, Հայաստան ինչի՞ չեն աշխատիր»
Գայանե Սարգսյան
«Ազգական ունեինք Վանաձոր, մեզի հեռաձայն ասում էր՝ եկուր, եկուր: Վերջապես 8 ամիս առաջ եկանք: Քիչ մը փող ունեինք. 2.000 դոլար էինք բերել: Անոթի էին ամենը, 7 հոգի էին, չէին աշխատում: Ամեն օր ուտում էին, նստում էին:
Երկու ամիս հետո վերջացավ փողը: Ըսավ՝ փող տուր, ըսի՝ վերջացավ, ըսավ՝ փող չպիտի տաս՝ գնա…»,- իր Հայաստան գալու ոդիսականն է սկսում 74-ամյա Բենիամին Դանիելյանը:
Բարեկամի տնից դուրս հրավիրվելուց հետո վանաձորցի մի կնոջ միջնորդությամբ Բենիամինը Վանաձորի համար անհավատալի բարձր գնով մի բնակարան է վարձակալում քաղաքի ոչ կենտրոնական հատվածում:
«Ատ տունին վարձը 300 դոլար էր: Գող մը գտել էր»,- ասում է նա:
Որոշ ժամանակ անց, պատահականորեն իմանալով, որ տան վարձը չի համապատասխանում վանաձորյան գներին, Բենիամինը որոշում է փոխել բնակարանը: Կրկին միջնորդությամբ նա այս անգամ հաջողեցնում է բնակարան վարձել 40.000 դրամով, ինչը քաղաքի տվյալ թաղամասի համար կրկին թանկ կարող է համարվել: Բենիամինը, սակայն, առայժմ գոհ է. նախկինի համեմատ կարող է ամսական 200 դոլար խնայել:
Բենիամինին ու կնոջը՝ Շարիֆոյին, ժամանակ առ ժամանակ ֆինանսապես օգնել է ԱՄՆ-ում բնակվող որդին: Գումարների վատնման հաջորդ փորձը Բենիամինը ձեռք է բերում ԱՄՆ-ի դեսպանատուն դիմելու ժամանակ:
«Ամերիկայի վիզայի համար 400 դոլար տվինք: Քանի ամիս վերջը գացինք վիզային համար, ըսին՝ ուր կերթաք, ըսինք՝ բա ո՞ւր երթանք, մեր տղուն մոտ կուզենք գնալ, ասին՝ վիզա չկա: է, չկա՝ ինչո՞ւ առիք 400 դոլարը»,- զարմանում է նա:
ԱՄՆ մեկնելու հույսը կորցրած՝ վերադառնում է Վանաձոր, որտեղ նրան նորանոր ծախսեր են սպասում ինչպես քաղաքի, այնպես էլ Երևանի անձնագրային բաժիններում:
«Սիրիային պասպորտ ունենք: Հոս ինձմեն առին 30.000 պասպորտին տեղը ու Երևան ղրկեցին: Հոն ալ առին»,- պատմում է զրուցակիցս:
Այս ու նմանատիպ այլ դրվագները պատճառ են դարձել, որ Դանիելյան ամուսինները հիասթափվեն ամեն ինչից ու ամենքից:
«Ըսիգ հայրենի՞ք է: Մեզի արաբները տուն տվին 100 տարի առաջ, հաց տվին, ջուր տվին, 8 ամիս է, մի հատ հաց տվող չեղավ, հարցնող չեղավ: Ըսիգ հայրենի՞ք է:
Մեկն ինկավ մը, վերջ, հարցնող չկա: Ասանկ հայրենի՞ք կլլա»,- զարմանում է սիրիահայը:
Բենիամինն ասում է, որ Վանաձորում բնակվելու 8 ամիսների ընթացքում իրեն հանդիպող մարդիկ միայն գումար են խնդրել, ինքն էլ, չնայած կնոջ դեմ լինելուն, օգնել է դիմողներին:
«Տուր, տուր, տուր, մեկը կըսե՝ հիվանդ է, մեկը՝ չոճուխները հաց չունեն, անոթի են, ամենուն կուտամ: Ասիկ կռվում էր հետս, (հեղ.՝ ի նկատի ունի կնոջը) կըսեր՝ մի տար, մի տար, դուն վաղը ինկնաս, մեկը ջուր չի տա: Կըսեի՝ թող չիտան: Հիմա ընկանք, դեռ կգողնան մեզնից: Ութ ամսվա մեջ մեկ հատ Մարդու չհանդիպանք,- ասում է նա ու հավելում,- ասիկա աստծումեն հիվանդություն է: Խղճմտանքս չի ներե, մեկ հատ աղքատ տեսնամ հաց չունի, դրամ կուտամ»:
Այս ամենը պատճառ են դարձել, որ Բենիամինը դառնա զգուշավոր ու հնարավորինս քիչ շփվի մարդկանց հետ: Հիմա նա նախընտրում է մենակ շրջել Վանաձորի զբոսայգիներում ու տարբեր բույսեր ու ծաղիկներ հավաքել: Հետո դրանք հայտնվում են հյուրասենյակում՝ շշերի մեջ: «Կերթամ, մարդ չեմ ուզեր տեսնամ, կառնեմ գլուխս կերթամ: Ասոնց հետ ընկեր եմ»,- ցույց է տալիս սեղանին դրված բույսերը:
Վերն ասվածից վանաձորցու խոցված ինքնասիրությունս ինչ-որ կերպ սփոփելու համար փորձում եմ համոզել կյանքն ապրած այս մարդուն, որ մեր բնությունն, իրո՛ք, հրաշալի է ու շատ ուրախ եմ, որ սիրում է Վանաձորի բնաշխարհը:
«Ի՞նչը սիրենք, անոթի մարդ բնությունը կհասկանա՞: Մեկենը հաց պիտի տեսնա, որ սիրե: Անոթին ինչպե՞ս պիտ սիրե», -խոսքս կտրում է Բենիամինը:
Ասում է, որ Վանաձորում տարբեր տեղեր է դիմել աջակցության խնդրանքով: Քանի որ հայերենին լավ չի տիրապետում, դժվարանում է հստակ նշել, թե հատկապես որ մարմիններին է դիմել: Մի բան վստահեցնում է. մինչ օրս ոչ ոք չի օգնել:
«Քանի մը հոգի ինձի ըսին՝ դիմե, դիմե, դիմեցինք: Ում կդիմենք, կըսեն՝ դուն գնա, մենք հեռաձայն կընենք քեզի: Ոչ ձայնող կա, ոչ հարցնող կա»:
Վանաձորի բոլոր անկյուններում շրջելուց հետո Բենիամինը եկել է հետևյալ եզրակացության. «20-30 մարդ կա, որ հոս աղվոր կապրին: Ես տուները տեսնում եմ իրենց, մաշինները տեսնում եմ, մյուս աղքատները ուտելիք ալ չունին: Ադոնք բենզինը կքոքեն, կերթան, կադիլակ քշում են, աղքատը հաց չունի: Ամեն տեղ կան աղքատներ, բայց այսքան չէ»:
Նա բարձրաձայն մտորում է ու չի կարողանում հասկանալ, թե հայաստանցիներն ինչո՞ւ չեն աշխատում, ինչո՞ւ աշխատանք չկա:
«Հայերն արհեստավոր են, ամեն մեկը ուժով է, ինչո՞ւ գործ չկա: Աշխարհքը ամեն հայերը փրկել են արհեստին մեջ, Հայաստան ինչի՞ չեն աշխատիր»:
Բենիամինի հարցին պատասխան չունեմ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել